Լրահոս
Օրվա լրահոսը

Նախանձելի հետեւողականություն

Հուլիս 01,2006 00:00

Ռուբեն
Թորոսյանը շարունակում է խոսել 2005-ի հանրաքվեի անօրինականությունների հետեւանքների
մասին: Երեկ «Ազգային միաբանության» գրասենյակում գումարվել է «Հանրաքվեի
օրինականությունը վերահսկող» հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է եղել
հանրաքվեի անօրինականության հետեւանքների մասին հարցը: Նիստին չեն մասնակցել «Նոր
ժամանակներ»-ի եւ ՀԺԿ-ի ներկայացուցիչները, իսկ կոալիցիայի եւ ՄԱԿ-ի անդամներն էլ
չեն արձագանքել հրավերին: «Հանրաքվեի օրինականությունը վերահսկող» հանձնաժողովն
այս տարվա ընթացքում պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝
Հայաստանի դատական համակարգում հանձնաժողովի դիմումները մերժելու եւ չքննելու հայցով:
Քանի որ եվրոպական դատարանը չի ընդունում հանրաքվեի օրինախախտումների վերաբերյալ
գործեր, իսկ կազմակերպությունը բազմիցս մերժվել է իր երկրի տարբեր դատական ատյանների
կողմից՝ «Հանրաքվեի օրինականությունը վերահսկող» հանձնաժողովը որոշել է դիմել հենց
այդ հայցով: «Հանրաքվեի մասին խոսելն արդեն մարդկանց թվում է ժամանակավրեպ:
Այնինչ այդպիսով իշխանության լծակներին տիրապետող մարդիկ արմատավորեցին իրենց օրինախախտ
գործունեությունը»,- «Ա1+»-ին ասել է հանձնաժողովի համակարգող Ռուբեն Թորոսյանը:
Քանի որ ընդդիմադիր մի շարք կուսակցություններից ստեղծված այս միավորման ներկայացրած
դիմումները մերժվել էին առաջին ատյանի դատարանների կողմից, կազմակերպությունը դիմել
էր Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանն էլ թեեւ 2006թ.-ի հունվարին առաջին ատյանի
դատարանների որոշումները ճանաչել էր անօրինական, սակայն հրաժարվել էր քննել դիմումները:
Կազմակերպության դիմումներին չեն արձագանքել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը եւ
մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: «Դատական համակարգը փաստորեն
ոչ մի դիմում չքննեց: Եթե 2003թ. ընտրախախտումների վերաբերյալ դիմումներին որոշակի
ընթացք տրվեց, ապա այս դեպքում մոտ 100 դիմում մերժվեց»,- նշել է Ռուբեն Թորոսյանը:
«Հանրաքվեի օրինականությունը վերահսկող» հանձնաժողովի համակարգողը հայտարարել
է, որ իրենք ոչ միայն չեն պատրաստվում թուլացնել պայքարը, այլեւ ընդհակառակը՝ ընդլայնելու
են գործունեության սահմանները: Եվ որպես առաջին քայլ Ռուբեն Թորոսյանն առաջարկել
է փոխել կազմակերպության անվանումը՝ «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության օրինականության
վերականգնման հանձնաժողով»: Քննարկվող հարցի կապակցությամբ ներկայացված հայտարարության
նախագիծը, որի մոտեցումները հիմնականում պաշտպանվել են մասնակիցների կողմից, որոշել
են ընդունել հանձնաժողովի հուլիսի 6-ին կայանալիք նիստին՝ կուսակցություններում նախնական
քննարկումներից հետո: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31