Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ

Հունիս 10,2006 00:00

Երեկ
ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության առաջին որակավորման
փուլի պատասխան խաղում պահանջվող 4:0 հաշվով հաղթեց Սան Մարինոյին: Ֆուտբոլասերները
քաջատեղյակ են, որ մրցակցի հարկի տակ կայացած առաջին խաղում էլ Հայաստանի երիտասարդական
հավաքականը հաղթանակ էր տոնել 2:1 հաշվով, սակայն երկու դեղին քարտ ստացած ֆուտբոլիստ
խաղադաշտ մտցնելու համար, որն իր իսկ կանոնադրության անկատարության հետեւանք էր,
ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն մեր հավաքականին 3:0 հաշվով տեխնիկական պարտություն
էր գրանցել՝ շոշափելիորեն դժվարացնելով մեր երիտասարդների հետագա գործերը: Ստացվել
էր մի իրավիճակ, որ պայքարը շարունակելու իրավունք նվաճելու համար Հայաստանից պահանջվում
էր պատասխան խաղում մրցակցին պարտության մատնել առնվազն 4:0 հաշվով: Հավաքականի
ավագ մարզիչ Սամվել Պետրոսյանն էլ Հայաստանի ԶԼՄ-ներից մեկին տված իր հարցազրույցներից
մեկում հատուկ նշել էր, որ այդ որոշումը, չնայած հոգեբանորեն բացասաբար է անդրադարձել
իր սաների վրա, սակայն տղաները տրամադրված են մարտականորեն ու կանեն ամեն բան իրենց
երկրպագուների հույսերն արդարացնելու համար: Հայաստան-Սան Մարինո հանդիպման
առաջին խաղակեսը, որի ընթացքում մեր ֆուտբոլիստներն այդպես էլ չգտան հյուրերի դարպասի
բանալին, «Հանրապետական» ստադիոնի տրիբունաներում տեղ զբաղեցրած ֆուտբոլասերներին
ինչ-որ չափով հուսալքել էր: Մրցակիցը, հույս փայփայելով, որ դաշտի տերերն այնուամենայնիվ
ի վիճակի չեն լինի չորս գոլ խփել, ամբողջ թիմով զբաղված էին թիկունքն ամրապնդելու
խնդրով: Ու դա նրանց հաջողվում էր: Ասենք, որ մեր տղաների գործողություններում էլ
պատասխանատվության ու հանդիպման կարեւորության աստիճանը գիտակցելու պատճառով սկզբում
ամեն բան չէր, որ ստացվում էր: Թեեւ խաղն ըստ էության ընթանում էր մրցակցի կիսադաշտում,
սակայն կիսապաշտպանության եւ հարձակման գծի միջեւ արդյունավետ սերտ համագործակցություն
ոչ մի կերպ չէր ստացվում: Անհրաժեշտ փոփոխություններից հետո մեր թիմի խաղը երկրորդ
խաղակեսում ավելի նպատակային դարձավ: Եվ արդյունքն էլ իրեն երկար սպասել չտվեց: Նախ,
աջ եզրից տուգանային հրապարակ կատարված սուր փոխանցումից հետո հյուրերի պաշտպանն
անզգուշորեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը (թեեւ ստադիոնում հայտարարվեց, թե դարպասը
գրավել է Գեւորգ Ղազարյանը, սակայն, որքան նկատեցինք, իրականում դա ինքնագոլ էր Ջովանի
Բոնինիի կատարմամբ), ապա նույն Գեւորգ Ղազարյանը կրկնապատկեց հաշիվը: Շատ չանցած
Սուրեն Ղազարյանը հյուրերին հարկադրեց երրորդ անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից:
Իսկ վերջակետը դրեց եւ մեր հավաքականի համար հետագա պայքարը շարունակելու հնարավորություն
ստեղծեց Ռոբերտ Արզումանյանը՝ հեռահար ու դիպուկ հարվածով: 4:0: Սա պահանջվող
այն հաշիվն էր, որ պետք է ապահովեին մեր երիտասարդները: Վերջում նշենք, թե ովքեր
կռեցին այս բարոյական ու կամային հաղթանակը. Էդգար Գասպարյան, Վալերի Ալեքսանյան
(Նորայր Սահակյան, 46-րդ րոպե), Միխեյ Սիմոնյան, Ռոբերտ Արզումանյան, Լեւ Կորոլյով
(Սուրեն Սարգսյան, 32), Արարատ Առաքելյան, Բորիս Մելքոնյան, Ալեքսանդր Պետրոսյան,
Տիգրան Ղարաբաղցյան (Գեւորգ Ղազարյան, 46), Սամվել Մելքոնյան: Ա.
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել