Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատի հիվանդանոցը անմխիթար վիճակում է

Հուլիս 28,2006 00:00

Հիվանդներին այնպիսի «Ռաֆ»-ով ու «Երազ»-ով են տեղափոխում, որոնցով երթեւեկելիս առողջ մարդը կհիվանդանա:

Շուրջ 15 տարի է Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության մեքենաները չեն նորացվել, եղածներն էլ, մեղմ ասած, «փուլ» են եկած եւ հեռու են այդպիսին կոչվելուց: Բուժհիմնարկն ընդամենն ունի 3 մեքենա (մեկը՝ «Ռաֆ», երկուսը՝ «Երազ»): Վատառողջ մարդկանց կամ հիվանդներին սպասարկող մեքենաներում նույնիսկ տարրական հարմարություններ չկան, որպեսզի հիվանդին առաջին բուժօգնություն ցուցաբերվի՝ մինչեւ կհասցնեն հիվանդանոց: Բուժհիմնարկի շենքը եւս երկար տարիներ վերանորոգման երես չի տեսել: «Առավոտի» հետ զրույցում «Արտաշատի հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Ավիկ Պետրոսյանն ասաց. «Որպես մարզային հիվանդանոց, մեզ բավարարում է, բայց շենքային պայմանները, սարքավորումները բարելավելու, թարմացվելու կարիք ունեն, դրանք ֆիզիկապես մաշված են»: Այս տարի ՀՀ կառավարությունն ու Համաշխարհային բանկը համաձայնության գալով, հիվանդանոցի հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացրել են 90 մլն դրամ: Տնօրենի խոսքերով, բարելավվելու են ոչ միայն շենքային պայմանները, այլեւ նորացվելու են շտապօգնության մեքենաները, սարքավորումները, լուծվելու է նաեւ ջեռուցման խնդիրը:

Եվրոչափանիշներին համապատասխանեցնելուց ու վերազինելուց հետո, քաղաքային հիվանդանոցը կմիավորվի Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսերին ու ծննդատանը, որոնք նույնպես ՓԲԸ-ներ են: Տնօրենի ներկայացմամբ, մարզի բնակչությունը վճարունակ չէ, հետեւաբար իրենց դիմում են պետպատվեր ունեցող հիվանդները. «Թեեւ մեկ-մեկ լինում են պլանային վիրահատություններ, որն արժե 67.500 դրամ»:

Բուժհիմնարկը տարեկան սպասարկում է մոտ 2500 հիվանդի, ըստ Ա. Պետրոսյանի, միջինը 40-ից բարձր մարդիկ են, եւ գերակշռում են ինֆարկտ, կաթված եւ սրտանոթային հիվանդությունները: Հիվանդանոցի բժիշկները ստանում են 30-40 հազար դրամ աշխատավարձ: Ինչպես մյուս բուժհիմնարկներում, այստեղ էլ տնօրենը չբացառեց, որ բժիշկները հիվանդներից փող են վերցնում. «Եթե ասեմ նման բան չկա, կհավատա՞ք, ես չեմ կարող այդ ամենը կարգավորել, հետո նման դեպքերում հիվանդը բժշկի հետ առանձին է խոսում, ես ներկա չեմ լինում, հետո էլ մեր ժողովուրդը հետաքրքիր բնավորություն ունի, երբ հարցնում ենք փող վերցրե՞լ են, պատասխանում են՝ ոչ, էլ ինչ անենք»:

Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Վարդան Հովհաննիսյանի խոսքերով, պոլիկլինիկա այցելությունների եւ տնային կանչերի թիվը կտրուկ ավելացել է: Այս տարվա 6 ամսվա կտրվածքով 32 հազար 956 մարդ է հաճախել առաջնային բուժօգնություն ստանալու: 2 հազար 565 էլ կանչ է եղել:

Թեեւ պոլիկլինիկայի պայմանները հիվանդանոցից համեմատաբար լավ են, սակայն այստեղ էլ ռենտգեն ապարատի կարիք կա. «Ես մեր միջոցներով չեմ կարող այն գնել, հույսներս կառավարությունն է»:

ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել