Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԲԱՌԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎՐԱ ՉԻ ԱԶԴԻ

Հուլիս 25,2006 00:00

Երեկ
լրագրողներս ԿԳ նախարարի ուղեկցությամբ այցելեցինք մաթեմատիկայի հանձնաժողովի անդամներին,
ովքեր քննությունից հետո արդեն գրավորների ստուգմանն էին ձեռնամուխ եղել: Նախարար
Լեւոն Մկրտչյանը դիմորդների ծնողների հետ իր ամենօրյա հանդիպումներում վստահեցնում
է, որ գնահատման չափանիշները պահպանվելու են ողջ քննաշրջանում, եւ քննությունների
վերջում անակնկալ բարձր մրցույթ չի գրանցվի: Երեկ նա այս մասին ասաց նաեւ լրագրողներին՝
ավելացնելով, որ եթե այս սկզբունքը պահպանվի, ապա նախորդ տարիներից բավական ցածր
մրցույթ կունենանք: «Պարտավորություն ունենք առաջին օրերի երեխաների առջեւ՝ նույն
չափանիշները, խստության աստիճանը, որ կիրառվում է առաջին շաբաթվա ընթացքում, վստահաբար
պետք է կիրառվի նաեւ օգոստոսի սկզբին, կեսին: Ես ծնողներին խոստացել եմ, որ եթե որեւէ
մեկը կողքից շեղում նկատի, ինձ ասի, որովհետեւ մրցույթը պահելու, շեմն իջեցնելու
միակ տարբերակը դա է: Եթե որոշ ռեպետիտորներ ճնշման միջոցով փորձում են գնահատման
չափանիշների մեղմացման հասնել, դա չի լինելու, երեխաներին չի կարելի տարբեր իրավիճակների
մեջ դնել»: Մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովի նախագահ Աղավարդ Խաչատրյանն
ասում է, որ դեռ գոհ չէ բարձր միավորների քանակից: Մինչեւ երեկ գրանցվել է 1 «20»,
4 «19.5» եւ 10 «19» միավոր: Պրն Խաչատրյանը վստահ է, որ լավագույնները՝ «Քվանտի»,
Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտները դեռ չեն եկել. ըստ նրա, այս դպրոցներն ավարտող երեխաների
գիտելիքների մակարդակը զգալիորեն տարբերվում է մյուսներից, «բարձրակարգ ուղեղ ունեցող
երեխաներ են»: Նախորդ տարիների 30-35 տոկոս բացասական միավորների դիմաց այսօր ունենք
24 տոկոս բացասական՝ օրվա կտրվածքով, ինչը պրն Խաչատրյանը նորմալ է համարում: Շաբաթ
օրը մասնակցեցինք նաեւ անգլերեն բանավոր քննությանը: Առարկայական հանձնաժողովի նախագահ
Գայանե Գասպարյանը մեզ ասաց, որ անցյալ եւ այս տարվա դիմորդների մակարդակը գրեթե
նույնն է: «Սակայն նախորդ տարիների համեմատ մակարդակը բավականին ընկած է: Այն տարիներին
գերիշխում էին 16,17 գնահատականները, իսկ այս տարի՝ 11-15-ը»: Սակայն նա կարծում
է, որ սա էլ է բավարար հանրակրթական ոչ բավարար ուսուցման պայմաններում: Գ. Գասպարյանը
նշեց, որ բանավոր քննության ժամանակ դիմորդների մոտ հաճախ է նկատվում արգելակում,
սակայն սա չի խանգարում մասնագետներին՝ դիմորդից պահանջել հաղորդակցության ունակությունը:
Սա առաջնային պահանջն է, որի բավարարման դեպքում դիմորդը կարող է հավակնել բարձր
գնահատականի: Տեքստի վերաբերյալ հարցերին պատասխանել, զրուցել առաջադրվող թեմայով,
տեքստից հատված ընթերցել, բառարանի օգնությամբ թարգմանել մի հատված. սրանք անգլերեն
բանավոր քննության ժամանակ պահանջվող կետերն են, որոնք պիտի հաղթահարի դիմորդը: Ուղղակի
հարցազրույցի թեմաներն արդեն մի քանի տարի չեն փոխվում, ինչը կարող է պատճառ դառնալ,
որ դիմորդը քննության ժամանակ ոչ թե հաղորդակցվի, այլ իր անգիր արածն ասի: Այս դեպքում
Գ. Գասպարյանը հարցերով փորձում է դիմորդին հնարավորություն տալ ազատ արտահայտվել:
«Արտասանության՝ ակցենտի վրա ուշադրություն չենք դարձնում: Միայն թե պահանջվող օրենքներով
բառը ճիշտ արտասանվի: Ուզում է՝ Գավառի, ուզում է՝ Արմավիրի ակցենտով խոսի երեխան,
դա չի անդրադառնա նրա գնահատականին»,- վստահեցրեց Գ. Գասպարյանը: Նա ցավով նշեց,
որ հատկապես անգլերենի բանավոր քննությունից խուսափում են մարզերի դիմորդները, թեեւ
հուլիսի 20-ին «20»-ի է արժանացել Սյունիքի մարզից մի դիմորդի «շողշողուն» պատասխանը:
Բակում հավաքված մարզերից եկած «պարապող ուսուցիչները» պատմեցին իրենց մոտ
անգլերեն լեզվի ուսուցման մակարդակի մասին: «Արթիկի վարժարանում շաբաթական 4-5 ժամ
հատկացնում ենք անգլերեն լեզվին: Ուսուցման մակարդակը բավականին բարձր է, ուղղակի
աշակերտներից շատերը վախենում են անգլերեն հաղոդակցվել դասախոսների հետ»,- ասաց Արթիկի
վարժարանի անգլերեն լեզվի ուսուցչուհի Եպրաքսյա Շիքարյանը: Երբ դիմորդներին հարցրինք,
թե ինչ սպասելիքներ ունեն քննությունից եւ ինչպես են գնահատում իրենց գիտելիքները,
Արմինե Անխչյանն ասաց. «Ասում են, որ ամենաբարձրը՝ 20-ը, չեն դնում, դրա համար էլ
ես ոչ թե 20-ի եմ ձգտում, այլ գոնե բարձր գնահատականի»: Սակայն հուլիսի 22-ին անգլերեն
բանավոր քննության ժամանակ ժամը 13-ի դրությամբ եւս մեկ «20» գրանցվեց: 190 դպրոցից
դիմորդ Լիլիթ Աբգարյանը, ով արժանացել էր այդ գնահատականին, ասաց. «Որեւէ ավելորդություն
չնկատեցի քննության ժամանակ: Կարծում եմ, որ մեր գիտելիքներն, իրոք, օբյեկտիվորեն
գնահատվում են»: Ի դեպ, քննության ընթացքին կարող են հետեւել նաեւ ծնողները.
քննասենյակներում տեղադրված են տեսախցիկներ: Սակայն այս սենյակներ ծնողների մուտքն
արգելված է: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆn Հ.
Գ. Հիասթափեցնելով բուհերի բակում մանր բիզնեսով զբաղվող անձանց՝ պետք է ասենք, որ
հարցաթերթերի նմուշները, որ նրանք վաճառում են 50-200 դրամով, այսուհետեւ ցանկացած
անձ կարող է ձեռք բերել անվճար՝ այցելելով www.gtech.am կայքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել