Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ ԽՈՍՈՒՄ ԷՐ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 30,2006 00:00

Այն ուժը, որի պատճառով կործանվել է Հայաստանի առաջին հանրապետությունը

Իբրեւ հայ՝ իրավացիորեն ջղայնանում եմ, երբ թուրքական հեռուստաալիքներով դիտում եմ որեւէ հաղորդում, ուր մշտապես այս կամ այն թուրքը հայտարարում է, որ իրենք անմեղ գառ են, ու հայերի հանդեպ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել: Բայց արի ու տես, որ Մայիսի 28-ին ամբողջ օրը հայրենի հեռուստացույցի գրեթե բոլոր ալիքներով խոսում էին անոնք, որոնց պատճառով ժողովուրդս Արեւմտյան Հայաստան, Կիլիկիա եւ 1918-20 թվերին հիմնադրված Հայաստանի առաջին հանրապետություն էր կորցրել: Եվ Դաշնակցության անունից խոսողներից մի քանիսն էլ առանց անհարմար զգալու հայտարարում էին իրենց պատմաբան լինելու մասին: Հենց այդպիսի պատեհապաշտներն էլ հեռուստաեթերից առանց դույզն-իսկ ամաչելու Սարդարապատ էին գովերգում:

Սարդարապատ, որ բանաստեղծը իրավամբ գրել է. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Կենսագրությամբ լինելով այդ հայ խենթերից մեկը՝ ազգիս տխուր ճակատագրին վերաբերող էական հարցերի շուրջ հեռուստաեթերից օգտվելու եւ արտահայտվելու հնարավորություն չունեցողների ահռելի մեծ բանակին ապուշի տեղ դնողների առթիվ ուզում եմ հայտնել իմ մտահոգությունները: Վերջին 115 տարիների ընթացքում, ծառայելով մշտապես այլազգիների շահերին, ազգիս գլխին հազար ու մեկ փորձանք բերածներդ անընդհատ այսպես ստելն ու կեղծելը ձեր եղբայրացած դաշնակից երիտթուրք «ընկերների՞ց» եք սովորել, թե՞ նրանք են ձեզանից սովորել: Այդ ինչպե՞ս է լինում, որ, չգիտենք՝ ում պատվերով եւ ինչ պատճառով էլ լինի, երբ հայոց երկնակամարում հայտնվում եք, մեր ազգի գլխին միշտ մի փորձանք է գալիս:

Էլ ի՞նչ եք ուզում մեր ազգից, ում գլխին, կարծես թե, հնարավոր եւ անհնար, ընդհուպ՝ ցեղասպանություն, բոլոր փորձանքները հասցրել եք բերել արդեն: Ձեր պատճառով Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիայից վաղուց զրկված, անհայրենիք պանդուխտ, թշվառ ու անտեր դարձել ենք արդեն: Ձեր գոյություն ունեցած սփյուռքյան բոլոր գաղթօջախներում ձեր կուսակցության անմիջական աշխատանքների շնորհիվ ազգովին ցմահ պառակտված ենք արդեն: Ձեր պատճառով դավանանքային ոչ մեկ խնդիր չունեցող հայության քրիստոնյա մի հատվածին, հայրենի Վաղարշապատ քաղաքի դարավոր Էջմիածնի տեղ, օտար երկրի Անթիլիասին պաշտել ստիպելն եք հաջողացրել: Հաջողացրել եք նաեւ ձեզ համար սրբություն համարվող փողն ու ձեր սիրասուն զավակներին Ամերիկա եւ Կանադաներում մշտական բնակության նպատակով մի լավ տեղավորել արդեն:

Դե ինչ, ձեզ համար Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիայից ինչքան հեռու՝ այդքան լավ չէ՞ր, որ եկել եք հիմա էլ այստեղ, որպեսզի զոռով-շառով Հայաստանի այս մի կտորն էլ «երեք ճակատ ու մեկ սահման» ունեցող երկրի վերածեք անպայման: Թե ձեզ նոր ճակատներ շատ են անհրաժեշտ, անկոչ հյուրի կարգավիճակով համեցեք մեր հայրենի Ջավախք. այն շուտափույթ հայաթափ անելու համար դուք մեր վատը ցանկացողներին շատ ու շատ եք անհրաժեշտ:

Ի վերջո, հայ մարդու համար ի՞նչ տարբերություն «1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության» առթիվ Դաշնակցության ասածների եւ «1915 թ. ցեղասպանություն չի եղել» ասող թուրքերի միջեւ: Սուտն ու կեղծիքը ամենուր էլ սուտ է ու կեղծիք: Ձեզ մնում է միայն, հային իր բնօրրանում մուրացկան դարձնել փորձող ձեր սիրելի Ռուսաստանի «Գույք՝ պարտքի դիմաց»-ի ազգակործան օրինակը վերարտադրելով, Արցախում՝ մի ինչ-որ «Տարածքներ… դիմաց» դավադիր գործարքն էլ իրականացնելուց հետո, նորից՝ «հայդե, Փարիզ», չէ՞:

Բավ է: Հեռու, շատ հեռուներում եթե ձեր ստերին հավատացող միամիտներ դեռ գտնում եք, բավարարվեք նրանցով:

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել