Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդին բանակ են զորակոչել

Հուլիս 05,2006 00:00

Ըստ բժշկական հանձնաժողովի՝ նա պիտանի է ծառայության

Արթուր Ավետիսյանը հունիսի 30-ին պետք է բանակ զորակոչվեր, սակայն մայրը նրան փախցրել է՝ գիտակցելով, որ կարգ է խախտում: Պատճառն այն է, որ մոր՝ Իվետա Սիմոնյանի ներկայացմամբ, իր որդին հիվանդ է եւ նման առողջական խնդիրներով տղային բանակ ուղարկելը պարզապես ողբերգություն կբերի: Բանն այն է, որ Արթուրը 2003 թ. դպրոց գնալու ճանապարհին ավտովթարի է ենթարկվել եւ գլխի վնասվածքով տեղափոխվել թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոց, որտեղ մի քանի օր շարունակ անշարժ ու անգիտակից վիճակում է եղել: Ռենտգեն հետազոտության արդյունքում գանգուղեղային փակ վնասվածքի հետեւանքներ են հայտնաբերվել, պարզվել է նաեւ, որ վնասված է երեխայի քթի միջնապատը եւ ճակատի ձախակողմյան հատվածը:

Մոտ 20 օր հիվանդանոցում պառկելուց հետո Արթուրին դուրս են գրել, սակայն նա մինչ օրս առողջական լուրջ խնդիրներ ունի: Մոր խոսքերով, «Արթուրն անընդհատ նյարդային ու լարված վիճակում է, գրեթե ամեն օր գանգատվում է գլխացավերից, քույրը եւ եղբայրը նրա հետ շատ զգույշ են շփվում, քանի որ ամենաչնչին առիթից նյարդայնանում եւ վեճ է սարքում, հարձակվում է նրանց վրա, որ խեղդի: Քթի վնասվածքի պատճառով չի կարողանում նորմալ շնչել եւ բերանը բաց է քնում»: Ա. Ավետիսյանը հաշվառված է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Շահումյանի զինկոմիսարիատում: Զորակոչիկի առողջական վիճակի մասին ակտ կազմելու համար զինկոմիսարիատը Արթուրին ուղարկել է «Արմենիա» բժշկական կենտրոն (Հանրապետական հիվանդանոց)՝ հետազոտվելու, որտեղ նա մոտ մեկ շաբաթ պառկել է:

Հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքի՝ Արթուրի առողջական վիճակի մասին կազմած հետազոտման ակտում նշված է, որ տղան «բութ» գլխացավերի մշտական գանգատներ ունի, որը փոխանցվում է նաեւ ձախ աչքին, արեւի տակ մնալու դեպքում ցավերն էլ ավելի են ուժեղանում, գերհոգնելիս գլխացավերը լինում են նաեւ գիշերները եւ այլն: Ակտում արձանագրվում է նաեւ, որ այդ ամենը վնասվածքից առաջացած հետեւանքներ են, այդուհանդերձ Ա. Ավետիսյանին բժշկական հանձնաժողովը ճանաչել է ծառայության պիտանի: Այդ պատճառով էլ Արթուրի մայրը մտավախություն ունենալով, որ ամեն ինչ վճռված է եւ որդուն տանելու են, հունիսի 30-ին նրան կենտրոնական զինվորական հավաքատեղի չի տարել, թաքցրել է, փոխարենը ինքն է գնացել՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովին բացատրելու, որ իր որդին ծառայելու ենթակա չէ: Ինչին ի պատասխան՝ կնոջը հարց են ուղղել՝ «բա ո՞վ պետք ա ծառայի»: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սեյրան Շաhսուվարյանի խոսքերով, վերոնշյալ բժշկական հանձնաժողովի վճիռը վերջնական չէ եւ Ա. Ավետիսյանը պետք է եւս մի հանձնաժողով անցներ հանրապետական զինկոմիսարիատում, որտեղ նրան պետք է հետազոտեին հանրապետության թիվ մեկ մասնագետները եւ եթե նրանք որոշեին, որ զորակոչիկը պիտանի չէ ծառայելու, ուրեմն չէին տանի. «Զորակոչիկը պարտավոր էր ներկայանալ եւ այն անցներ, բայց փաստորեն ինքը չի ներկայացել, եւ դրանով կարգ է խախտել: Զորակոչն արդեն ավարտվել է եւ այդ տղան համարվում է դասալիք»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Արթուրը միակողմանի ծնողազուրկ է՝ հայր չունի: Մայրն էլ հիվանդ որդուն պաշտպանելու համար է նման քայլի դիմել՝ խուսափելով նրան բանակ ուղարկել: Հուսանք ՊՆ-ն հաշվի կառնի այս հանգամանքը եւ եւս մեկ անգամ հնարավորություն կտա գլխավոր բժշկական կոմիսիա անցնելու եւ հիվանդ տղայի համար լրացուցիչ խոչընդոտներ չի ստեղծի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել