Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էս մարդը հայերի՞, թե՞ վրացիների թշնամին է

Հուլիս 07,2006 00:00 Share

Խոսքը Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրդյանի մասին է

Հուլիսի 2-ին վրացական «Ախալի Թաոբա» («Նոր սերունդ») թերթը հարցազրույց է հրապարակել Վրաստանի ԳԱԱ պրոֆեսոր, «Լեզու, հայրենիք ու հավատ» քաղաքական շարժման ղեկավար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրամ Շարաձեի հետ: Վերջինս, ի տարբերություն Հայաստանում գործող կուսակցություններից մեկի, որը վերջերս անդրադառնալով Վան Բայբուրդյանի՝ Ջավախքին վերաբերող դիրքորոշմանը, հայտարարել էր, թե նա դավաճան է եւ ուրացել է իր ազգը, պնդում է, որ Վ. Բայբուրդյանը «դաշնակ» է ու քանդում է Վրաստանը:

Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Շարաձեն բողոքով դիմել էր Վրաստանում Հայաստանի դեսպանությանը, ինչպես թերթում է գրած, «Չակրուլի» եւ «Մրավալժամիերի» հայացման դեմ»։ Թերթի թղթակցի այն հարցին, թե՝ ի պատասխան այդ բողոքի, ի՞նչ է ասել ՀՀ դեսպանը՝ Շարաձեն հայտարարել է. «Դեսպանը դեռ ոչինչ չի ասել, փոխարենը իմացա, թե ինչ է մտածում սանձարձակ դաշնակ պատգամավորը, որ նստած է մեր խորհրդարանում»։

Շարժման ղեկավարը նաեւ մասնավորեցրել է, որ խոսքը գնում է Վան Բայբուրդյանի մասին. «Վայը մեզ եւ մեր գլխին, որ երկու գումարման խորհրդարաններում Բայբուրդ պատգամավոր ունենք։ Սա Վրաստանի արթուն թշնամին է, հենց նման հայ քաղաքագետներն են սկսել վրաց-հայկական կռիվը։ Սա 1919 թվականին տեղի ունեցավ։ Հայերը, ովքեր այս կռիվն սկսեցին, այնպես չէին ատում Վրաստանը, ինչպես այս Բայբուրդը»:

Հարցին, թե՝ «չորս տարվա ընթացքում Դուք եւ Բայբուրդը նույն նիստերի դահլիճում էիք նստում, ինչո՞ւ այն ժամանակ նրանից պատասխան չէիք պահանջում», Շարաձեն ասել է. «Ո՞վ է ձեզ ասել, որ պատասխան չէի պահանջում։ Իմ վախից նիստերի դահլիճ այլ դռնից էր մտնում։ Այն բանից հետո, ինչ գնացի խորհրդարանից, այս մարդն արդեն չափն անցնում է։ Ես հայտարարում եմ ի լուր ամբողջ աշխարհի, որ եթե Ջավախեթիում կռիվ սկսվի, եթե արյուն թափվի, դա այնքան «Ջավախքի» մեղքով չի լինի, որքան՝ Վրաստանի խորհրդարանի անդամ Բայբուրդի»։

Խոսելով Վրաստանի խորհրդարանում մյուս երկու հայազգի պատգամավորների մասին՝ Շարաձեն հայտարարել է, թե ինքը բոլորովին էլ դեմ չէ, որ Վրաստանի խորհրդարանում հայեր լինեն. «Սակայն չեմ էլ կարող ասել, որ Համլետ Մովսիսյանը եւ Մելիք Ռաիսյանը Վրաստանի մասին մտածելով են քնում ու արթնանում։ Չնայած նրանք միասին չեն կարող Վրաստանին այնքան վնաս պատճառել, որքան նրանց եղբայրակից Վան Բայբուրդը»։

Պրոֆեսորը համոզմունք է հայտնել նաեւ, որ «Վրաստանի դեմ դավադրության կազմակերպման գործում Վան Բայբուրդն է աջակցում դաշնակներին։ Իսկ մենք այս մարդուն մեծարեցինք եւ երկու անգամ Վրաստանի խորհրդարանի անդամության արժանացրինք։ Նման դեպքեր դեռ էլի տեղի կունենան, եթե, իհարկե, իշխանությունը համապատասխան միջոցներ չձեռնարկի։ Այս իշխանությունն այնպիսի քայլեր չի ուզում անել, որոնք կարող են վատ արդյունքի հանգեցնել»։

Թե վատ արդյունքը ո՞րն է, Շարաձեն մեկնաբանել է. «Թեկուզեւ զինված հակամարտություն։ Նման փաստ 1919 թ.-ին էլ է տեղի ունեցել, ու եթե վրացիների ու հայերի միջեւ կռիվ սկսվի, համոզված եղեք, որ դա մեր իշխանության եւ Վան Բայբուրդի մեղքով կլինի, որն ամեն ինչ կանի, որպեսզի Վրաստանին վնաս պատճառի»։

Թե ինչու ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Հայաստանում «մոլի» ազգայնականները հավասարաչափ ու միանգամայն հակառակ պատճառներով չեն սիրում Վան Բայբուրդյանին՝ մնում է հանելուկ:

Պատրաստեց Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել