Լրահոս
Օրվա լրահոսը

25 ՏՈԿՈՍ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ՀՀԿ-Ի ՀԱՄԱՐ

Հուլիս 22,2006 00:00

Սերժ
Սարգսյանը սթափ է գնահատում կուսակցության հնարավորությունները Հուլիսի 20-ին
Vox Populi հասարակական կարծիքի հետազոտման կենտրոնն ամփոփել է այս տարվա փետրվարից
անցկացվող on-line մոնիտորինգային հարցման վերջին արդյունքները: Կենտրոնն ինտերնետից
օգտվողներին առաջարկել էր պատասխանել «Քաղաքական գործիչներից ո՞ւմ եք ամենաշատը համակրում»
հարցին: Հուլիսի 20-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 10009 մարդ: Ընդ որում,
յուրաքանչյուր ամիս արձանագրվել է գործիչների վարկանիշների փոփոխություն: Այսպես,
հարցման այս ամսվա արդյունքները, կենտրոնի փոխանցմամբ, հատկապես հետաքրքիր են ՀՀԿ
շարքերում տեղի ունեցող փոփոխությունների համադրությամբ: Ըստ հարցումների, առաջին
հնգյակը զբաղեցնում են Արթուր Բաղդասարյանը՝ 27 տոկոս, Տիգրան Կարապետյանը՝ 26 տոկոս,
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 16 տոկոս, Անդրանիկ Մարգարյանը՝ 14 տոկոս, Շավարշ Քոչարյանը՝
6 տոկոս, Գագիկ Ծառուկյանը՝ 5 տոկոս: Իսկ ահա Սերժ Սարգսյանի համար քվեարկողների
թիվը չի էլ հասնում 1 տոկոսի. փետրվարից մինչ օրս նրա համար, նույն հարցի համաձայն,
քվեարկել է ընդամենը 37 մարդ: «Ընտրական համակարգեր» կենտրոնի փորձագետների համոզմամբ,
ՀՀԿ-ն չի կարող կողմ լինել պատգամավորի 100%-ոց համամասնական ընտրակարգին: «Զուտ
համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների դեպքում հանրապետականի՝
մեծամասնություն դառնալու, նույնիսկ այլ ուժերի հետ կոալիցիոն մեծամասնություն կազմելու
հնարավորությունները միայն տեսական կլինեն»: Սա «Ընտրական համակարգեր» կենտրոնի գործադիր
տնօրեն Արթուր Ավթանդիլյանի տեսակետն է։ Ըստ նրա, «ցանկացած խորհրդարանում քաղաքական
ուժերին պայմանականորեն կարելի է դասակարգել չորս խմբի՝ իշխանական ֆավորիտ կուսակցություն,
իշխանական ազդեցության տակ գտնվող կուսակցություններ, չեզոք եւ ընդդիմադիր կուսակցություններ»։
Նրա ասելով, ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում չի կարող հավաքել ավելի շատ ձայներ,
քան 1999թ.-ին ստացավ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքը. «Հնարավորությունները
ռացիոնալ է գնահատում նաեւ Սերժ Սարգսյանը, որը ՀՀԿ-ի համար 25%-ը գնահատում է որպես
լավ արդյունք»: Ինչպես նկատեցիք, կենտրոնի հարցման մեջ որեւէ անդրադարձ չկար
«Հանրապետականի» հետ մրցակցության մեջ մտած կամ գոնե նման հավակնություններ ունեցող
ու մի քանի ամիս առաջ քաղաքական դաշտում հայտ ներկայացրած «Միավորում հանուն Հայաստանի»
եւ «Դաշինք» կուսակցությունների առաջնորդների վերաբերյալ: Վերջիններիս ղեկավարներից
ո՛չ մեկի անունը, ասենք՝ Սամվել Բաբայան, Վահրամ Բաղդասարյան, Լեւոն Խաչատրյան եւ
այլն, որպես համակրելի քաղաքական գործիչների, պարզվում է՝ ոչ ոք չի մատնանշել: Իհարկե,
չարժե այս հարցման արդյունքներն ընդհանրացնել հանրապետության ողջ ազգաբնակչության՝
քաղաքական գործիչների հանդեպ ունեցած համակրանքների իմաստով, քանի որ, օրինակ, ընդդիմադիր
մի քանի կուսակցությունների ղեկավարների թվում մատնանշված Արամ Զավենի Սարգսյանը,
Արամ Կարապետյանը, Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանն ու այլք անգամ 1 տոկոս էլ
չեն հավաքել: Իհարկե, ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանամետ կուսակցությունների առաջնորդները
սովոր են հայտարարել, թե՝ հատկապես իրե՛նք են այսօր Հայաստանում ամենաշատ վարկանիշ
ու մի քանի տասնյակ հազար անդամներ ունեցող կուսակցությունները: Որ այդպիսին դառնալու
են իրենք՝ ժամանակին հայտարարում էին նաեւ նորաստեղծ կուսակցություններից մեկ-երկուսը,
մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Միավորում հանուն Հայաստանին»: Սակայն, ըստ
մեր տեղեկությունների, վերջին մեկ ամսվա ընթացքում կուսակցաշինությունն այլեւս այն
տեմպերով չի ընթանում, ինչպես նախկինում էր: Մեր աղբյուրների ասելով, այս կուսակցությունները
մարզերում ու նաեւ Երեւանում վերջերս փակել են նախկինում բացված տեղական կառույցների
գրասենյակները: Համենայնդեպս, նման հավաստի տեղեկություններ ստացվել են Նոր Նորքի
5-րդ զանգվածից, ուր նախկինում «Բարգավաճ Հայաստանը» գրասենյակ ուներ, հիմա չունի:
Նույնն ասվում է նաեւ Կենտրոնի Արշակունյաց փողոցի վրա գտնվող գրասենյակի վերաբերյալ:
Երեկ, երբ մենք փորձեցինք ստուգել այդ տեղեկատվության իսկությունն ու այցելեցինք
հիշյալ հասցե, «Բարգավաճ Հայաստանի» գրասենյակը դատարկ էր՝ ինչպես դրան նախորդած
մի քանի օրերին: Կուսակցությունից երեկ պարզաբանումներ ստանալու մեր փորձերը ապարդյուն
էին, որովհետեւ կենտրոնական գրասենյակում մեզ ասացին, թե խորհրդակցություն է, իսկ
մեր հարցի պատասխանը մենք կարող ենք ստանալ միայն վաղը, եթե այցելենք գրասենյակ:
Թե որքանով է այս կուսակցության եւ ՄՀՀ-ի գրասենյակների փակումը պայմանավորված ներքաղաքական
դաշտում շատ արագ տեղի ունեցող փոփոխություններով ու ՀՀԿ-ի՝ մի շարք հայտնի գործարարներով
ու քաղաքական գործիչներով համալրվելու հանգամանքով՝ հայտնի չէ: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել