Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ 2-3 ԱՆԳԱՄ ԿԿՐՃԱՏԻ ՍՏՎԵՐԸ

Հուլիս 19,2006 00:00

Համենայնդեպս,
ԿԳ նախարարը այդպիսի խոստում է տալիս Վաղը կմեկնարկեն ընդունելության
քննությունները: Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը տվեց իր նախաքննական ասուլիսը:
Ըստ որոշ լուրերի, դեռեւս իր նախորդ պաշտոնավարման ժամանակ պրն Մկրտչյանը
հաշվել է, թե որքան ստվերային գումար է շրջանառվում ընդունելության քննությունների
շրջանում: Մեր տեղեկություններով, այդ թիվը հասնում է 3 միլիոն դոլարի՝ ներառյալ
ռեպետիտորական գումարները: Ըստ մեկ այլ հաշվարկի՝ արդեն ոչ Լ. Մկրտչյանի կողմից արված,
պրն Մկրտչյանի պաշտոնավարման օրոք, այս գումարները զգալի կերպով կրճատվում են: Երեկ
մենք խնդրեցինք նախարարին՝ մեկնաբանել այս լուրերը: Նա, բնականաբար, որեւէ թիվ չհրապարակեց
եւ պատասխանելով հարցին՝ անդրադարձավ առավելապես համակարգային եւ խորքային լուծումների՝
հասնելով մինչեւ կենտրոնացված քննական համակարգի ներմուծմանը, ինչը կնվազեցնի կոռուպցիոն
ռիսկերը ընդունելության քննություններում: Այստեղ է Լ. Մկրտչյանը տեսնում հարցի վերջնական
լուծումը, իսկ մինչ այդ, խոստովանում է, որ ստվերայնությունը կա. «Եթե ասեմ բացառում
եմ՝ ճիշտ չի լինի, քննություններն իրենք արդեն սուբյեկտիվ գործոն են, գործընթացն
ինքնին մրցակցություն է: Սակայն հանձնաժողովների նախագահները իսկապես նվիրված են
իրենց մասնագիտությանը եւ կրթական համակարգին, քայլ առ քայլ կգնանք այդ ճանապարհի
բացառմանը»: Պրն Մկրտչյանը նաեւ հավաստիացրեց, որ ցանկացած դիմորդ, ով ունի գիտելիք,
նրա գնահատականը չի կարող արհեստականորեն իջեցվել, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովն
էլ նրանց շահերը պաշտպանելու համար է. «Եթե այս վերջին չափանիշը պահպանենք, բավական
մեծ գործ արած կլինենք: Սա ինքնին ենթադրում է ձեր ասած խնդրի մոտ 2-3 անգամ ծավալների
կրճատում»: ԿԳ նախարարը խոստացավ քննությունների ընթացքում եւս աշխատել թափանցիկ,
արձագանքել եւ ընթացք տալ լրագրողների կամ ծնողների հայտնաբերած որեւէ խախտման կամ
բողոքի դեպքի: Քննությունների ընթացքում հաշվիչ կենտրոնից տեղեկություն ստանալու
համար ցանկացած մարդ կարող է օգտվել կայքից, որի հասցեն կհրապարակենք առաջիկայում:
Լ. Մկրտչյանն առանձնահատուկ շեշտեց, որ բոլոր հանձնաժողովներին հանձնարարված
է խաղի կանոնները պահպանել սկզբից մինչեւ վերջ. «Ինչպես սկսում ես, այդպես էլ պետք
է շարունակես եւ ավարտես, չի կարող ստուգումն սկզբում խստությամբ արվել, հետո՝ ոչ:
Դիմորդները պետք է վստահ լինեն՝ անկախ նրանից՝ որ օրն են մտնում քննության»: Այնպես
որ՝ բժշկի թղթերով քննությունների հետաձգումը կամ քննությունների օրերի վերադասավորումները
(որ մեր տեղեկություններով արվել են 100 դոլարով), չեն փրկի: Այս տարի 4342
անվճար եւ 5598 վճարովի տեղերի համար ստացվել է 12413 դիմում: Այս տարի ծանրությունը
հիմնականում տնտեսագիտական ուղղության վրա է, շուրջ 500-ով էլ ավելացել է անգլերենից
քննություն հանձնողների թիվը, ինչը այս հանձնաժողովում լրացուցիչ մասնագետների ներգրավման
անհրաժեշտություն կառաջացնի: «Դիմորդ 2006»-ում տեղ գտած մի վրիպակի մասին.
նշված է, որ պատմություն առարկայի գնահատման չափանիշներով, գնահատականի կլորացում
կլինի: Իրականում, ինչպես մյուս առարկաների դեպքում, այստեղ էլ տասնորդական միավորներով
գնահատման համակարգը կպահպանվի: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել