Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԸ ՀԶՈՐԱՆՈՒՄ Է

Հունիս 10,2006 00:00

Ինչը
մրցակիցների բիզնեսին վնասում է, վերջիններս էլ իրենց մեթոդներով են դիմադրում Պրոֆիլների
արտադրության եւ ներմուծման հայաստանյան շուկայի տնտեսվարողների միջեւ խնդիրներ են
առաջացել: Շինարարության այս բումի պայմաններում պատուհանների արտադրության համար
օգտագործվող պրոֆիլների սպառման ծավալները մեծացել են, այդ արտադրատեսակի նկատմամբ
պահանջարկը եւս, զուգահեռաբար մեծացել է նաեւ այս շուկայի նկատմամբ տնտեսվարողների
հետաքրքրությունը: 2004 թվականից սկսվել է տեղական արտադրություն, որի խոշորանալուն
զուգահեռ մեծացել է մրցակցությունը եւ առաջացել է շահերի բախում տեղական արտադրողի
եւ որոշ ներկրող ընկերությունների միջեւ: Տեղական արտադրանք տվող «VRG profile» ՍՊԸ
տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանը գտնում է, որ Թուրքիայից պրոֆիլներ ներկրողները ոչ օրինական
մեթոդներով են պայքարում իրենց դեմ: Մասնավորապես, պարոն Հակոբյանի խոսքերով. «Մենք
արտադրում ենք պրոֆիլներ, որոնք տալիս ենք այլ արտադրամասերի՝ վերջնական արտադրանք՝
պատուհաններ պատրաստելու համար: Մեկուկես տարի առաջ երբ մենք սկսեցինք մարքեթինգ,
ներկրվող պրոֆիլների գները շատ բարձր էին, ավելի բարձր, քան ներկայումս: Դա ինչ է
նշանակում. նշանակում է՝ քանի որ արտադրող չկար, որպեսզի արտադրողին խեղդեն, մի շարք
խոշոր ներկրողներ, գալով փոխհամաձայնության, գինը իջեցրել են, ներկրման ինքնարժեքին
են հավասարեցրել, այսինքն աշխատում են առանց եկամտի, որպեսզի մեզ դուրս մղեն շուկայից,
տեղ չտան շուկայում»: Սակայն մեկուկես տարվա ընթացքում դոլարի ինֆլյացիա է
տեղի ունեցել դրամի նկատմամբ, որի հաշվին էլ հնարավոր է, որ գների իջեցում տեղի ունեցած
լինի: Մեր այս դիտարկմանն ի պատասխան, «VRG profile»-ի տնօրենը պնդեց, որ հենց դեմպինգը
նկատի ունի, եւ որ ամեն օր են շուկան ու գները ուսումնասիրում, զբաղվում այդ հարցով,
եւ Թուրքիայից պրոֆիլներ ներկրող իրենց մրցակիցներն աշխատում են «առանց եկամտի, առանց
շահույթի: Զրոյական են աշխատում: Աշխատավարձ «զապասներից» են վճարում: Այդ տվյալը
մեզ որտեղից՝ մենք գիտենք Թուրքիայում ինչ արժե գծամետրը, ինչ արժեն տրանսպորտային
եւ մաքսային ծախսերը, հաշվում ենք, գալիս ենք այն եզրակացության, որ աշխատում են
«0»-ի վրա: Դեմպինգային քաղաքականություն որ ասում ենք, դա նկատի ունենք»: Ըստ Ռ.
Հակոբյանի, Թուրքիայից պրոֆիլներ ներկրողները մի քանիսն են, եւ նրանք բոլորն էլ իրենց
ներմուծած պրոֆիլների գները մի մակարդակի են պահում: Պարոն Հակոբյանը նաեւ
դժգոհ է, որ մրցակիցները իր արտադրանքի որակի վերաբերյալ սուտ շշուկներ են տարածում
եւ նա հավաստիացնում է, որ «VRG profile»-ը արտադրանք է թողարկում գերմանական հաստոցներով
եւ ունի «ISO 9001 եւ 2000» սերտիֆիկատներ: Մեր տեղեկություններով, Թուրքիայից
պրոֆիլներ ներկրող տասնյակ ընկերություններ կան, որոնցից առավել խոշորները մի քանիսն
են, որոնց հետ էլ, ըստ երեւույթին, այս խնդիրը կապվում է: Պատրաստ ենք նաեւ տպագրել
այդ ընկերությունների պարզաբանումները: Եթե «VRG profile»-ի տնօրենի հաշվարկը
ճիշտ է, եւ եթե իրոք շուկայի պատկերն այնպիսին է, ինչպես նկարագրում է, ապա դա «Տնտեսական
մրցակցության մասին» ՀՀ օրենքի խախտում է, հնարավոր է՝ նույնիսկ մի քանի հոդվածների:
Այս առնչությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար
Արմինե Ուդումյանից տեղեկացանք, որ այս խնդրի վերաբերյալ ընկերությունը դիմել է նաեւ
հանձնաժողովին եւ այնտեղ հիմա ուսումնասիրություն է ընթանում: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել