Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՏ ՉԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

Հուլիս 18,2006 00:00

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկել է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 36-րդ առաջնությունը, որում հանդես է գալիս 40 երկրի 236 բռնցքամարտիկ:

Ըստ ամենայնի, այս առաջնությունը խոստանում է մրցավարության տեսանկյունից նախորդների հետ համեմատած լինել ավելի արդար: Այսպես մտածելու հիմքեր տալիս են առաջնությունը լուսաբանող լրատվամիջոցների այն հավաստումները, որ սիրողական բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի ղեկավարությունը, որոնց մեջ է նաեւ այդ կազմակերպության փոխնախագահ Հայաստանի ներկայացուցիչ Դերենիկ Գաբրիելյանը, մրցավարներին նախազգուշացրել է, թե որեւէ կողմնապահություն կամ անարդարություն նկատվելու դեպքում տվյալ մրցավարն անմիջապես կհեռացվի:

Մասնակիցների կշեռքից ու վիճակահանությունից հետո սկսվել են նախնական մենամարտերը: Առաջին երկու օրերին մեր հանրապետության հավաքականից ռինգ է մտել երեք հոգի ու բոլորն էլ պարտության են մատնել մրցակիցներին: Հաղթանակների սկիզբը դրեց 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը: Նա միավորների 31:21 տարբերությամբ պայքարից դուրս թողեց անգլիացի Դեգալ Ջեյմսին եւ հաջորդ մենամարտն անցկացնելու է Վրաստանի ներկայացուցիչ Ռեւազ Կարելիշվիլու հետ: Երկու օր անց 69 կգ քաշային կարգում Սամվել Մաթեւոսյանը համոզիչ հաղթանակ տարավ հունգարացի Իշտվան Ժիլիի՝ 42:24, իսկ Հովհաննես Դանիելյանը (48կգ)՝ մոլդավացի Վյաչեսլավ Գոյանի նկատմամբ: Վաղը Սամվելի մրցակիցը լինելու է Օլեքսանդր Ստրեցկին (Ուկրաինա), իսկ Հովհաննեսինը՝ ադրբեջանցի Ժեյբուն Աբիեւը:

Երեկ մեր հանրապետությունից ռինգ պետք է մտներ եւս երեք հոգի. 51 կգ. Վաչագան Ավագյան-Նորբերտ Կուլաչա (Հունգարիա), 57 կգ. Էդգար Մանուկյան-Կոբա Փխակաձե (Վրաստան), 60 կգ. Իվիդիու Բոբիրնատ (Կիպրոս)-Հրաչյա Ջավախյան, իսկ այսօր մրցելու են՝ 54 կգ. Գաբրիել Տոլմաջյան-Զոլտ Բեդակ (Հունգարիա), 64 կգ. Գեւորգ Թամազյան-Ալես Սուրբեկ (Սլովենիա), 81 կգ. Արտակ Մալումյան-Ռոբերտ Կրամբերգեր (Սլովենիա):

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել