Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՈՍԿԻ Է «ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ»

Հուլիս 06,2006 00:00

Գոհար Հարությունյանի համար շոու-բիզնեսը հոբբի է

«Միսս Հայաստան-1998» գեղեցկության մրցույթի հաղթող եւ 1999թ. ԱՊՀ երկրների գեղեցկուհի Գոհար Հարությունյանը, որ սովորում էր Կալիֆոռնիայի պոլիտեխնիկական համալսարանում, վերադարձել է հայրենիք: Ներկայումս նա մենեջեր է աշխատում Հայաստանում ոսկու արդյունահանմամբ զբաղվող GM magharo գրասենյակում: Ի դեպ, Գոհարին հաջողվել է կոտրել այն ստերեոտիպը, որ գեղեցկուհիները խելացի չեն լինում:

Ի տարբերություն այլ գեղեցկուհիների, Գ. Հարությունյանը կարծես չկա տեսադաշտում, հեռուստատեսությամբ հաճախ չի երեւում, հանդիսություններ, հաղորդումներ չի վարում, ինչպես, օրինակ, Լուսինե Թովմասյանը կամ նրա քույրիկը՝ Իրինան: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հանդիպեցինք Գոհարի հետ: «5 տարի բացակայել եմ Հայաստանից, դեռ պիտի փորձեմ ինձ գտնել Հայաստանում, պիտի ադապտացվեմ: Միանգամից չեմ կարող շոու-բիզնեսի ասպարեզ մտնել, որովհետեւ դեռ դաշտը պիտի ուսումնասիրեմ, պարզելու՝ ինչը կարող է ինձ դուր գալ, ինչը՝ ոչ»,- կարծում է Գոհարը: Հայ գեղեցկուհին ԱՄՆ-ում համագործակցել է Next հագուստի նորաձեւության գործակալության հետ, որն իր մասնաճյուղերն ունի աշխարհի 7 երկրներում:

«Չեմ կարող ասել, թե հայաստանյան շոու-բիզնեսը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, այդ պատճառով չեմ ուզում ներգրավված լինել ինչ-ինչ նախագծերում: Առայժմ լուրջ առաջարկներ չեմ ստացել: Կամենալով աշխատել այդ ոլորտում, չէի ուզենա կորցնել այն, ինչ ձեռք եմ բերել 5 տարի ԱՄՆ-ում ուսումնառության ժամանակ, մանավանդ՝ շոու-բիզնեսն ինձ համար հոբբի է, ոչ ավելին»,- ասում է Գոհարը:

Հարցին՝ հաճելի՞ է գեղեցկության մրցույթների հաղթողին տնտեսական ոլորտում աշխատելը, եւ, արդյոք, գեղեցկությունը օգնո՞ւմ է իրեն այդ աշխատանքը կատարելիս, Գ. Հարությունյանը պատասխանեց. «Գեղեցկության հետ կապ չունեցող ոլորտում եմ աշխատում, բայց ամեն տեղ նախ իմ իմիջն է օգտագործվում, հետո մասնագիտական ու ադմինիստրատիվ կարողությունները: Աշխատանքս ինձ դուր է գալիս, ուրախ եմ, որ գիտելիքներս օգտագործվում են»: Հետաքրքրվեցինք, տեղյա՞կ է, որ «Միսս Եվրոպա» մրցույթի երկրորդ մրցանակակիր Լուսինե Թովմասյանը դարձել է նորաստեղծ «Հայաստան» գործակալության նախագահ, որը պետք է զբաղվի գեղեցկության մրցույթների կազմակերպմամբ: Ընդ որում, չար լեզուներն ասում են, որ այդ գործակալությունը գրանցել է ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը՝ ի հակակշիռ եւ ի հեճուկս Կարեն Արիստակեսյանի «Միսս Հայաստանի», որը վերջինս էլ «վերցրել» էր Արա Երնջակյանից: Գոհարն ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում, այնուամենայնիվ, ուրախ է, որ գեղեցկության մրցույթներ Հայաստանում կլինեն, քանի որ մեր երկրում շատ են գեղեցկուհիները: Նաեւ ասաց, որ ժամանակին Կ. Արիստակեսյանն էլ իրեն է առաջարկել գեղեցկության մրցույթ անցկացնել, ինչը մերժել է:

Գոհարը մերժել է նաեւ գովազդային տեսահոլովակներում նկարվելու որոշ առաջարկներ. «Չեմ զիջել գումարային հարցում, դրա համար գործարքը չի կայացել: Ես գտնում եմ, որ պետք է վճարել գեղեցկության համար»:

Անդրադարձ եղավ նաեւ «Միսս ինտերկոնտինենտալ-2005» մրցույթում հայ գեղեցկուհու որակազրկվելուն՝ հայաստանյան կողմին մեղադրում էին կաշառք առաջարկելու մեջ: «Այդ մասին ձեզանից քիչ եմ տեղեկացված: Հավանաբար ինչ-որ բան տգեղ է արվել, որ չպիտի արվեր… ամեն դեպքում գեղեցկուհին բեմի վրա չի տեսնում՝ ինչ է կատարվում բեմի հետեւում եւ ինչով են զբաղված մրցույթի կազմակերպիչները»,- շտապեց ասել Գ. Հարությունյանը: Այս պահին գեղեցկուհու սիրտն ազատ է, բայց ընտանիք կազմելու գաղափարը չի բացառում: Ափսոսում է, որ, ի տարբերություն եվրոպական երկրների, հայկական ընտանիքներում կնոջ դերակատարությունը երկրորդական է համարվում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31