Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՑԱՐՁԱԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀՆ»՝ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

Հուլիս 07,2006 00:00 Share

Ըստ
ընդդիմադիր պատգամավորների, այդ բացարձակ գերակա հանրային շահն այսօր միայն հարուստների,
օլիգարխների եւ իշխանական վերնախավի շահն է: Երեկ խորհրդարանում քննարկվում
էր «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» կառավարության
ներկայացրած նախագիծը: Ըստ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, նման
օրենք ունենալու անհրաժեշտությունը ծագել է ՀՀ Սահմանադրական դատարանի այս տարվա
ապրիլի 18-ին ընդունած այն որոշումից հետո, որով Երեւանի կենտրոնում բնակիչների սեփականության
օտարումը համարվեց հակասահմանադրական: Սակայն կարեւոր այս օրինագծի քննարկմանը խորհրդարանի
իշխանական մեծամասնությունը չէր մասնակցում, միայն ընդդիմադիր «Արդարություն» եւ
ՕԵԿ խմբակցություններն էին ակտիվ: Նույն պահին, երբ ընդդիմադիր պատգամավորները
պայքարում էին օրինագիծը ետ տանելու եւ մինչ նորից ներկայացնելը՝ հասարակական լսումներ
անցկացնելու օգտին, ԱԺ-ի՝ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ հավաքվել էին Երեւանի կենտրոնի,
Բուզանդի եւ Դալմայի այգիների տուժած սեփականատերերը եւ պահանջում էին, որ արդարադատության
նախարար Դավիթ Հարությունյանը վերցնի իր բերած նախագիծը եւ տանի: Բուզանդի 83 հասցեի
սեփականատեր Գեւորգ Շաբոյանը ԱԺ դարպասների մոտ ուշաթափվել էր, բարձր ճնշում ուներ,
եւ մոտ 30 րոպե անց եկած շտապօգնության բժշկուհին պարզապես հորդորում էր 80-ամյա
ծերունուն՝ այլեւս տնից դուրս չգալ: Ծերունին էլ ասում էր, որ ինքը այլեւս տուն չունի
կառավարության թեթեւ ձեռքով: «Մենք ասում ենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չի, վարչապետը
մեղավոր չի, բայց ամենամեծ մեղավորներն իրենք են, եւ մենք պահանջելու ենք իրենց հրաժարականը
(ԱԺ-ի մոտ մոտավորապես 20 մարդ էր հավաքվել- Մ. Ե.)»: Այս հրաժարականը նախապատրաստելու
համար արդեն ստեղծվել է շտաբ, որի աշխատանքներին մասնակցելու ցանկություն են հայտնել
նաեւ որոշ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հյուսիսային պողոտայի բնակիչների պաշտպանության կոմիտեի նախագահ Վաչագան Հակոբյանը
եւ մյուս բնակիչները վստահ էին, որ ներկայացնելով վերոհիշյալ նախագիծը՝ «արդարադատության
նախարար Դավիթ Հարությունյանը ուզում է իր վայրագություններն արդարացնել եւ մտել
է այս նախագծով: Նրանք ուզում են օրինականացնել իրենց կատարած անարդարությունները
եւ հիմա էլ խոսեն այն մասին, որ ճիշտ են արել՝ մարդկանց իրենց հողերից եւ տներից
օտարելով»: Ինքը՝ Դավիթ Հարությունյանը ավելի ուշ ասաց, որ «նախագծի վերաբերյալ փողոցում
կանգնել եւ բացատրություններ տալը ճիշտ չէ, մանավանդ՝ շատ լարված են կրքերը: Ինչ
վերաբերում է նախագծին, ապա մեկնաբանություններ բազմիցս տրվել են»: ԱԺ դահլիճում
«Արդարություն» խմբակցության անդամներ Վիկտոր Դալլաքյանի, Թաթուլ Մանասերյանի, Արամ
Գասպարի Սարգսյանի, Վարդան Մկրտչյանի, Արշակ Սադոյանի գնահատականները գրեթե չէին
տարբերվում բողոքի դուրս եկած բնակիչների խոսքերից: Վիկտոր Դալլաքյանը մասնավորապես
նկատեց, որ համաձայն նախագծի 4-րդ հոդվածի, հասարակության եւ պետության կարիքների
համար սեփականության օտարման բացառիկ գերակա հանրային շահ է անձանց կյանքի, առողջության
կամ սեփականության պաշտպանությունը: «Այսինքն՝ մի հաստավզի կամ մի չինովնիկի սեփականության
համար կարող է խլվել քաղաքացու սեփականությունը»: Անկախ պատգամավոր Հմայակ
Հովհաննիսյանը նկատեց, որ այն երկրում, որտեղ ձերբակալվում է թերթի խմբագիր, փակվում
է հեռուստաընկերություն, շեշտեց՝ «Ա1+»-ը, նման երկրում «բնականաբար, պետք է խախտվի
նաեւ սեփականության իրավունքը, որպես ժողովրդավարական համակարգի հիմնարար իրավունքներից
մեկը: Եվ մենք այսօր ականատես ենք, թե ինչպես այս օրինագծով հիմք է ստեղծվում խախտելու
մարդկանց իրավունքները»: Պարոն Հովհաննիսյանը նաեւ հարցեր էր տալիս, մասնավորապես
սա՝ «Ո՞րն է այն գիշատիչ շրջանակի շահը, որը պատրաստ է հանուն իր շահի մարդկանց վտարել
իրենց սեփականությունից»: Արշակ Սադոյանը իր հերթին դիմելով սիրելի ռադիոլսողներին՝
նկատեց, որ բացառիկ գերակա հանրային շահ ասվածը ավելին չէ, քան «որոշ անձանց շահը»:
ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանն այս օրինագիծը համարեց «լրջագույն
սոցիալական հնչողություն ունեցող»: Իսկ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը առիթն օգտագործելով
խոսեց այն մասին, թե ինչ եղավ, երբ միայն ինքը այն ժամանակվա իշխանական ուժերից չհանեց
իր ստորագրությունը «Արդարություն» խմբակցության նախաձեռնած ստորագրաթերթիկից, երբ
հավաքեցին ստորագրություններ՝ կենտրոնի վտարված բնակիչների հայցով ՍԴ դիմելու համար.
«Դիմում էիք մի հարցով՝ պարոն Մարգարյան, ձեր ստորագրությունը չհանելու համար արդյոք
ձեզ հետապնդո՞ւմ են: Մեծ ջանասիրությամբ դիմում էիք: Պատասխանում եմ բոլորիդ՝ ոչ
միայն ինձ, այլեւ իմ մերձավորներին, որ ոչ մի կապ չեն ունեցել ինձ հետ, հետապնդում
էին»: Բոլոր ելույթ ունեցողները, բացի ՄԱԿ անդամներ Գուրգեն Արսենյանից եւ
Գրիգոր Ղոնջեյանից, պահանջում էին, որ օրինագիծը հանվի քննարկումից, եւ մինչ այդ
որոշվի, որ սեփականության օտարման հարցերը կարող է լուծել միայն ներկայացուցչական
մարմինը, այս դեպքում՝ միայն Ազգային ժողովը եւ ոչ թե կառավարությունը, որովհետեւ
կառավարության արածներն արդեն տեսել են: Կառավարությունը, սակայն, իր բերած օրինագիծը
ետ տանելու մասին չի էլ մտածում: Այսօր առավոտյան իշխանական մեծամասնությունը կսեղմի
հանձնարարված կոճակները: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել