Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՆԻՍՈՒՄ ՆՈՐ Ա՞ՍՏՂ Է ԾԱԳՈՒՄ

Հուլիս 19,2006 00:00

Օրերս Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում անցկացված թենիսի պատանեկան միջազգային մրցաշարում 16-ամյա թենիսիստուհի Զարուհի Հարությունյանը, հանդես գալով Հայաստանի մարզական դրոշի ներքո, գրավեց առաջին տեղը:

Եզրափակիչում նա 6:2, 6:1 հաշվով պարտության մատնեց կորտի տերերից Բրիտանիայի մինչեւ 18 տարեկանների առաջին ռակետ Նեբոջանկոյին:

Տաղանդաշատ հայ մարզուհին, ում մասնագետները մեծ ապագա են կանխագուշակում, միջազգային մրցաշարերին իր առաջին լուրջ մասնակցությունն ըստ էության սկսեց անցած տարվա սեպտեմբերին՝ Կիպրոսում անցկացված պատանեկան միջազգային մրցաշարում, որտեղ նույնպես ճանաչվեց հաղթող՝ վճռորոշ մենամարտում առավելության հասնելով Կիպրոսի այդ տարիքային խմբի առաջատարի նկատմամբ:

Հաղթանակից հետո Զարուհին որոշեց մնալ Կիպրոսում եւ այնտեղ բարձրացնել իր վարպետությունը: Այդ հարցում նրան մեծ աջակցություն է ցույց տվել ու շարունակում է օգնել «Կիպրահայեր» թերթի խմբագիր Սիմոն Այնեջյանը, ով աղջնակի անունով հաշվեհամար բացելով՝ հիմա էլ սփյուռքահայերի շրջանում հանգանակություն է կազմակերպում: Մի քանի ամիս Կիպրոսի ազգային հավաքականի հետ մարզվելով՝ Զարուհին Բանգլադեշում (պետությունում) հանդես եկավ երեք միջազգային մրցաշարերում եւ պատանիների վարկանիշային դասակարգման ցուցակում կտրուկ ցատկ կատարեց՝ 1245-րդ տեղից բարձրանալով 575-րդ հորիզոնական: Իսկ մինչեւ 18 տարեկան աղջիկների ATF-ի դասակարգման՝ օրերս հրապարակած ցուցակում նա արդեն 238-րդն է:

Այժմ Զարուհի Հարությունյանը բնակվում է Լոնդոնում: Նրան հյուրընկալել է տեղաբնակ Դիկ Պետրոսյանը: Թենիսիստուհին մարզվում է Լոնդոնի «Թենիսի ակադեմիայում»՝ անցյալում հայտնի թենիսիստ Էլան Ջոնսի մոտ, ու շարունակում հաջող մրցելույթները: Մասնավորապես, այս տարի Անգլիայի Սաթըն քաղաքում նա, ռուս թենիսիստուհի Պոլինա Ջաբայի հետ ընկերակցելով, հաղթել է զուգախաղերում, այնուհետեւ երկու անգամ առաջինն է ճանաչվել Ստամբուլում կազմակերպված միջազգային պատանեկան մրցաշարերում: Այս պահին Զարուհին Վինչեսթերում մասնակցում է հերթական ներկայացուցչական մրցաշարին ու արդեն հասցրել է մեկ հաղթանակ տոնել:

Թենիսիստուհու մայրը՝ Մարինեն, պատմում է, որ դստերը տարբեր երկրներից արդեն առաջարկում են հանդես գալ իրենց դրոշի ներքո: Բայց Զարուհին կտրականապես մերժում է՝ պատասխանելով, որ ինքը հայ է ու Հայաստանն է իր հայրենիքը: «Դրսում մասնագետները Զարուհուն մեծ ապագա են խոստանում,- ասում է տիկին Մարինե:- Շնորհակալ եմ սփյուռքի մեր բոլոր այն հայերին, ովքեր հնարավորությունների սահմաններում ֆինանսապես աջակցում են Զարուհուն: Բայց մեծ թենիսում հաջողությունները զարգացնելու համար դա բավարար չէ: Հույս ունեմ, որ Հայաստանում էլ կգտնվեն մարդիկ կամ կազմակերպություններ, ովքեր կցանկանան ինչ-որ չափով հովանավորել Զարուհուն: Եվ նա անպայման իր հաղթանակներով վարձահատույց կլինի»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել