Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ Է ՊԱՅԹԵԼ ԳԱԶԻ ՑԻՍՏԵՌՆԸ

Օգոստոս 24,2006 00:00

Ականատեսների պատմածները խիստ տարբերվում են պաշտոնական վարկածից

Օգոստոսի 12-ին Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցավ արտակարգ պատահար. հեղուկ գազ տեղափոխող բենզատարը պայթել էր, ինչի հետեւանքով տուժել էր միանգամից չորս ավտոմեքենա, երկու մարդ տեղում զոհվել էր, մնացածն էլ ծանր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին Դիլիջանի, Երեւանի հիվանդանոցներ: Զարմանալիորեն վթարի մասին այնքան հպանցիկ ու մակերեսային խոսվեց, կարծես ոչ մի արտառոց դեպք չէր եղել եւ սովորական վթար էր: Ըստ պաշտոնական աղբյուրի, վթարը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ պրոպան գազ տեղափոխող «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի քարշակը (ցիստեռն) շուռ է եկել, բռնկվել եւ միանգամից պայթել: Պայթյունի հետեւանքով էլ բռնկվել էին դրա ետեւից ընթացող ավտոմեքենաները: Մինչդեռ այս դեպքի առնչությամբ մի շարք հետաքրքիր մանրամասներ կան: Հեղուկ գազով լի մեքենան գնալիս է եղել Վանաձոր: Մեր տեղեկություններով, քարշակը գազ տեղափոխելու համար լիցենզա չի ունեցել, եղել է ինքնաշեն: Իսկ ինքնաշենի դեպքում լիցենզիա չի տրվում: Ըստ մասնագետների, լիցենզիա միայն տրվում է գործարանային արտադրության ցիստեռններին: Որ քարշակը ոչ սարքին վիճակում է եղել՝ վկայում են նաեւ դեպքից տուժածները: Նրանց պատմելով, քարշակը շուռ չի եկել, ինչպես ներկայացնում են պաշտոնական աղբյուրները, այլ «տեղում կանգնած, ցիստեռնից գազը հոսելով թափվել է ճանապարհին եւ սպիտակ եղյամի պես սկսել է տարածվել ասֆալտով մեկ»: Ականատեսների խոսքերով, մի քանի վայրկյան անց թափված գազը բռնկվել է եւ մեծ արագությամբ հասել ցիստեռնին, որից հետո էլ տեղի է ունեցել պայթյունը: Քարշակի կտորները տարածվել են շրջապատով մեկ: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ ալիքը մի մեծ մետաղակտոր դեպքի վայրից մոտ 500 մետր թռցրել է դեպի ճանապարհամերձ անտառ: Ըստ մեր աղբյուրի, գազատար մեքենան պատկանել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդուն՝ Արման Դարբինյանին: Վերջինս Վանաձորում զբաղվում է հեղուկ գազի բիզնեսով. քաղաքում մի քանի կետ ունի, որտեղից շրջիկ մեքենաներով բնակչությանը գազ է մատակարարվում: «Առավոտի» հետ զրույցում Վանաձորի քաղաքապետը եղբորորդուց չհրաժարվեց, բայց կտրականապես հերքեց, որ նա որեւէ առնչություն է ունեցել գազի վթարի հետ. «Իմ եղբորորդին այդ պայթյունի հետ որեւէ կապ չունի: Ճիշտ է՝ նա գազի բիզնեսով զբաղվում է, բայց կոնկրետ այդ ցիստեռնը «Եռյակ» ՍՊԸ-ին է պատկանել: «Եռյակի» տնօրենն իմ ընկերն է՝ համակուրսեցին: Մենք ընկերական կապեր ունենք, բայց բիզնեսում որեւէ կապ չունենք: Իմը շինարարական բիզնես է, նրանը՝ վառելիքի: Ճիշտ է՝ դեպքի օրը ընկերս ինձ զանգել է եւ խնդրել, որ օգնեմ, քանի որ Դիլիջանում տուժածներին օգնություն ցուցաբերելու համար շտապօգնության մեքենաները չէին հերիքում, Վանաձորից բերեցինք: Ես ընդամենը իմ քաղաքացիական պարտքն եմ կատարել: Այդ գործով դատախազությունը զբաղվում է, թող պարզի՝ ով է մեղավորը»:

Ինչ վերաբերում է իր հովանավորությանը եղբորորդու բիզնեսին, ըստ պարոն Դարբինյանի՝ «Ինքը ժիր, շուստրի տղա է եւ իմ հովանավորության կարիքը չունի: Ես չեմ ուզում, որ իմ անունը շահարկվի, ես գազի հետ որեւէ առնչություն չունեմ, հետո՞ ինչ, որ իմ եղբոր տղան է»:

Գազի վթարի գործը Տավուշի մարզի դատախազությունում է՝ ավագ քննիչ Արարատ Ազիբեկյանի վարույթում: Վերջինիս պարզաբանմամբ, նշանակվել է ցիստեռնի տեխնիկական փորձաքննություն. «Պետք է ճշտենք՝ ցիստեռնը գործարանայի՞ն է եղել, թե՝ ոչ, մենք էլ կասկածներ ունենք, որ ինչ-որ բան այն չէ, չնայած անձնագիր ունի, որտեղ նշված է, որ մինչեւ 2012 թվականը ցիստեռնը լիցենզիա ունի, բայց, ինչպես պարզվեց, քարշակը հերթական զննումը չի անցել, որը նախատեսված էր 2006-ի մայիսին՝ պարզելու համար շահագործման ենթակա՞ է, թե՝ ոչ: Մեքենան պատկանել է «Եռյակ» ՍՊԸ-ին»: Դատախազության տվյալներով, վթարի հետեւանքով 5 մարդ արդեն զոհվել է, իսկ մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել