Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ «ՀՐԱԲԽԱՅԻՆ» Է

Օգոստոս 25,2006 00:00

Բայց՝ ոչ հեղափոխական

Երեկ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, գնահատելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը, այն որակել է որպես «հրաբխային», ու թեեւ, նրա ասելով, առայժմ տեղի ունեցող ներքին խմորումներն անտեսանելի են, բայց որ ժայթքումն անխուսափելի է՝ հաստատ է: Ռ. Թովմասյանի համոզմամբ, այդ ժայթքումի համար կան բոլոր նախադրյալները, ուղղակի դրա համար առիթներ պետք է ստեղծվեն: «Իսկ դրանք կստեղծվեն առաջիկայում, երբ սկսվի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլը»: Այսուհանդերձ, ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղարի ասելով, այդ ժայթքումը հեղափոխություն չի նշանակում: «Հեղափոխությունը մանկական խաղ չէ, իսկ այն արատավորող մարդիկ, ովքեր չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում հեղափոխություն, ուղղակի տղայական ձեւով արտահայտություններ են անում»,- եզրակացրել է ընկեր Թովմասյանը:

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին առնչվող Կոմկուսի ծրագրերին, ապա Ռ. Թովմասյանի փոխանցմամբ, արմատական ընդդիմության դաշտում գործող իրենց կուսակցությունն առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու է միայնակ՝ առանց որեւէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու, թեեւ, նրա ասելով, ՀԿԿ-ի դռները բաց են բոլորի, բայց ոչ կուսակցությունից հեռացվածների համար: Իհարկե, բացը բաց են, բայց այն պայմաններով, որոնք մատնանշեց Ռ. Թովմասյանը՝ եթե Կոմկուսի պոտենցիալ դաշնակիցները համաձայնեն իրենց հետ պայքարել սոցիալական արդարության, շարքային քաղաքացու ապրելակերպի բարելավման համար, սատարեն ՀԿԿ-ին Ռուսաստան-Բելառուսի հետ միավորվելու շարժման հարցում, պայքարեն կրիմինալի ու կոռուպցիայի դեմ:

Անդրադառնալով նախորդ՝ 2003 թ. ընտրություններին, Ռ. Թովմասյանն ասաց, թե այն ժամանակ այլ կուսակցությունների հետ ՀԿԿ-ի համագործակցությունը թույլ չտվեց իրենց «պոկվել տեղից», եւ Կոմկուսն իր գոյության 87 տարիների ընթացքում առաջին անգամ դուրս մնաց խորհրդարանից: «Այն խմբերի ու կուսակցությունների հետ, որոնք կարողացան գաղթակղել Կոմկուսին՝ իրենց պաշտպանելու, մեզ հետ համաքայլ գնալու համար, մենք այլեւս անելիք չունենք: Մենք պետք է գնանք միայնակ: Մեր պարտությունը կլինի տղամարդավարի, իսկ հաղթանակը կհամարեմ ՀԿԿ-ի ամենախոշոր քայլը առաջիկայում»,- հայտարարել է Հայկոմկուսի առաջնորդը՝ հավելելով, թե ավելի հետոյի համար իրենք նախագահի թեկնածություն էլ կառաջադրեն: Իսկ ի՞նչ կտա այդ հաղթանակը ժողովրդին: Ռ. Թովմասյանի ասելով՝ անվճար բնակարան, անվճար կրթություն, արտագաղթի կասեցում:

ՀԿԿ առաջնորդը խոսելով հայաստանյան ընդդիմադիր ուժերի գործունեության մասին՝ նկատել է, որ նրանք ավելի շատ խոսում են, քան գործ անում: Ինչ վերաբերում է նորաթուխ ընդդիմությանը՝ ՕԵԿ-ին, եւ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու նրա կոչերին, ապա Ռ. Թովմասյանը դրանց այսպես է հակադարձել. «Արդարությունից պետք է խոսի միայն այն կուսակցությունը, որը արդար է եղել իր ամբողջ կյանքում: Մինչդեռ ՕԵԿ-ը մասնակից եղավ բոլոր ընտրակեղծիքներին, հիմա էլ ասում է՝ եկեք արդար ընտրություններ անենք: Արդար ընտրություն անեիր էն ժամանակ, երբ ծածկադմփոցի էիր խաղում, ԱԺ տարածքն էլ տալիս էիր ՕՄՕՆ-ին, չգիտեմ որտեղից բերած ուժերին, որ ապրիլի 12-ի գիշերը բաց թողնեիր ժողովրդին ջրցաններով, էլեկտրաշոկերով, մահակներով ծեծելու: Հիմա էլ եկել է արդարության մասին է խոսում»:

Իսկ ի՞նչ է անում Կոմկուսը: Իսկ ի՞նչ պիտի աներ, որ չի անում: Մոտավորապես այս էր Ռ. Թովմասյանի պատասխանը՝ «անպայման պիտի գնայինք քարով պրեզիդենտի ապարատի ապակինե՞րը ջարդեինք, եւ դա լիներ պայքա՞ր: Կոմկուսը չի ուզում այդ ճանապարհով գնալ, մենք դեռ հույս ունենք, որ ժողովուրդը կսատարի ինքն իրեն, ոչ թե Կոմկուսին»:

Ռ. Թովմասյանը երեկ նաեւ հայտարարել է, թե իր գլխավորած կուսակցությունը Հայաստանի ապագան ու ընտրությունները որեւէ երկրի, արտաքին որեւէ ուժի հետ չի կապում: Նրա համոզմամբ, «ԱՄՆ-ը եւ Եվրախորհուրդը միշտ խաբել ու այսօր էլ խաբում են հայ ժողովրդին: Մեզ միայն սատարելու է մեր գաղափարախոսությունը»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել