Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ «ՌՈՒՍԱԼԻ» ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ

Հունիս 09,2006 00:00

«Եվրասիայի ժամանակը» VIP ամփոփագրի այս տարվա 2-րդ համարում, որը հասանելի է միայն բաժանորդներին, հրապարակվել է հանրահայտ բիզնեսմեն Օլեգ Դերիպասկայի «ֆենոմենալ» որակված հարցազրույցը:

Օլեգ Դերիպասկան նախագահն է «Ռուսական ալյումին» ընկերության, որը երկրորդն է աշխարհում ալյումինի արտադրությամբ: Ընկերությունը ծրագրեր է իրականացնում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ այդ երկրի սահմաններից դուրս, ասենք՝ ԱՊՀ տարածքում՝ Ուկրաինայում, Հայաստանում եւ Տաջիկստանում: Օլեգ Դերիպասկան նաեւ գլխավորում է «Բազային էլեմենտ» ինվեստիցիոն ընկերությունը, որը ակտիվություն է ցուցաբերում մետալուրգիայի, անտառավերամշակման, էլեկտրաէներգետիկայի եւ բազմաթիվ այլ ոլորտներում: Օլեգ Դերիպասկան նաեւ մշտապես ուղեկցում է ՌԴ նախագահին Միջին Ասիա այցերի ժամանակ: Վլադիմիր Պուտինը մշտապես շեշտում է նրա անձնական դերը Ռուսաստանի տնտեսության մեջ:

Այս հարցազրույցում Օլեգ Դերիպասկան ներկայացրել է իր մոտեցումները պետական իշխանության եւ խոշոր բիզնեսի վերաբերյալ: Նա մասնավորապես նշում է, թե տարբեր բաներ են պետական մարմինները եւ իշխանությունը. «Պետական մարմինները պետք է մեզ չխանգարեն տարածաշրջանի հանրապետություններում ձեւավորել այնպիսի իշխանություն, որն արդյունավետորեն կղեկավարի ե՛ւ պետական ապարատը, ե՛ւ բիզնեսի ու տնտեսության իր հատվածը»: Հարցին, թե ի՞նչ է ներառվում «իշխանություն» հասկացության մեջ՝ Դերիպասկան պատասխանում է, թե սա ընտրանի է, որն ունակ է ընդունել որոշումներ (մասնավորապես՝ իշխանության ձեւի մասին) եւ իրականացնել դրանք. «Հասկանո՞ւմ եք, պետական ապարատի ղեկավարն անպայման չէ, որ լինի երկրի իրական առաջնորդը: Նա կարող է ընդամենն օգտագործել նրանց լիազորությունները, ովքեր ունեն իրական իշխանություն»: Որպես Ռուսաստանի իրական իշխանություն՝ նա մասնավորապես նշում է Չուկոտկայի գուբերնատոր Ռոման Աբրամովիչին, ինքն իրեն, նաեւ բանկիր Անդրեյ Մելնիչենկոյին: Պուտինին անվանում է «թոփ-մենեջեր», որը երբեք չի գերազանցում իր լիազորությունները. «Ես նրան շատ եմ գնահատում եւ չեմ ափսոսում, որ ժամանակին մեր ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա»:

Հարցին, թե արդյոք ժողովրդավա՞ր է այս իշխանությունը՝ Օլեգ Դերիպասկան պատասխանում է դրականորեն. «Եթե, իհարկե, մի կողմ թողնենք զանազան հեքիաթները ժողովրդավարության մասին, թե իբր ինչ-որ մեկն ինչ-որ բան է որոշում՝ մտնելով քվեախուց: Իրականում այդ քվեախցերը միայն նրա համար են, որ բնակչությունն այնտեղ մտնի հանդիսավորապես, երաժշտության հնչյունների ներքո: Բնակչությունը պիտի երկար հիշի այն, որ ժողովրդավարական հնարավորություն ուներ նշան դնել այնտեղ, որտեղ ուզում էր: Սա հասարակական գործընթացների կայունության տարր է: Լիովին ակնհայտ է, որ տնտեսությունը, խոշոր մրցունակ բիզնեսը չեն կարող նման մեծ ռիսկի դիմել, որ պետական ապարատի մենեջերը նշանակվի կամայականորեն»: Ըստ նրա, պետության ղեկավարման համար կադրերը պետք է ընտրվեն մանրակրկիտ կերպով. «Պետմենեջերը պետք է առաջին հերթին համարժեք ընկալի պետության մեջ բիզնեսի գերակայությունը: Երկրորդ հերթին, նա պիտի լինի արհեստավարժ: Այդ դեպքում նա հնարավորություն ունի ստանալ իշխանության աջակցությունը, այդ թվում նաեւ՝ նյութական բավարար խթաններ»:

Հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է կարողանում խուսափել կոռուպցիայի մեղադրանքներից՝ նյութապես խթանելով չինովնիկներին, Օլեգ Դերիպասկան ասում է. «Մի՛ ծիծաղեք: Աշխարհում եւ ոչ մի տեղ չինովնիկները, այդ թվում նաեւ՝ իրավապահ մարմինների, դատարանների, չեն ապրում բյուջետային դրամարկղից ստացած չնչին աշխատավարձով: Եթե մարդը ճիշտ է հասկանում ամեն ինչ, եթե նա ներգրավված է իշխանական գործողությունների տեխնոլոգիաներից ինչ-որ մեկում, նրա համար կհամաձայնեցվի անձնական եկամուտների որոշակի աստիճան, եւ շատ լավ կապահովվի նրա ու իր ընտանիքի կյանքը: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին կինոնկարներն ու բլոկբաստերները բնակչության լայն զանգվածների համար են, պետության յուրօրինակ փաբլիսիտի: Ընդ որում, կոռուպցիան այն դեպքը չէ, երբ խոշոր բիզնեսը աշխատավարձ է վճարում եւ անձնական եկամուտներ ապահովում պետական ֆունկցիոների համար: Կոռուպցիան այն է, երբ պետֆունկցիոներն ինքն է կամայականորեն վերցնում որտեղից եւ երբ ուզում է»:

Որպես օրինակ, թե ինչ է լինում, երբ ոչ կառուցողական մոտեցում է ցուցաբերվում իրենց շահերի նկատմամբ՝ օլիգարխը նշում է Ուկրաինան, որտեղ, ըստ նրա՝ չկային արդյունավետ բիզնես-ընտրախավ եւ պետական ապարատի տաղանդավոր կառավարիչ. «Մենք այդ հանրապետություն ներմուծեցինք «համամարդկային արժեքներ»՝ «խոսքի ազատություն», «բազմակարծություն», «հասարակական միավորումների ազատություն» եւ այլն…. Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր շահերը չեն բավարարվի Ուկրաինա պետության արդյունավետ կառավարման առումով, իսկ մեր շահերն այնտեղ շատ մեծ են»: Դերիպասկան խոստանում է, թե այդպես կլինի ամեն տեղ, ուր հաշվի չեն առնի իրենց շահերը. «Եվրոպական չափանիշների» ներմուծման 1-2 տարի, եւ իշխանությունն այնտեղ կբերվի համարժեք վիճակի»:

Հարցին, թե հատուկ ծառայությունները չե՞ն փորձում վերահսկել այս իշխանությանը՝ Դերիպասկան պատասխանում է. «Մենք այդ կառույցների ղեկավարություն ենք ընդգրկում միայն այն ուժայիններին, որոնք հասկանում են իշխանության ֆինանսական մեխանիզմների գերակայությունը»:

Օլիգարխը կարեւորում է իշխանության կառուցվածքում ընդդիմության առկայությունը. «Անպայման պետք է: Այլապես զանգվածների կառավարման տեխնոլոգիան լիարժեք չի լինի»: Հավելում է, թե իրենք ձեւավորում են ընդդիմադիր խմբավորումներ եւ վճարում դրանց ղեկավարներին:

Որպես վերջաբան մեջբերենք եւս մի հարց. «Ի դեպ, ձեր կարծիքով, ինչպե՞ս է պետք ընդհանրապես վերաբերվել տաղանդավոր մարդկանց: Ինչպե՞ս է նրանց օգտագործում իշխանության Ձեր համակարգը»: «Շատ պարզ է: Միանգամից եւ ընդմիշտ գնել: Կամ էլ, եթե գործարքը չի կայացել՝ ոչնչացնել,- Օլեգ Դերիպասկան, սակայն, վերապահում է անում, թե այժմ նորաձեւ չէ ֆիզիկապես ոչնչացնելը:- Սովորաբար նման դեպքում մեր տեխնոլոգիան է բարոյապե՛ս ոչնչացնելը»:

Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել