Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՅԺՄ» ՉԷՐ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ

Հունիս 28,2006 00:00

«ԱՌԱՅԺՄ»
ՉԷՐ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն «Առավոտի»
հարցին, թե իրո՞ք պատրաստվում է անդամակցել Հանրապետական կուսակցությանը՝ պատասխանեց
դրականորեն: Հիշեցրինք, սակայն, որ այս ամսվա սկզբին անդրադառնալով «Բարգավաճ
Հայաստան» կուսակցությանն իր անդամակցության շուրջ տարածված լուրերին՝ նա «Առավոտին»
ասել էր. «Ես դեմ եմ ընտրությունների նախօրեին նման կուսակցությունների ստեղծմանը:
Նաեւ չեմ անդամակցելու որեւէ կուսակցության»: Հիշեցմանն ի պատասխան Ռուբեն Հայրապետյանը
նկատեց, որ թերեւս պետք էր հավելել «առայժմ» բառը, եւ բացի այդ՝ հարկ չկա իր ասածը
դիտարկել համատեքստից կտրված՝ իր խոսքը վերաբերում էր հատկապես նորաստեղծ, ընտրությունների
շեմին ձեւավորվող կուսակցություններին, մինչդեռ ՀՀԿ-ն որոշակի ավանդույթներ ունեցող
քաղաքական ուժ է: Կուսակցություններին գործարարների անդամակցության առնչությամբ
բազմաթիվ մեկնաբանություններ են հնչել ժամանակին: Ասենք, ՀՀԿ խորհրդի փոխնախագահ
Տիգրան Թորոսյանն անդրադառնալով քաղաքական դաշտ բիզնեսի մուտքին՝ ասել էր. «Հասկանալի
է, որ տարիների ընթացքում կարողություն կուտակած մարդիկ չեն կարող անտարբեր լինել
ո՛չ երկրի ապագայի, ո՛չ քաղաքական զարգացումների, ո՛չ էլ իրենց սեփական հեռանկարի
նկատմամբ»: ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը ավելի էր որոշակիացրել. «Մարդիկ
աշխատել են միլիոններ եւ մտածում են դրանք պահպանել եւ հանձնել իրենց սերունդներին,
ինչի համար նրանց անհրաժեշտ է անձեռնմխելիություն»: Մեր հարցին, թե արդյոք ՀՀԿ-ին
անդամակցությամբ ինքն իր բիզնե՞սն ապահովագրելու խնդիր է լուծում՝ Ռուբեն Հայրապետյանը
պատասխանեց. «Ես Հայաստանում բիզնես չունեմ, որ ապահովագրեմ»: Նշենք, որ որքան մեզ
հայտնի է, նրա սեփականությունն են մնում Սեւանի «Հարսնաքար» համալիրը, «Արագած» ֆաբրիկան
եւ այլն: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել