Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐ Է ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ՀԹԳՄ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Հուլիս 18,2006 00:00

Հայաստանի թատերական գործիչների միությունն էլ այն ստեղծագործական կառույցներից է, որի ունեցվածքի մի զգալի մասը օրեցօր փոշիանում է:

Տասնամյակներ առաջ, երբ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը Հրաչյա Ղափլանյանն էր, ողջ ԽՍՀՄ-ում խոսվում էր այն մասին, որ մեր միությունն ամենահարուստն է, որ հայ թատերական գործիչներն ունեն ամեն ինչ՝ Նորքի ստեղծագործական տուն, թատերաարտադրական կոմբինատ, տպարան, միության բաժանմունքների գրասենյակներ եւ այլն: Այսօր, ցավոք, այդ ամենից ոչինչ չի պահպանվել: Միության ղեկավարությունը «ամեն ինչ քամուն է տվել»՝ միությունը վերածելով գերաղքատ կազմակերպության, նույն պահին հարստացնելով նրանց, ովքեր շահավետ գործարքներից տաքացրել են իրենց ձեռքերը…

Մայրաքաղաքում գտնվող միության սեփականությունը շատերի աչքի առջեւ է, ուստի ժամանակ առ ժամանակ դրա մասին խոսվում է, բայց ահա մարզերում գտնվող սեփականությունը շատ վաղուց «վարագույրի հետեւում է»: Միության ղեկավարությունը շատ ավելի անարգել է իրեն պահում դրանց օտարման ու վաճառքի հարցերում: Մի քանի տարի առաջ ԹԳՄ Վանաձորի բաժանմունքի գրասենյակը, որն ուներ 3 սենյակ, փոքր դահլիճ, գրադարան եւ որի կառուցումն ու պահպանումը կապվում էր ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Գրիգորյանի անվան հետ, միության ղեկավարության անտարբերության հետեւանքով քաղաքապետարանի կողմից այն հանձնվեց Մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, ՀԳՄ անդամ Մելս Սանթոյանին՝ որպես ստեղծագործական սենյակ: Այս պատմության մեջ մութ ու գաղտնի շատ բան կա. Վանաձորի թատրոնում բնավ էլ այն մտքին չեն, թե իրենց սեփականությունը հանձնվել է պրոֆեսորին Վանաձորի քաղաքապետի քմահաճությամբ միայն… Եթե Վանաձորում դեռ հարցականներ շատ կան, ապա ԹԳՄ Գյումրիի բաժանմունքի շենքի ճակատագիրն անմիջականորեն առնչվում է Երվանդ Ղազանչյանի եւ բաժանմունքի նախագահ՝ Վ. Աճեմյանի անվան թատրոնի տնօրեն ներկայացող Էդվարդ Պողոսյանի անուններին: Ընդ որում, մեկ տարի առաջ, ՀՀ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի հրամանով, թատրոնի կոլեկտիվի արձակուրդում գտնվելու օրերին, տնօրեն Է. Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տնօրեն է նշանակվել նրա քարտուղարուհին՝ Կարինե Աղաբեկյանը: Սակայն մինչ օրս տնօրենի գործառույթներն իրականացնում է նախկին տնօրենը, որն արդեն 66 տարեկան է:

1986-ին ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանի նախաձեռնությամբ եւ ՀԹԳՄ Լենինականի բաժանմունքի նախագահ Խորեն Աբրահամյանի խնդրանքով, քաղխորհրդի գործկոմը բաժանմունքին տրամադրեց Սայաթ-Նովա փողոցի թիվ 2 շենքի բացվածքը: ԹԳՄ նախագահության որոշմամբ բաժանմունքին տրամադրվեց 70 հազար ռուբլի՝ շինվերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Ստեղծվեց հրաշալի մի կառույց, ուր ձեւավորվեցին բոլոր պայմանները Դերասանի տան գործունեության համար: Աշխատանքները գրեթե ավարտվել էին, երբ տեղի ունեցավ 88-ի երկրաշարժը: ԹԳՄ բաժանմունքի շենքը չտուժեց, անգամ պատերին ճաքեր չառաջացան: ՀԿԿ քաղկոմի առաջին քարտուղար Միսակ Մկրտչյանի եւ քաղկոմի գործկոմի նախագահ Էմիլ Կիրակոսյանի հանձնարարությամբ թատրոնի տնօրեն Մարիամ Գեւորգյանը խնդրում է բաժանմունքի պատասխանատու քարտուղար Սամվել Գրիգորյանին՝ մի քանի օրով բանալիները հանձնել Հայպետնախագիծ ինստիտուտի Լենինականի 4-րդ արվեստանոցի ղեկավարությանը՝ երկրաշարժից տուժած ընտանիքներին հագուստ ու սնունդ բաժանելու համար: Այս մի քանի օրը տեւեց 14 տարի: Ողջ ժամանակամիջոցում Գյումրիի ճարտարապետական արվեստանոցը, որն արդեն ՍՊԸ էր դարձել, տեր կանգնեց շենքին, չցանկանալով վերադարձնել այն իր օրինական տիրոջը:

Գույքի մի մասը, ինչպես վկայում են ճարտարապետները, իրենք հանձնել են արդեն թատրոնի տնօրեն ու բաժանմունքի նախագահ Սամվել Գրիգորյանին: Մենք կարդում ենք 2000թ. տեղի ունեցած ՀԹԳՄ համագումարում ընդունված բանաձեւը բաժանմունքի շենքի ճակատագրի մասին, որով համագումարի պատվիրակները խնդրում են ՀՀ կառավարությանը՝ միջնորդել շենքի վերադարձի հարցում: Կարդում ենք նաեւ Շիրակի գոտում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի՝ կառավարությանը 1995թ. հղված նամակը նույն խնդրի առնչությամբ: 2002թ. օգոստոսի 12-ին ՀԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը Էդվարդ Պողոսյանին նշանակում է մասնաճյուղի նախագահ, այն դեպքում, երբ հենց պարոն Ղազանչյանի առաջարկությամբ ու նախաձեռնությամբ նախագահությունը կազմված է բացառապես թատրոնների գեղարվեստական ղեկավարներից: Այս նշանակումից մի քանի օր հետո թատրոն տեղափոխվեց բաժանմունքի գրադարանի մի մասը: Ինչպես պարզվեց, շենքը վաճառվել էր ճարտարապետական արվեստանոցին: Ո՞վ էր վաճառել: Գյումրիի քաղաքապետարանում հավաստիացրին, որ սեփականատերը վաճառել է ճարտարապետներին: Ըստ էության, վաճառքն իրականություն է դարձել ԹԳՄ նախագահ Ե. Ղազանչյանի, ԹԳՄ Շիրակի մասնաճյուղի նախագահ Է. Պողոսյանի եւ Գյումրիի քաղաքապետարանի փոխադարձ համաձայնությամբ, ծածուկ՝ առանց այս մասին տեղյակ պահելու միության վարչությանը, ՀԳՄ Շիրակի մասնաճյուղի անդամներին:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել