Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՔԱՅԼԵՐ

Հուլիս 28,2006 00:00

Բարեփոխումներ բժշկասոցիալական փորձաքննության
համակարգում Սոցիալական ոլորտի բարեփոխումների համատեքստում աշխատանքի եւ
սոցիալական հարցերի նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնակչությանը
ծառայություններ մատուցելիս կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն: Փորձը ցույց է տալիս,
որ կոռուպցիան լիովին արմատախիլ անել հնարավոր չէ, սակայն կիրառելով համակարգված
մոտեցում՝ ճշգրտելով օրենսդրությունը, խստացնելով վերահսկողությունը, հնարավորինս
նվազեցնելով քաղաքացի-պաշտոնյա շփումը, հանրությանն իրազեկելով, կարելի է նվազեցնել
պաշտոնեական դիրքի չարաշահումն ու սուբյեկտիվ մոտեցումը: Հաշվի առնելով ոլորտի
առավել ռիսկայնությունը՝ արդեն մի քանի տարի բարեփոխումներ են նաեւ բժշկասոցիալական
փորձաքննության համակարգում. ՀՀ կառավարության որոշմամբ իջեցվել է հաշմանդամությունը
անժամկետ սահմանելու շեմը: 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների համար նախկինում այն
10 տարի էր, իսկ 3-րդ խմբի համար՝ 15 տարի: Նոր կարգով հաշմանդամությունը սահմանվում
է անժամկետ, եթե 7 տարի անձն ունի հաշմանդամության խումբ: Միայն այս քայլի շնորհիվ
2003թ. եռապատկվել է անժամկետ հաշմանդամություն ունեցողների թիվը (2002թ.՝ 2166,
2003թ.՝ 6341): Ավելի պարզ՝ տասնյակ հազարավոր մարդկանց մի մասը՝ 3, իսկ ավելի
ստվար մասը 8 տարի պարտավոր չէ այլեւս պարբերաբար բժշկական փորձաքննության ենթարկվել,
վերահաստատել հաշմանդամության իր կարգը: Մինչեւ 2003 թվականը մեկ աչքի տեսողության
անվերադարձ բացակայության դեպքում անձը հաշմանդամ չէր ճանաչվում: Նոր որոշմամբ այս
անձինք ստանում են հաշմանդամության 3-րդ խումբ: 2006թ. մարտին կառավարությունն ընդունել
է «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» որոշումը:
Նպատակն է հստակեցնել, կանոնակարգել, հաշմանդամի համար պարզեցնել բժշկասոցիալական
փորձաքննության գործընթացը: Նախկինում ինչպես առաջին անգամ փորձաքննվող անձինք, այնպես
էլ վերափորձաքննվող հաշմանդամները պետք է ներկայացնեին բժշկական կազմակերպության
ուղեգիր (88 ձեւ): Ըստ նոր կարգի՝ վերափորձաքննվողները ազատվում են ուղեգիր ներկայացնելու
պարտականությունից, քանի որ այն, ըստ էության, քաղվածքներ է բժշկական փաստաթղթերից,
որոնց բնօրինակները արդեն իսկ ներկայացնում են հիվանդները: Այս փոփոխության շնորհիվ
տարեկան մոտ 40.000 հաշմանդամ ստիպված չի լինի դիմել մեկ այլ միջանկյալ օղակի: Ավելի
պարզ՝ եթե ստիպված չէ դիմել, ուրեմն ստիպված չէ նաեւ «շնորհակալություն» հայտնել:
40.000 մարդ՝ յուրաքանչյուր տարի: Փոխվել է բժշկասոցիալական փորձաքննական
հանձնաժողովի որոշումը բողոքարկելու ժամկետը: Հին կարգով նախատեսված էր բողոքարկման
մեկամսյա ժամկետ, նոր կարգով այդ ժամկետը երկարացվել է մինչեւ 6 ամիս: Հաշմանդամ
երիտասարդ անձանց հասարակություն ներառելու, հաշմանդամության հիմնախնդրին սոցիալական
մոդելի տեսանկյունից լուծումներ տալու, միջազգային փորձը տեղայնացնելու նպատակով՝
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է համարել փոփոխություններ
կատարել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին»
ՀՀ օրենքում: Մասնավորապես՝ նախկինում ընդունելության քննությունները դրական գնահատականներով
հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները, հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող
անձինք, առանց մրցույթի, ընդունվում էին պետական բարձրագույն կամ միջին մասնագիտական
ուսումնական հաստատությունների անվճար համակարգ: 2006թ. հունիսից այդ անձինք ընդունվում
են ուսումնական հաստատությունների անվճար համակարգ՝ վճարովի համակարգի համար առնվազն
անցումային միավորներ հավաքելու դեպքում: Նշված հիմքերով անվճար սովորող անձինք տեղափոխվում
են վճարովի համակարգ, եթե վերափորձաքննության ընթացքում հաշմանդամ չեն ճանաչվում:
Վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի
կամ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ
ուսումնական հաստատության անվճար համակարգ: Ավելի պարզ՝ նախկինում մարդիկ
ամեն ինչ անում էին, որպեսզի դիմորդը հաշմանդամություն ունենա եւ բուհ ընդունվելիս
ազատվի մրցակցությունից: Բնականաբար, նրանց «ընդառաջողներ» չէին կարող չլինել: Որոշ
ծնողներ այս գործընթացն սկսում էին երեխայի ծննդյան օրվանից՝ նախապատրաստելով համապատասխան
բժշկական «հիմնավորումներ»: Վերջին երեք տարիներին համակարգում զգալիորեն
նվազել է բողոքարկումների թիվը (2003թ.՝ 346 բողոքարկում, 2004թ.՝ 288, 2005թ.՝ 196,
2006թ. առաջին կիսամյակ՝ 74): Տարիներ շարունակ չլուծված խնդիր էր հեռավոր, սահմանամերձ,
սոցիալապես առավել անապահով գյուղերի բնակչության բժշկասոցիալական փորձաքննության
մատչելիության ապահովումը: Այդ նպատակով, սկսած 2004թ., ԲՍՓՀ-ներն այցելում են նշված
տարածքներ եւ իրականացնում արտագնա փորձաքննություն: Նշված գործընթացի շնորհիվ 2004-2006թթ.
ավելի քան 400 մասնագետ այցելել է սահմանամերձ եւ հեռավոր գյուղեր, փորձաքննության
արդյունքում հաշմանդամ է ճանաչվել 1300 մարդ: Ավելի պարզ՝ այս մարդիկ չգիտեին
էլ ուր գնալ, ում դիմել, ինչ փաստաթղթեր ներկայացնել: Լուծումը փորձաքննողներին նրանց
մոտ ուղարկելն էր: Նաեւ խստացվել է հսկողությունը ԲՍՓՀ-ների գործունեության
նկատմամբ: Պարբերական բնույթ են ստացել տեղերում արտագնա ընդլայնված նիստեր կազմակերպելը,
հսկողական քննությունների ժամանակ հայտնաբերված սխալ որոշումները, ստուգումների արդյունքները
քննարկելը եւ հանրայնացնելը: Ժամանակի պահանջ էր մանկական մասնագիտական ԲՍՓՀ-ի կազմավորումը,
որն էապես նպաստել է երեխաների փորձաքննության բարելավմանը: Ուշադրություն է դարձվում
անձնակազմի որակավորման բարձրացմանը: Առողջապահության նախարարության Ազգային ինստիտուտում
կազմակերպվել է ԲՍՓՀ-ների բժիշկ-մասնագետների վերապատրաստում: Նշված բարեփոխումները,
որոնք ինչ-որ չափով բարելավել են ԲՍՓՀ-ների գործունեությունը, շարունակական են լինելու:
Վերջում բնական հարց՝ ամեն բան իդեալակա՞ն է համակարգում: Ոչ: Իհարկե՝ ոչ:
Խնդիրներ կան, կոռուպցիոն ռիսկեր՝ նույնպես: Բայց դրանք նվազեցնելու ճանապարհը համակարգված
աշխատանքն է: Ոմանք սա չեն ընկալում շատ անձնական պատճառներով: Բայց դա իրենց խնդիրն
է: Իսկ նախարարության խնդիրը հաշմանդամ քաղաքացիների կյանքը գոնե ինչ-որ չափով դյուրացնելն
է: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել