Լրահոս
Օրվա լրահոսը

Ելքն ինքնապաշտպանական խմբեր ստեղծե՞լն է

Հունիս 06,2006 00:00

Ռուսաստանում
բնակվող մեր հայրենակիցները կարծում են, թե դրանից բացի՝ չունեն այլընտրանք: Հունիսի
4-ի երեկոյան Մոսկվայի Լյուբերեցկի շրջանի Սպիտակ առանձնատան շրջանում 50 ստահակներ
հարձակվել են Մոսկվայի սոցիալական գիտությունների ինստիտուտի ռեկտոր Էռնեստ Գրիգորյանի
ընտանիքի վրա: Ինչպես հաղորդել են panarmenian.net-ին Ռուսաստանի հայերի միության
տեղեկատվական ծառայությունում՝ տղամարդիկ ծեծի են ենթարկվել եւ կորցրել են գիտակցությունը,
կանայք ուղեղի ցնցումով տեղափոխվել են հիվանդանոց: Մինչդեռ ոստիկանությունը ձերբակալել
է տուժածներին՝ հայտարարելով, թե հենց իրե՛նք են հրահրել ծեծկռտուքը: Իրավիճակը պարզաբանվել
է, երբ ոստիկանության բաժանմունքում հայերը տեսել են մի ոստիկանի, ի դեմս որի նրանք
ճանաչել են վարորդին, որին 1 ժամ առաջ չեն կարողացել ճանապարհ զիջել խցանման պատճառով:
… Երբ մայիսի 25-ին Մոսկվայի մերձքաղաքային էլեկտրագնացքում ռուսաստանցի
սափրագլուխների հերթական զոհը դարձավ 19-ամյա Արթուր Սարդարյանը, «Առավոտը» Մոսկվայում
բնակվող մի երիտասարդից՝ Վահագնից (ազգանունը չենք հրապարակում) նամակ ստացավ, որում,
մեղմ ասած, տարակույսներ էին արտահայտված, թե ինչու է ՌԴ-ում մեր դեսպանատունը հերթական
հայ երիտասարդի սպանությունից հետո միայն վերհիշում «հայ-ռուսական դարավոր եղբայրության
մասին», ինչու գոնե հայտարարություն չի անում Հայաստանի ԱԳՆ-ն: «Ապրիլի 22-ին Մոսկվայի
մետրոյում Վիգեն Աբրահամյանցի սպանությունից հետո որոշել էինք ինքնապաշտպանության
մոբիլ խմբեր ստեղծենք, ուղղակի Արա Աբրահամյանը խնդրեց, որ այդ քայլին չդիմենք: Սակայն
հիմա պարզ է՝ այլընտրանք չկա,- գրում է Վահագնը:- Ուրեմն հայտարարում ենք՝ զինվելու
ենք ու շրջենք մերձմոսկովյան էլեկտրագնացքներում, որ այդ տականքներին հանդիպենք ու
ցույց տանք, թե հայերը ոչխարներ չեն, որ որին ուզենան՝ մորթեն… Մեզ մնում է միայն
ինքներս մեզ պաշտպանել»: Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել բողոքի ցույց,
ի հիշատակ այն մարդկանց, որոնք զոհվել են սափրագլուխների ձեռքով՝ ազգային թշնամանքի
եւ անհանդուրժողականության հողի վրա: Ըստ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի՝ ցույցին
մասնակցում էին Մոսկվայի եւ մերձմոսկովյան շրջանների հայ երիտասարդության ներկայացուցիչները:
Կազմակերպիչների թվում էին Մոսկվայի պետական համալսարանի Հայկական ուսանողական ասոցիացիան
եւ Հայ երիտասարդության ինտելեկտուալ համագործակցության միությունը: ՌԴ հայերի միությունը
հրաժարվել է մասնակցել ցույցին: Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի
համանախագահ Վահան Հովհաննիսյանը Lragir.am-ին Մոսկվայում հայ երիտասարդների սպանությունների
առնչությամբ ասել է. «Ռուսաստանի հասարակությունը հիվանդ է: Այսինքն՝ միայն պարտությունից
բարդույթավորված ժողովուրդն է սկսում նման դրսեւորումներ ունենալ»: Եվ կատարվածից
մյուս դասը, որ ըստ պրն Հովհաննիսյանի՝ անհրաժեշտ է քաղել. «Ապահով եւ անվտանգ դու
կարող ես լինել միայն հայրենիքում»: Համանախագահը կարծիք է հայտնել, որ այս
սպանությունների հարցը դառնալու է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի մյուս
նիստի «օրակարգի մեխը»: Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930