Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնում անասնամորթ է սկսվել

Հուլիս 19,2006 00:00

Այս մարզում երաշտի ու տեղումների պատճառով անասնակերի գինը հավասարվել է մսի գնին:

Արագածոտնի մարզի Արտաշավան, Ափնա, Արայի, Վարդենուտ գյուղերում խոտհունձը սովորաբար սկսվում է հուլիս ամսից: Բայց այս տարվա անակնկալ երաշտի պատճառով այն սկսվեց հունիսի 20-ից: Գյուղացիների խոսքերով, «երաշտն այն ժամանակ բռնեց, երբ խոտը նոր պիտի սկսեր աճել ու փարթամանար: Սակայն ուրիշ ելք չունենալով՝ խոտը ժամանակից շուտ հավաքեցինք, եթե չքաղեինք, պիտի լրիվ վառվեր, թափվեր, տակը բան չմնար»: Հուլիս ամսին ողջ մարզում երաշտին հաջորդեցին հորդառատ տեղումները, եւ գյուղացիները չհասցրին խոտհունձն ավարտել: Անասնապահությունն այս գյուղերի ապրուստի հիմնական միջոցն է: Զգալի վնասներ են կրել հատկապես Ափնայի, Վարդենուտի բնակիչները:

«Այս տարի երաշտի հետեւանքով առանց այն էլ խոտի սակավություն էր սպասվում: Հիմա էլ քաղած խոտը, որը կապել էինք, բայց դեռ չէինք հասցրել տեղափոխել, դաշտերում երկար ժամանակ անձրեւների տակ մնալուց փտել է»,- նեղսրտած պատմում են գյուղացիները: Արդյունքում` գյուղացիների կրած վնասները կրկնապատկվել են: Ափնեցի Սպարտակ Հովհաննիսյանի պատմելով. «Մեծ ծախսեր եմ արել, թել ու սալյարկա եմ գնել, որպեսզի մեխանիզացիայի միջոցով խոտս հավաքեմ, խոտ քաղողին եւ հավաքողին դեռ պարտք եմ, բայց քաղածս 500 տուկ խոտը մնաց անձրեւի տակ ու ամբողջությամբ փչացավ: Հիմա լրիվ քանդել եմ՝ չորացրել, դեղին ու սեւ խոտ է դարձել: Նորից ծախս եմ արել ու կապել, ստացել եմ կեսից էլ պակաս: Մի տարի կարկուտն ամեն ինչ փչացրեց, երկու տարի առաջ մորեխները վրա տվեցին, հիմա էլ խոտը փչացավ, ինչ ենք անելու՝ չգիտենք»:

Վարդենուտցի մի կնոջ խոսքերով, «հույս ունեինք, որ մեր հավաքած խոտից գոնե 200 տուկ դուրս կգա, սակայն ընդամենը 70 տուկ էլ չմնաց, այս տարի խոտը կրակի գին է դարձել, հիմա էլ կովերի կեսը պիտի ծախենք, որ մնացածի համար խոտ գնենք, ուրիշ ճար չկա»: Այժմ Արագածոտնի մարզում խոտի մեկ տուկի արժեքը 800-1000 դրամ է: Գյուղացիներից ոմանք էլ պարզ հաշվարկով եկել են այն համոզման, որ եթե խոտի գինը հասել է մսի գնին, ապա ավելի ձեռնտու է ոչ թե խոտ գնել, այլ անասնամորթ սկսել: Ավելին, ըստ նրանց, նեխած խոտը հատկապես հղի կովերին չեն կարող տալ, քանի որ կովը կվիժի: Այս առնչությամբ Արագածոտնի փոխմարզպետ Սարգիս Սահակյանն «Առավոտին» ասաց. «Երաշտը մարզի գրեթե բոլոր համայնքներում էլ մեծ վնասներ է հասցրել եւ հատկապես տուժել են մշակաբույսերը եւ անասնակերը: Մարզպետը թե՛ կառավարությունում, թե՛ գյուղնախարարությունում հարցը բարձրացրել է եւ հույս ունենք, որ գյուղացիներին վնասների փոխհատուցում կլինի»: Ըստ փոխմարզպետի, գյուղ առ գյուղ ուսումնասիրել են եւ վնասների վերաբերյալ ակտեր են կազմել: Մարզպետարանի հաշվարկներով, այս մարզում բնական աղետները գյուղացուն մոտ 340 միլիոն դրամի վնաս են հասցրել:

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել