Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կդառնա ԱԺ նախագահ

Մայիս 18,2006 00:00

Ո՞վ կդառնա ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի այլընտրանքը նաեւ Արշակ Սադոյա՞նն է Խորհրդարանական ուժերը պայմանավորվածությունների արդյունքում արդեն բաժանել են ՕԵԿ-ից ազատված պաշտոնները եւ սպասում են մայիսի 22-ին, երբ առայժմ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը կհրապարակի իր պաշտոնական հրաժարականը: Մի բան հաստատ է. «Հանրապետականը» ոչ միայն պահպանում է վարչապետի պաշտոնը, այլեւ իր վրա է վերցնում օրենսդիր մարմնի պատասխանատվությունը: Ըստ հավաստի աղբյուրների, ԱԺ նախագահ է ընտրվելու ՀՀԿ եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Սակայն ԱԺ միջանցքներում կանխատեսում են, որ Տիգրան Թորոսյանի թեկնածությունը հեշտ չի անցնելու, քանի որ նույն «Հանրապետականի» մեջ կան մարդիկ, ովքեր, մեղմ ասած, չեն ուզում «ընտրել» նրան: Եթե հաշվի առնենք, որ այս ընտրությանը կարող են ազատ քվեարկելու մասին որոշում ընդունել «Ժողպատգամավորը» եւ ՄԱԿ-ը, իսկ ընդդիմադիր խմբակցություններն արդեն հայտարարել են, որ քվեարկությանը չեն մասնակցելու, ապա իսկապես դժվար վիճակ է ստեղծվում ԱԺ նախագահի ընտրությունների հետ կապված: Ոմանք էլ մտածում են, որ բոլորովին պարտադիր չէ, որ Տիգրան Թորոսյանը ընտրվի, նա կարող է մնացած ժամկետը աշխատել որպես ԱԺ նախագահի պաշտոնակատար: Իշխանության վերաձեւման բոլոր մանրամասները դեռ պարզ չեն, բայց հարցը Տիգրան Թորոսյանով չի սահմանափակվում: Ըստ որոշ լուրերի՝ ԱԺ նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունը կառաջարկեն նաեւ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը եւ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը: Արտաշես Գեղամյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հերքեց այդ լուրերը եւ ասաց, որ իր գլխավորած խմբակցությունը չի մասնակցելու ընտրություններին, այսինքն՝ չի քվեարկելու, սակայն կլինեն ելույթներ, եւ կուսակցությունը կհնչեցնի իր տեսակետը: Իսկ իր՝ ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվելու հավանականության մասին հարցին ի պատասխան ասաց, որ ինքը մտադիր չէ քաղաքական կամիկաձե դառնալ: «Որեւէ պաշտոն ինքնանպատակ լինել չի կարող։ Եթե «Ազգային միաբանությունը» հավակնում էր ԱԺ-ում ունենալ այն քանակով տեղեր, որի հիման վրա հնարավորություն կունենար թեկուզեւ դաշինքների միջոցով կազմել կառավարություն եւ ԱԺ ղեկավարություն, նպատակը մեկն էր՝ կարողանալ կյանքի կոչել մեր կուսակցության ծրագրային հիմնադրույթները»,- նշեց «ԱՄ» նախագահը։ Իսկ այս իրավիճակում «ԱՄ»-ն մտադիր չէ առաջադրվել: Ըստ պարոն Գեղամյանի, երկրի առաջընթացին այսօր խանգարում է սուբյեկտիվ գործոնը. «Քանի դեռ համակարգային փոփոխության խնդիր չի դրված, կնշանակի՝ սուբյեկտիվ գործոնն է գերիշխում, այն է՝ իշխանությունները: Ի սկզբանե մենք գիտեինք՝ Հայաստանի չարիքն այսօր ոչ թե Սահմանադրության անկատարությունն է կամ օրենքների ոչ լիակատար լինելը, այլ՝ այն մարդիկ, ովքեր ի պաշտոնե կոչված են այդ դրույթները կյանքի կոչել: Քաղաքական դաշտի վերլուծությունից հանգում ենք մի համոզման՝ գոյություն ունի մի զույգ՝ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, եւ գոյություն ունեն այդ զույգի անօրինականություններին քաղաքականության շղարշ հաղորդողներ, որոնք կազմում են կոալիցիան»: ԱԺ պատգամավոր, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց իր մտադրությունը՝ առաջադրվել ԱԺ նախագահի թեկնածու: Պրն Սադոյանը վստահ է, որ ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է այլընտրանքը. «Այդ առիթով խոսակցություն եղավ, եւ ես ասացի, որ եթե արդարություն են ուզում եւ ոչ թե դակիչ խորհրդարան, ապա ես պատրաստ եմ դրան աջակցել: Եվ իրենք էլ ասացին՝ դե որ այդպես է՝ քեզ էլ առաջադրենք: Ասացի՝ առաջադրեք»: Մեր հարցին՝ իսկ ովքեր են լինելու առաջադրողները, պրն Սադոյանը պատասխանեց. «Դեռ պարզ չի»: Նաեւ հավելեց. «Չեմ կարծում, որ նկարովի պառլամենտն այդպիսի համարձակություն կունենա եւ ինձ կառաջադրի»: Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել