Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության դասագիրք երեկվա ու այսօրվա համար՝ միայն -6

Օգոստոս 17,2006 00:00

Անկախության վերահաստատումից առաջ ու հետո հայ քաղաքական ասպարեզի միակ անփոփոխ հիվանդությունը եղել է… ամեն երկուշաբթի կյանքը նորից սկսելը:

Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ ընտրողներս: Վերջապես ե՞րբ է գալու մեր երեքշաբթին, այն է՝ սեփական շահերի սպասարկումը եւ սեփական շահերի գիտակցված ու հետեւողական պաշտպանությունը: Հայ քաղաքական կյանքի ամենահիմնական ու մշտական դարձողի նկրտումներ ունեցող հիվանդությունն այն է, որ բոլորը սպասում են դիմացինի քայլին, որպեսզի իրենք հաջող կամ հարկադրված հակաքայլ անեն:

Դա ակնհայտ սխալ է. սեփական խաղն ունեցողը, սեփական անելիքն իմացողը երբեք այդպես չի վարվում:

2007-ի ընտրություններում իշխանության ու ընդդիմության անելիքները ընտրությունների բարդ հավասարման երկու անհայտներն են, բայց կա երրորդ անհայտը՝ ընտրողի կամքը, որը, հայտնի է, թե ինչու ու ինչպես իշխանությունը ջանում է հավասարեցնել 0-ի, իսկ ընդդիմությունը՝ բացարձակ մեծության:

Հայտնի ու հասկանալի է, բայց «ինչպե՞ս» հարցը երկուսին էլ վերաբերում է:

Ուստի այս ընտրությունների կարեւոր գործոն պետք է դիտել հենց այդ երրորդ անհայտի քայլը ծրագրելը: Իհարկե՝ ցանկացած նախընտրական պայքար հենց այդ նպատակին է ուղղված, բայց ժամանակն է նոր մարտավարություն որդեգրել եւ նախընտրական ծրագրերը կազմելիս առաջնորդվել ոչ թե միմյանց ռազմա-մարտավարությունները ոչնչացնելու ու սխալները վերհանելու սկզբունքով, այլ՝ ուղղակի սեփականը առաջ մղել՝ առանց սեւ տեխնոլոգիաների կիրառման: Հայաստանի ընտրողները վաղուց վաստակել են այդ իրավունքը՝ տեղյակ լինել ու ընտրել, վերջապես ընտրել ոչ թե անձերին, այլ նրանց ծրագրերը՝ այդ ծրագրերը իրականացնելու մեխանիզմների իրատեսականությանը առաջնություն տալով: Ուստի իրական նախընտրական պայքարը պետք է լինի հանուն յուրաքանչյուր ընտրողի մտքի ու սրտի եւ առաջադրված ծրագիրը պետք է պատասխանի հենց այն հարցերին, որ ծնվում են ընտրողի մտքում ու նրա սրտով են նաեւ լուծումները:

Սա աքսիոմա է, ու թեեւ աքսիոմաները ապացուցումներ չեն պահանջում, բայց քաղաքական աքսիոմաները ապացուցման անհրաժեշտություն ունեն: Եթե, իհարկե, քաղաքական հաղթանակների ակնկալություն կա:

Ուստի յուրաքանչյուր ընտրողի առաջ ծագում են բարդ հարցեր. սեփական կարծիք ունենալու, հարեւան-բարեկամ-կուսակցական խաղից վեր գտնվելու, ընտրակաշառքի ձեռք չմեկնելու, հայրենիքի գիտակցություն ու նաեւ զգացողություն ունենալու, սեփական անձի ու սեփական պետության ճակատագրի մեջ վճռական դեր խաղալու կամք գտնելու համար: Յուրաքանչյուր ընտրողի գիտակցության ու ենթագիտակցության մեջ ամրագրել է պետք, որ ընտրությունն իրենն է, բայց ընտրությունը չի սկսվում ու վերջանում քվեարկությամբ, դա ընդամենը մի մասն է գործընթացի, ընտրությունը պայքար է, իսկ պայքարում հաղթում է ուժեղը ու պետք է ուժեղ լինել՝ չնվալու ու հաղթելու համար: Վերջապես հերիք է ուրիշներից սպասել սեփական երկրում ինչ-որ բան փոխելը՝ փոխելու համար նախ պետք է փոխվել: Եվ մինչեւ յուրաքանչյուր ընտրողի հոգեբանության ու գիտակցության մեջ տեղի չունենա այդ փոփոխությունը, ամեն ինչ մնալու է նույնը՝ ով էլ ինչ խոստանա, յուրաքանչյուրը անում է՝ ինչ իրեն է ձեռնտու ու ինչ կարողանում է:

Հետեւությունները՝ յուրովսանն:

Ով ինչ, ինչքան ու ինչու հասկացավ:

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել