Լրահոս
Օրվա լրահոսը

Զոռո՞վ են դարձնում առաջադիմական

Հունիս 06,2006 00:00

Երեկ մեր խմբագրությունը ֆաքս ստացավ՝
«Օրինաց երկիր» կուսակցության «Ամիրյան» մարզային մանկավարժների խորհրդի նախկին նախագահ,
Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) անդամ Ռուզաննա Բաբայանի ստորագրությամբ:
Նամակում նշվում է, որ խորհուրդը «ելնելով ստեղծված իրավիճակից՝ քաղաքական
դաշտում, քաղաքական ցնցումներից, որոնց առաջացման պատճառ հանդիսացավ ՕԵԿ-ի բռնած
նոր քաղաքական կուրսը, մասնավորապես կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գործողությունները,
որոշեց պահպանել կայունությանն ու անցնցում ընթացքներին կողմնակից լինելու սկզբունքն
ու դուրս գալ «Օրինաց երկիր» կուսակցությունից»: Տիկին Բաբայանը միեւնույն ժամանակ
իր նամակում շեշտում է, որ բացի քաղաքական հայացքների առաջացած տարբերությունից,
որեւէ այլ խանգարող հանգամանք չկա, որպեսզի խորհուրդը նախկին կուսակցական ընկերների
հետ երկրի զարգացմանը նպաստող համագործակցություն ծավալի: Սակայն «Ամիրյան» խորհուրդը
«ցենտրիստական գաղափարախոսություն կրող այդ կուսակցության (ՀԱԿ- Հ. Բ.) շրջանակներում
պատրաստվում ենք առավել ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել»: Այս առիթով
խոսեցինք ՕԵԿ փոխնախագահ Գագիկ Ասլանյանի հետ: Նա նախ ասաց, որ նման մարզային կառույց
իրենք պարզապես չունեն, ապա ավելացրեց, թե այդ հաղորդագրությունը բացահայտ սուտ է
եւ պրովոկացիա: Պրն Ասլանյանն ասաց նաեւ, որ, ճիշտ է, վերջին շրջանում Ռուզաննա Բաբայանը
պասիվ է եղել կուսակցական գործունեության հարցում, սակայն նա կապ չունի ՀԱԿ-ի հետ:
Դեռեւս 2 շաբաթ առաջ, երբ ՀԱԿ-ն ինքն էր «Ամիրյան» կառույցի՝ ՕԵԿ-ից հեռանալու
առիթով կազմակերպելիք ասուլիսի հետաձգման մասին լուրը տարածել, ՕԵԿ-ից մեր թերթին
նորից ասել էին, որ նման կառույց իրենք պարզապես չունեն, որ դա սադրանք է: Ավելի
ուշ մենք պարզեցինք, որ «Ամիրյան» կառույց, այնուամենայնիվ, կա, սակայն դա ոչ թե
մարզային, այլ համայնքային է եւ մտնում է «Մյասնիկյան» մարզային կառույցի մեջ: Մենք
խոսեցինք նաեւ Ռուզաննա Բաբայանի հետ: Եվ պարզվեց, որ նա, այնուամենայնիվ, մոտ մեկ
ամիս առաջ (ճշգրիտ ժամկետը չնշեց) դուրս է եկել ՕԵԿ-ից՝ «ընտանեկան պայմաններից ելնելով»
եւ որոշել է քաղաքականությամբ չզբաղվել: Այս մասին, փաստորեն, չգիտեր նաեւ ՕԵԿ փոխնախագահը:
Տիկին Բաբայանը ուսուցչուհի է (չասաց, թե որ դպրոցում է աշխատում): Նա հավաստիացնում
է, որ ՀԱԿ-ի հետ կապ չունի, ավելին՝ «Ամիրյանի» անդամները եւս դուրս չեն եկել խորհրդի
կազմից եւ այդ կուսակցությանն անդամագրվելու որեւէ հարց չի եղել ու չկա: Բացի այդ,
որեւէ ֆաքսի մասին, ասաց, որ տեղեկություն չունի: Խոսեցինք նաեւ ՀԱԿ նախագահ
Տիգրան Ուրիխանյանի հետ: Նա ասաց, որ, իրոք, Ռուզաննա Բաբայանն անդամագրվել է իր
կուսակցությանը: Իսկ գուցե անուննե՞րն են համընկել, եւ խոսքը բոլորովին այլ Ռուզաննա
Բաբայանի մասին է: Սակայն պրն Ուրիխանյանն ասաց, որ իրենք ունեն փաստաթղթերի մի ողջ
փաթեթ (դրանք առաջիկայում կուսակցությունը կհրապարակի), որոնց մեջ կան նաեւ ՕԵԿ-ական
«Ամիրյան» կառույցի գործունեության մասին տվյալներ՝ նիստերի արձանագրություններ եւ
այլն: Իսկ ո՞վ է ուղարկել այդ չարաբաստիկ ֆաքսը: Մենք երեկ զանգահարում էինք
ֆաքսի վրա նշված համարով, իսկ հեռախոսի մյուս ծայրում «ԱրմենՏելն» ասում էր, որ մեր
հավաքած համարը գոյություն չունի: Գուցե ՀԱ՞Կ-ն է ֆաքսի հեղինակը: Այս հարցին պրն
Ուրիխանյանը հստակ պատասխան չտվեց: Բայց առաջարկեց ուշադրություն դարձնել թղթի վրայի
ստորագրությանը եւ այն համեմատել Ռ. Բաբայանի ստորագրության հետ՝ համոզվելու համար,
որ նման մարդ իսկապես գոյություն ունի, ով անդամագրվել է իրենց կուսակցությանը: Այսինքն՝
կուսակցությունը գործնականում կարող է փաստաթղթերից վերցնել Ռ. Բաբայանի ստորագրությունը
եւ դնել սույն հայտարարության տակ: «Ասենք թե դա կուսակցությունն է ուղարկել… դա
որեւէ բան փոխո՞ւմ է»,- հարցրեց Տ. Ուրիխանյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930