Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՄՈԶԵԼ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ

Հունիս 22,2006 00:00

Երեկ
էլ Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին պնդեց, թե հեռուստաընկերությունները
չեն ապահովում բազմակարծություն: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտ եի դիտարկման
խմբի ղեկավար Ռոլանդ Վեգեների հետ հունիսի 10-ի հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը
նրան մի ցուցակ էր ներկայացրել՝ ապացուցելու համար, թե ընդդիմադիր պատգամավորները
անարգել օգտվում են հեռուստատեսային եթերից: Այսպես էր պրն Քոչարյանը փորձել հակազդել
պնդումներին, թե եթերում բազմակարծություն չի ապահովվում «Ա1+»-ի փակումից հետո:
Սակայն երեկ էլ Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին, որ
մեր երկիր է ժամանել Հայաստանի արտգործնախարարության հրավերով՝ «առաջին ձեռքից» հավաքելու
տեղեկություններ մամուլի իրավիճակի վերաբերյալ՝ պնդեց, թե Հայաստանում բազմակարծությունը
սահմանափակվում է միայն տպագիր մամուլով. «Մենք պարզեցինք, որ տպագիր մամուլի մեջ
կա տեսակետների կատարյալ կամ ոմանց կարծիքով՝ նույնիսկ շա՛տ կատարյալ բազմակարծություն:
Բայց մենք նաեւ պարզեցինք, որ տպագիր մամուլում առկա բազմակարծությունը եւ զանազանությունը
իրականում չեն ապահովված ավելի ազդեցիկ մամուլում, ինչպիսին հեռուստատեսությունն
է»: Նշեց, թե հեռուստաեթերում պակասում են հասարակական իրադարձությունների վերաբերյալ
«փաստացի եւ օբյեկտիվ» լրատվությունը եւ մեկնաբանությունները: Եվ պարզվեց, որ նրա
այցի ընթացքում այլեւս չեն փորձել վիճարկել այս գնահատականները: Մամուլի ազատության
ԵԱՀԿ ներկայացուցիչն անպատասխան թողեց «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցը, թե ինչով
է բացատրում, որ թեեւ մամուլի ազատության հարցերին հետամուտ կազմակերպությունները
եւ միջազգային այլ կառույցներն ամեն տարի իրենց զեկույցներում խոսում են «Ա1+»-ի
խնդրի մասին եւ կոչ անում Հայաստանի իշխանություններին լուծել այս հարցը՝ անտեսվում
է այդ կոչը: Փոխարենը պրն Հարաշտին հայտնեց, որ Հայաստանում իր բոլոր զրուցակիցները
(նա հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, Գրիգոր Ամալյանին, Արմեն Հարությունյանին եւ շատ
այլ պաշտոնյաների) իրենց իսկ նախաձեռնությամբ են անդրադարձել «Ա1+»-ի խնդրին: «Սա
կարելի է համարել արտոնագրման գործընթացի թերությունների, խոչընդոտների, դժվարությունների
ակնառու օրինակ,- «Ա1+»-ին եթեր չթողնելն այսպես գնահատեց պրն Հարաշտին:- Իմ հաշվետվության
մեջ մանրամասնորեն կանդրադառնամ արտոնագրման գործընթացին եւ մանրամասն առաջարկություններ
կանեմ դրա վերաբերյալ»: ԵԱՀԿ-ի մշտական խորհրդին ներկայացվելիք այս հաշվետվության
մեջ առաջարկներից մեկը թերեւս լինի այն, ինչ երեկ նշեց ասուլիսում՝ կարեւոր է արտոնագրման
գործընթացում կանոնակարգել հեռարձակման համար նախատեսվող չափանիշների գնահատման կարգը.
«Այն պետք է դառնա առավել թափանցիկ եւ կանխատեսելի», իսկ քվեարկության դերը պիտի
կրճատվի կամ ընդհանրապես սահմանափակվի: Միկլոշ Հարաշտին նաեւ հայտնեց, որ
հանձնարարական են ներկայացնելու բարելավել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային
հանձնաժողովի գործունեության «մոնիտորինգային մասը», այն է՝ հեռարձակման իրավունք
ստացած ընկերությունների գործունեության վերահսկումը՝ արտոնագիր պայմանների կատարման
առումով ԵԱՀԿ ներկայացուցիչը նաեւ կարեւորեց հեռուստաեթերի մենաշնորհայնացման կանխարգելումը:
Հայտնի է, որ չնայած օրենսդրական համապատասխան արգելքին՝ 3 հեռուստաընկերություններ
փաստացի պատկանում են Բագրատ Սարգսյանին, եւս 2-ը՝ Հրանտ Վարդանյանին: Միկլոշ Հարաշտին
նկատեց. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի փոփոխություններում բավարար
չի լինի միայն նշել, թե մեկ ընկերությանը հասնում է մեկ արտոնագիր, այլ պետք է նաեւ
նշել, որ չպետք է լինի սեփականատերերի միեւնույն խմբին պատկանող մեկից ավելի հեռուստաընկերություն»:
Նշենք, որ այս օրենքի փոփոխման անհրաժեշտությունը բխում է սահմանադրական փոփոխություններից:
Մինչդեռ, ինչպես նշեց պրն Հարաշտին, դեռեւս չկա փոփոխման ժամանակացույց. «Ակնկալում
ենք, որ կառավարությունը կսահմանի այն եւ կարագացնի այս գործընթացը»: Անդրադարձավ
նաեւ տպագիր մամուլի տարածման վերաբերյալ օրինագծին, որով նախատեսվում է կիրառել
տարածող ընկերության արտոնագրման կարգ՝ նշելով, թե դեմ է այդ մոտեցմանը: Ըստ ԵԱՀԿ
ներկայացուցչի, շատ կարեւոր է, որ խորհրդարանականները գիտակցեն՝ մամուլի տարածման
ոլորտը պետք է լինի նույնքան ազատ ու մրցակցային, որքան բուն մամուլը: Որպես
առաջխաղացում նշեց, թե վերջին տարիներին Հայաստանում չեն արձանագրվել լրագրողների
հանդեպ բռնության, ճնշումների կամ հետապնդման դեպքեր: Այս դիտարկմանը առարկեցին ներկա
լրագրողները եւ պրն Հարաշտիին հիշեցրին 2004-ի ընթացքում լրագրողների վրա կատարված
հարձակումները: Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչը պարզաբանեց, թե նկատի ուներ,
որ լրագրողների հետ տեղի չեն ունենում «զանգվածային դժբախտ դեպքեր, որոնք կառավարության
կողմից են կազմակերպվել» եւ չկա «ծրագրված արշավ ընդդեմ լրագրողների»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել