Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ

Հուլիս 12,2006 00:00

Վաղը
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը,
որին մասնակցելու նպատակով մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ
Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, արդեն մեկնել է մրցավայր: Մեր պատվիրակությունը
ղեկավարում է վերջերս սիրողական բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնում
վերահաստատված ՀԱՕԿ-ի փոխնախագահ, բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ
Դերենիկ Գաբրիելյանը: Պլովդիվի ռինգում հանդես կգան. 48 կգ. Հովհաննես
Դանիելյան՝ երիտասարդների աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր: 51 կգ. Վաչագան
Ավագյան՝ Եվրոպայի առաջնության մասնակից: 54 կգ. Գաբրիել Տոլմաջյան՝ աշխարհի
երիտասարդական առաջնության 3-րդ մրցանակակիր: 57 կգ. Էդգար Մանուկյան՝ Եվրոպայի
պատանիների չեմպիոն, երիտասարդների բրոնզե մեդալակիր: 60 կգ. Հրաչիկ Ջավադյան՝
միջազգային մրցաշարերի հաղթող: 64 կգ. Գեւորգ Թամազյան՝ հանրապետության առաջնությունների
բազմակի մրցանակակիր: 69 կգ. Սամվել Մաթեւոսյան՝ աշխարհի երիտասարդական առաջնության
3-րդ եւ պատանիների առաջնության 2-րդ մրցանակակիր: 75 կգ. Անդրանիկ Հակոբյան՝
միջազգային մրցաշարերի հաղթող: 81 կգ. Արտակ Մալումյան՝ աշխարհի առաջնության
բրոնզե մեդալակիր: Ինչպես տեսնում ենք, հավաքականում քիչ չեն միջազգային մրցումների
փորձ ունեցող բռնցքամարտիկները, ովքեր տարբեր ռինգերում իրենց լավագույն կողմերով
են դրսեւորել: Դեռ Երեւանում Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելիս «Առավոտին»
տված հարցազրույցներից մեկում գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը նշել էր, որ իրենց
համար ստեղծված են բոլոր պայմանները եւ հույս հայտնել, որ Բուլղարիայում մեդալներ
անպայման կլինեն: Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ռուսաստանի
ազգային հավաքականի կազմ ընդգրկվել է աշխարհի պատանիների չեմպիոն 48 կգ քաշային Դավիթ
Հայրապետյանը: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել