Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

Հունիս 03,2006 00:00

Օրերս
լույս է տեսել «Հայերի ցեղասպանության շարունակությունը» գիրքը, որի շնորհանդեսը
երեկ կայացավ Ժուռնալիստների միությունում: Այն հրատարակել է «Զինվորի մայր»
բարեգործական հ/կ-ն: Գրքում տեղ են գտել ռուս խոհրդային սպաների հիշողությունները
1988-1992 թթ. Բաքվի եւ Սումգայիթի ողբերգական իրադարձությունների մասին: Գրքի հրատարակիչները
փաստեցին, որ վերնագիրը պատահական չեն ընտրել, քանզի ակնհայտ է, որ 1915 թվականից
հետո էլ չի դադարել հայերի ցեղասպանության գործընթացը: Ժուռնալիստների միության
նախագահ Աստղիկ Գեւորգյանը նշեց, որ հայերս վաղուց պետք է հավաքվեինք եւ տարածեինք
օտարազգի ականատեսների կարծիքները այս ողբերգությունների մասին: Նա հիշեցրեց, որ
դեռ 1988-ին ադրբեջանցիները տրցակներով բուկլետներ էին բաժանում մոսկովյան կազմակերություններին,
որտեղ նշում էին իրենց տեսակետը ողբերգությունների մասին. «Իմ ռուսաստանյան գործընկերները
ինձ նախատում էին, թե ինչո՞ւ հայերը չեն ներկայացնում ոճրագործության մասին իրենց
հակափաստարկները: Փաստորեն, դեռ այն ժամանակ արդեն սկսվել էր տեղեկատվական պատերազմը»:
«Զինվորի մայր» հ/կ-ի նախագահ Գրետա Միրզոյանը նշեց. «Մենք միշտ դատարկաձեռն ենք
գնում միջազգային միջոցառումներին, չունեինք փաստագրական նյութեր: Իսկ հիմա, գրքի
տպագրումից անմիջապես հետո մեզ են դիմել մարդիկ, որոնք իրենց ձեռքի տակ ունեն նմանատիպ
նյութեր եւ տարիներ շարունակ սպասել են, թե որ կազմակերպությունը կամ անհատը կտպագրի
դրանք»: Գ. Միրզոյանը նշեց, որ առաջիկայում կնկարահանվի նաեւ բազմասերիանոց
մի ֆիլմ, որտեղ փախստականները կխոսեն իրենց տեղահանումների մասին: «Հայերի ցեղասպանության
շարունակությունը» արդեն տարածվել է ՌԴ-ում եւ մի քանի օրինակ էլ ուղարկվել է Բաքու,
Գյանջա: Գ. Միրզոյանը նշեց, որ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի
հետ բազմիցս քննարկել են սումգայիթյան ոճրագործության հարցով Միջազգային դատարան
դիմելու խնդիրը: Լ. Ալավերդյանը փաստեց, որ իր ունեցած հավաստի տեղեկություններով,
Ադրբեջանն արդեն նյութեր է պատրաստում եւ շտապում է առաջիկայում միջազգային դատարանում
հայերին մեղադրել ցեղասպանության իրագործման մեջ: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930