Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ»

Սեպտեմբեր 09,2006 00:00

\"\"16 երեխա որդեգրած Լարիսա Հովսեփյանի զավակների մի մասին ծննդյան վկայական չեն տալիս

65-ամյա ֆիզիկոս Լարիսա Հովսեփյանն իր որդեգրած 16 երեխաներով արդեն 10-րդ տարին է՝ ինչ զբաղեցնում է Ղ. Փարպեցու 9 բնակարանը: Տարածքում նախկինում 65 մանկապարտեզն էր գտնվում: Լ. Հովսեփյանն իր տղաներից չորսին այս հասցեից ազգային բանակ է ճանապարհել: Նրանցից մեկի մոտ առկա է ձվարանների գրիժա:

Լ. Հովսեփյանի երեխաներից 2-ը՝ 6-ամյա Աշոտն ու Լինդան այս տարի գնացին դպրոց: Գայանեն «Կենտրոն TV»-ում է աշխատում, սեւամորթ Հրանտը անվճար ուսուցմամբ կոնսերվատորիա ընդունվեց:

\"\"Այն պահին, երբ մենք հանդիպեցինք Լ. Հովսեփյանին, տանն էին 15-ամյա Հակոբը, Սուսաննան, 14-ամյա Հայկը, 8-ամյա Գուրգենն ու Սերոբը: Նրանք Աշոտի ու Լինդայի նման դեռ ծննդյան վկայականներ չունեն: Դեռ լավ է, որ, ըստ Լ. Հովսեփյանի, թիվ 29 դպրոցի տնօրինությունը նրանց դպրոց է ընդունել՝ առանց ծննդյան վկայականների: Լ. Հովսեփյանը այդ կապակցությամբ դիմել է արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին: Օրեր առաջ ստացվել է թիվ Զ-3571 գրությունը (ՔԿԱԳ գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Ստեփանյանից), որում ասվում է, թե «ծննդի պետական գրանցման հիմքերը բացակայում են»: Հնարավոր «հիմքերի» մեջ նշվում են տեղեկանքը, որը տրված պիտի լիներ բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը, կամ «որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ», կամ ընկեցիկին գտած անձի հայտարարությունը իրավապահներին: Ըստ այս բյուրոկրատական կարգի, Լ. Հովսեփյանը պետք է ոստիկանության, խնամակալության մարմնից վերցներ տեղեկանք՝ «նշելով երեխային հայտնաբերելու ժամանակը, տեղը, հանգամանքները»: Սակայն եթե մայրը՝ Լ. Հովսեփյանը, նկարագրի իր գտած երեխաներին հայտնաբերելու հանգամանքները, նրանցից շատերը պարզապես չեն ցանկանա ապրել: Մանավանդ որ՝ նրանց ուրացած ծնողների մի մասը մեր հանրապետությունում ազդեցիկ դիրքեր են դեռ գրավում: Տեղեկացա, որ երեխաների ազգային պատկանելությունն այսպիսին է. բելառուս, լիտվացի, անգոլացի, ուկրաինացի, եթովպացի, ազերի, ռուս: Լ. Հովսեփյանը դեռ չի կարողացել սեփականաշնորհել իրենց տարածքը: Նրա երեխաներից ամուսնացել են 3-ը եւ ներկայումս ունի 10 թոռ: Դիմել է ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին: Երեկվա դրությամբ նրանց «ապառիկով հաց են տալիս» եւ միայն հացի համար պարտք է 700 դոլար: Չնայած ԱԺ նորընտիր նախագահ Տիգրան Թորոսյանը դիմումն ուղարկել է Հ\"\"Հ սոցապնախարարություն եւ «հարգելով» նրա խնդրանքը՝ Լ. Հովսեփյանի ընտանիքի համար 10 հազար դրամ «շռայլ» օգնություն է դուրս գրվել: Մինչդեռ Լ. Հովսեփյանի համեստ հաշվումներով իրեն անհրաժեշտ կլինի 500 հազար դրամ նպաստ՝ ԱԺ որոշ պատգամավորների մեկ օրվա մսխելիքը: Լ. Հովսեփյանը խնդրում էր թերթի միջոցով օգնել իրեն, որպեսզի երեխաները ստանան ծննդյան վկայականներ:

«Պետք է այս ամենին վերջ տրվի: Ես շատ էի հայրենասեր,- լացակումած ասում է Լ. Հովսեփյանը,- սակայն վախենում եմ՝ երեխաները չդիմանան, հեռանան»: Տիկին Լարիսային երկու անգամ խոչընդոտել են հանդիպել ՀՀ նախագահի կնոջ հետ: Փոխարենը, Իրանում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի նյութական եւ բարոյական աջակցությամբ Հրանտի եւ Գայանեի հետ հրավիրվել է Իրան, իսկ տեղի բարերար Անդրանիկ Հախվերդյանը հոգացել է իրենց հետ Իրանում գտնվող եւս 10 երեխաների ծախսերը: Տիկին Լարիսան հպարտությամբ մեզ ցույց տվեց իրենց նվերները. համակարգիչ, կարի 2 մեքենա, գորգագործության սարք, հագուստեղեն: «Իսկ հայաստանցի օլիգարխներն անհասանելի են»՝ մեր զրույցի ավարտին ասաց նա, փոխարենը մեկիկ-մեկիկ նշելով այն շարքային քաղաքացիների անունները, որոնք իրեն ու իր երեխաներին ուժ են տալիս ապրելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել