
քաղաքագետ Մանվել Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանն իր իշխանությունը չի փոխանցելու Սերժ
Սարգսյանին Երեկ «Կոնգրես» հյուրանոցում քննարկման ժամանակ քաղաքագետ Մանվել
Սարգսյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանի քաղաքական համակարգի բարեփոխման պայմաններ
կան: Բանախոսի կարծիքով, բարեփոխման սկիզբը դրել է կոալիցիայից դուրս եկած «Օրինաց
երկիր» կուսակցությունը: Ըստ Մ. Սարգսյանի, նախագահ Ռոբերտ Քոչարյանի, չինովնիկների
եւ գործարար շրջանակների շահերը տարանջատվել են, ինչը հանգեցրել է իշխանության համակարգի
էրոզիայի: Վերը նշված երեք տարանջատված ուժերի ծրագրերն ու շահերը հակասում են մեկը
մյուսին: Հայաստանում նման իրադրությունը, ըստ Մ. Սարգսյանի, ունի ծագման իր տրամաբանությունը:
«2003թ. ընտրություններից հետո պետության ղեկավարի ավտորիտարիզմի վրա հիմնված կլանային
համակարգին փոխարինեց իշխանության համակարգի ձեւավորման պայմանագրային ձեւը, որը
հիմնվում էր ազդեցությունների ոլորտների բաժանման մասին պայմանագրի վրա (կոալիցիայի
հուշագիր): Իշխանության նման համակարգի պահպանման լրացուցիչ մեխանիզմ էր Հայաստանում
ավտորիտար ընդդիմության առկայությունը, որի գործողությունները կամա թե ակամա երաշխավորում
էին պայմանագրի դրույթների խստագույն կատարում՝ դրա բոլոր մասնակիցների կողմից»,-
ասում է Մ. Սարգսյանը: Եվ ահա 2005-ի նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեից հետո,
հայաստանյան ընդդիմության ինքնավերացումից եւ «Օրինաց երկրի» կոալիցիայից դուրս գալուց
հետո վերացան իշխանական կառույցի ապագա գործունեության եւ կառավարելիության հնարավորությունները:
Ըստ քաղաքագետի, իշխանության ճամբարում ռեալ իշխանությունն անցել է Ռոբերտ Քոչարյանի
ձեռքը, իսկ կոալիցիայի կուսակցությունները կորցրել են իրավիճակի վրա ազդելու իրենց
լծակները՝ զրկվելով խորհրդարանական մեծամասնություն լինելու գործոնից: 2008-ին իշխանաթողության
խնդրի առջեւ կանգնած լինելով, Ռոբերտ Քոչարյանը գործողության մեջ է դնում իր քաղաքական
ծրագիրը եւ ասպարեզ է բերում «Բարգավաճ Հայաստանին», ինչը, Մ. Սարգսյանի կարծիքով,
իշխանության կերպարի ձեւավորման սկզբունքորեն նոր մոտեցում է: Բանախոսի պնդմամբ,
այն կարծիքները, թե նախագահի պաշտոնը հանձնվելու է Քոչարյանի զինակից Սերժ Սարգսյանին՝
անհիմն են: Դա ուշացումով հասկացավ Հայաստանի չինովնիկական դասը եւ գնաց ինքնահամախմբման՝
Հանրապետական կուսակցության եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դաշինքի ձեւով:
Ըստ Մ. Սարգսյանի, նախանձելի վիճակում չեն հայտնվել նաեւ խորհրդարանական գործարարները:
Ժամանակին նրանց մանդատները տանիքի դեր էին կատարում, իսկ ներկայումս՝ նրանց սեփականությունը
դարձել է իշխանական ճամբարի տարբեր բեւեռների քաղաքական հավակնությունների թիրախ
եւ սեփականությունը կորցնելու լրացուցիչ վտանգ: Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


















































