Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլտվություն չունի, բայց կառուցում է

Հուլիս 12,2006 00:00

Երեւանի
Կենտրոն համայնքում, Սարյան փողոցի 24 շենքի հարեւանությամբ, հենց մայթի վրա մոտ
2-2,5 ամիս առաջ մի անշուք կրպակ էր տեղադրվել: Այն ժամանակ շենքի բնակիչները
մտածել էին, թե կրպակն ինչ-որ տեղից ապամոնտաժվել ու ժամանակավորապես դրվել է իրենց
շենքի մոտ՝ հետագայում տեղափոխելու նպատակով: Անցել էին օրեր, ու բնակիչները նկատել
էին, որ ինչ-որ մեկը կրպակը թարմացնելու փորձեր է անում, իսկ հետո մի օր արթնացել
էին ու տեսել, որ կրպակի տերը՝ ոմն «Կոնդեցի Խաչո», կրպակի շուրջ մի քանի քառակուսի
մետր տարածքն իրենով է արել, քարեր շարել ու շինարարության հիմքեր է գցում: Ընդ որում,
փողոցը լուսավորող էլեկտրասյուներից մեկն էլ հայտնվել է կրապակատիրոջ կողմից քարով
գծված շրջանակում: Բնակիչների անհանգստությունն ավելացել էր, երբ այս ու այն կողմից
տեղեկություններ էին ստացվել, թե «Կոնդեցի Խաչոն» որոշել է նախ տեղանքն իրենով անել,
հետո կրպակի փոխարեն խանութ կառուցել: Բնակիչներից մեկի պատմելով՝ իրենք նախ փորձել
են Երեւանի քաղաքապետարանից ճշտել, թե որքանով է օրինական սույն շինարարությունը,
«Կոնդեցի Խաչոն» ունի՞, արդյոք, թույլտվություն ու այլն: Քաղաքապետարանում ասել էին,
թե՝ այդ հասցեում ոչ մի շինության համար էլ թույլտվություն ոչ մեկին չի տրվել, թեեւ
Խաչիկն ինքը, բնակիչների պատմելով, հայտարարել է, թե ամեն ինչ օրինական է, որ ինքը
ունի Կենտրոնի թաղապետարանի «դաբրոն»: Իսկ Սարյան 24 հասցեի բնակիչները երեկվա
դրությամբ արդեն ստորագրահավաք էին սկսել, որով մտադիր էին դիմել ե՛ւ ՀՀ նախագահին,
ե՛ւ քաղաքապետին: Նրանք հայտարարեցին, թե պատրաստ են անգամ դատական կարգով հարցը
լուծել, եթե դրա անհրաժեշտությունը ծագի: Բանն այն է, որ կառուցվելիք շինությունը,
անկախ այն բանից՝ դա մեկ, թե երկու հարկանի կլինի, անգամ արդեն տեղադրված կրպակը
փակում է հիշյալ շենքի 1-ին հարկում գործող զագսի աշխատողների աշխատասենյակի լուսավորությունը
(ի դեպ, մեր տեղեկություններով՝ այդ շենքը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության
բալանսում- Ն. Մ.): Օրերս էլ կրապակատեր Խաչիկն անցել է շենքի բնակարաններով
ու փորձել ճշտել, թե ովքեր են համարձակվում բողոքել իր շինարարության դեմ: Առայժմ,
իհարկե, քաղաքապետարնն ու Կենտրոն համայնքի «շինություն քանդող» պատկան ծառայությունները
մատը մատին չեն խփում: Երեւի հույս ունեն, որ ծավալվող շինարարության դեմ բողոքողներ
չեն լինի, իսկ շինությունը կառուցելուց հետո այն օրինականացնելը՝ մի կլորիկ գումարի
դիմաց, ավելի դյուրին կլինի: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել