Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՐԿ՝ ԴԱՏԱՎՈՐԻՆ ԵՎ ՄԵՂԱԴՐՈՂԻՆ

Հունիս 10,2006 00:00

Ըստ
տուժողի իրավահաջորդի փաստաբանի, դատավորն ու դատախազը ամեն ինչ անում են սպանությունը
որպես վթար երկայացնելու համար: Նախորդ երկու նիստերը հետաձգվել էին սկզբում
դատավոր Արիստակես Սիսակյանի վատառողջ լինելու, ապա պաշտպանի, մեղադրողի եւ վկաների
չներկայանալու պատճառով: Հիշեցնենք, որ գործի դեպքի վայրը Աղվերանի «Միկա» պանսիոնատն
է, որտեղ սկիզբ առած վիճաբանությունն ավարտվել էր Գեւորգ Մանուկյանի մահով եւ ավտովթարով:
Նախաքննության մարմնի համոզմամբ, տուժողի մահը վրա է հասել ավտովթարի հետեւանքով,
սակայն գործով ձեռք բերված ապացույցները փաստում են մինչ ավտովթարը կատարված սպանության
մասին: Վերջին նիստը սկսվեց նշանակված ժամից մեկուկես ժամ անց, մեղադրող՝
Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Վարդան Հարությունյանի ժամանելուց հետո: Նախ նա մտավ
դատավորի մոտ (ինչպես սույն գործի գրեթե բոլոր նիստերից առաջ), այնուհետեւ պարզ դարձավ,
որ դատակոչված վկաներ Ս., Հ. եւ անչափահաս Գ. Սեւոյանները չեն ներկայանալու նիստին:
Ոստիկանները փնտրել, բայց չէին գտել նրանց: Սակայն տուժողի (մահացածի կամ սպանվածի)
իրավահաջորդի ներկայացուցիչ Բենիկ Մինասյանի համբերության բաժակը լցվեց եւ նա բացարկ
հայտնեց մեղադրողի եւ դատավորի դեմ: Բ. Մինասյանը նախ նշեց, որ դատարանը նախորդ նիստի
ժամանակ արձանագրություն չի կազմել երեք վկաների, մեղադրողի եւ պաշտպանի դատարան
չներկայանալու կապակցությամբ, ծանուցագիր ուղարկելիս էլ չի հստակեցրել վկաների բնակության
վայրի հասցեն, քանի որ նիստի ընթացքում նրանք նշել էին, որ վարձով ապրում են Չարենցավանում:
Ըստ տուժողի ներկայացուցչի, նրանց նկատմամբ պետք է հսկողություն սահմանվեր: Մինչ
դատաքննության փուլը տուժող կողմը միջնորդել էր որպես մեղադրյալ ներգրավել Գարիկ
եւ Ասքանազ Մանուկյաններին (ովքեր դեպքի օրը վիճել էին Գեւորգի հետ, ապա Գարիկը «կլյուչով»
հարվածել էր նրա գլխին), նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը, քանի
որ նրանք ազատության մեջ մնալով՝ ազդում են վկաների վրա, ովքեր մերթ ցուցմունքներ
են տալիս կատարված սպանության մասին, մերթ ժխտում են դրանք: Բ. Մինասյանն
ընդգծեց, որ գործից անհետացել են մի շարք փաստաթղթեր, որոնք կարող էին նպաստել հանցագործության
բացահայտմանը, չեն կատարվել որոշ անհրաժեշտ փորձաքննություններ: ՀՀ գլխավոր դատախազությունն
էլ աչք է փակել այդ ամենի վրա: Բ. Մինասյանի մատուցմամբ, դատավորը քրգործն իր վարույթ
ընդունելիս պարտավոր էր հետազոտել գործի նյութերը եւ 15 օրվա ընթացքում կայացնել
որոշում քրգործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին, քանի որ կան քրեադատավարական
օրենքի էական խախտումներ, որոնք չեն կարող վերացվել դատաքննության ընթացքում (դեպքի
վայրի զննություն, հանցագործության գործիքի հայտնաբերում եւ այլն): Նա նաեւ տեղեկացրեց,
որ դատավոր Ա. Սիսակյանը առաջին նիստի 10 րոպեանոց ընդմիջման ժամանակ ճնշում է գործադրել
իր եւ տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Մանուկյանի նկատմամբ: Բոլոր ներկաներին, այդ
թվում եւ լրագրողներին, դատավորը դուրս է հրավիրել դահլիճից եւ մեղադրողի ու պաշտպանի
ներկայությամբ ասել, որ ես ապակողմնորոշում եմ Ռուզանին, որ ավտովթարի դեպքն իբր
սպանություն է, որի համար կարող է իմ նկատմամբ որոշում կայացնել եւ ուղարկել Փաստաբանների
պալատ: Իսկ Ռուզաննային էլ ասաց, որ անօրինական ձայնագրություններ կատարելու համար
կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել: Բացարկը լսելուց հետո կողմերը ժամանակ
խնդրեցին՝ իրենց կարծիքը լսելու եւ շարադրելու համար: Վերջում նշենք մի կարեւոր
հանգամանք. կայացած առաջին նիստում վկա Ս. Սեւոյանն ասաց, որ մինչ ավտովթարը «Միկա»
պանսիոնատում Գեւորգին տեսել էր գետնին ընկած, անշարժ վիճակում: Նրա վրա ջուր էին
լցրել, սակայն նա ուշքի չէր եկել: Դրանից անմիջապես հետո առաջին նիստը ընդհատվել
էր եւ վկաներն այլեւս դատարան չէին ներկայացել: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել