Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղնիք՝ տուրիստների համար

Հուլիս 20,2006 00:00

Պատմական Շուշին վերակառուցում են

Խորհրդային տարիներին Շուշիում գործել է առողջարանային
մեծ համալիր, որը տարեկան սպասարկել է մոտ 30 հազար այցելուի: Այդ ժամանակ Շուշին 16 հազար բնակիչ է ունեցել: Այժմ 2500 բնակիչ ունեցող Շուշիում էքսկուրսիայի նպատակով օրական 100-150 տուրիստ է այցելում: Այստեղ այսօր գործում է մեկ հյուրանոց, 2-րդը կառուցվում է: Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի կարծիքով, եթե կարողանան վերադարձնել Շուշիի պատմական կերպարը, որը նաեւ մշակութային է, տուրիզմն այստեղ ավելի մեծ քայլերով
կզարգանա: «Անհրաժեշտ է համընդհանուր ծրագիր, որի հիմքում առաջին հերթին պետք է դրված լինի Շուշիի պատմական կերպարի վերակառուցումը, ինչը Սովետի տարիներին նպատակաուղղված ոչնչացվել է ադրբեջանցիների կողմից: Այդ ամենի դեպքում հնարավոր կլինի նաեւ քաղաքի համար ապահովել տնտեսական զարգացում: Կլուծվի նաեւ տեղացիների աշխատատեղերի հարցը, ինչն այսօր շուշեցիների համար առաջնահերթ խնդիր է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ս. Պետրոսյանը, որը մասնակցել է Շուշիի հետազոտական աշխատանքներին:

Ճարտարապետի ներկայացմամբ, չնայած պատերազմի հետեւանքներին, Շուշիի յուրահատուկ ճարտարապետական միջավայրը պահպանվել է: Ս. Պետրոսյանի կարծիքով, միայն շենքեր կառուցելով՝ քաղաքը զարգացում չի ապրի:
Ճարտարապետն այժմ նախաձեռնել է Շուշիի, ժամանակին հայտնի, արեւելյան բաղնիքի վերակառուցման
աշխատանքները, ինչը, նրա համոզմամբ, ինչպես նախկինում, այսօր էլ զբոսաշրջիկներին
կգրավի: Անցյալ տարի «Շուշի» եւ «Ժան Պողոսյան եւ որդիք» հիմնադրամի միջոցներով իրականացվել է Շուշիի ճարտարապետական ժառանգության ուսումնասիրում, որի ընթացքում չափագրվել են քաղաքի շուրջ 220 ճարտարապետական արժեք ունեցող շենքեր: Մոտ ապագայում կվերակառուցվի նաեւ մեկ ամբողջական թաղամաս, ինչը զբոսաշրջիկներին պատկերացում կտա, թե իրականում ինչպիսին է եղել պատմական քաղաքը: Ճարտարապետի խոսքերով՝ «Այսօր ադրբեջանցիները միջազգային ատյաններում բողոքում են, թե Արցախում հայերը ոչնչացնում են մահմեդական հուշարձանները:
Նախ դրանք պահպանված են եւ հետո հնարավոր չէ ասել, թե որ հուշարձանն է մահմեդական,
որը՝ քրիստոնեական: Անհնար է որոշել բնակելի տների կրոնական պատկանելությունը: Բայց
Շուշիում այսօր կան պաշտամունքային հուշարձաններ: Հաշվառված են 3 մզկիթ, որոնցից
1-ը նախկինում եղել է աղոթատուն եւ եւս 7-8 աղոթատներ, որոնք պահպանվում են՝ ինչպես
եղել են: Գրեթե բոլոր մահմեդական հուշարձանները կանգուն են մնացել եւ միայն մեկ մինարեթով մզկիթն է ավերվել, այն էլ՝ Շուշիի գրավման ժամանակ, որն էլ վերանորոգվել է: Միայն մինարեթը չի վերականգնվել, քանի որ Հայաստանում չկան աղյուսի հետ աշխատող մասնագետներ:
Իսկ Շուշիի Վերին մզկիթում չի վնասվել անգամ հայերեն ցուցանակը, որտեղ նշվում է՝
«պահպանվում է պետության կողմից»:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել