Լրահոս
Օրվա լրահոսը

«GO» ԴԱՏԱՐԱ՞Ն

Սեպտեմբեր 09,2006 00:00

\"\"Ըստ բաժանորդների բողոքների, «ԱրմենՏելը» «go» խաղարկության միջոցով գրպանել է իրենց փողերը:

Երեկ ավարտվեց «ԱրմենՏելի» առաջարկած «Ֆորդ ֆիեստա» մեքենայի խաղարկությունը: «Ֆորդի» նոր տերը մեր համաքաղաքացի Գեորգի Սանոյանն է, որը «ԱրմենՏելի» «go» քարտերին հաղորդագրություններ ուղարկելով եւ ընկերության ներկայացրած հարցերին պատասխանելով՝ կարողացել էր առավելագույն ձայներ հավաքել: Թե որքան թափանցիկ էր բարձր միավորներ հավաքած մասնակիցների վիճակահանությունը, դժվար է ասել, բայց բուն խաղարկության գործընթացը, ըստ բաժանորդներից ստացած բողոքների, ընթացել է «խայտառակ եւ կոպիտ խախտումներով»:

Նախ՝ «go» քարտերին հաղորդագրություն ուղարկելու արժեքը 100 դրամ է: Ընկերության ներկայացմամբ՝ բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ 3333 համարին ուղարկի «go» բառը, որով կհաստատի իր մասնակցությունը խաղին եւ հարցերին պատասխանելու պատրաստակամություն կհայտնի, սակայն իրականում այդ մի գործողությունը բաժանորդին արժենում է ոչ թե 100, այլ մի քանի հարյուր դրամ, որովհետեւ օպերատորը սկսում է ուղղագրական ու քերականական սխալներ բռնել բաժանորդի ուղարկած անգլերեն տառերով տեքստի մեջ: Այսպես, երբ բաժանորդն ուղարկում է «yes» բառը, փոխանակ հարցերն ուղարկելու, օպերատորը վստահեցնում է, որ «առաջին տառը սխալ եք գրել, նորից փորձեք»: Նորից փորձերը բաժանորդից խլում են առնվազն 400-500 դրամ, իսկ երբ օպերատորը վերջապես ընդունում է բաժանորդի «yes»-ը, եւ սկսում հարցեր ուղղել նրան, շատ հաճախ ճիշտ պատասխանը սխալ է համարում: Հարցերը սովորաբար աշխարհագրության, մայրաքաղաքների, կինոյի եւ սպորտի բնագավառից են: Հաշվի առնելով մեր ազգի ինտելեկտուալ մեծ հնարավորությունները՝ խաղարկության մասնակիցների եւ ճիշտ պատասխան տվողների թիվը չափից ավելի մեծ է եղել, եւ ընկերությունը ստիպված դիմել է «հունական» մեթոդների:

Այսպես, բաժանորդներից մեկը, գայթակղվելով «Ֆորդի» շահումով, խաղարկության հենց սկզբից, բանուգործը թողած՝ ամբողջ օրը զբաղված է եղել «ԱրմենՏելի» հարցերին պատասխանելով: Արդյունքում՝ հավաքել է 247.550 միավոր, որը, ըստ ընկերության օպերատորի կողմից բաժանորդին ուղարկված տեղեկատվության՝ ամենաբարձր միավորն է եղել խաղարկության պատմության մեջ: Նույնիսկ «ԱրմենՏելը» հաղորդագրություն է ուղարկել բաժանորդին եւ շնորհավորել նրան՝ առավելագույն միավորներ հավաքելու համար: Բայց շնորհավորանքներից ընդամենը 2 օր անց ընկերության օպերատորը նրան հիասթափեցրել է՝ տեղեկացնելով. «Հարգելի մասնակից, մենք ձեր հաշվից հանում ենք 238.500 միավոր, մեր համակարգիչը սխալ էր հաշվարկել»: Բաժանորդի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ եք միավորներս հանել, օպերատորը գրել է՝ «առաջին տառը սխալ է»: Բաժանորդն ընդհանրապես չի հավատում, որ համակարգիչը մաթեմատիկական որեւէ խախտում է թույլ տվել, որովհետեւ, իր խոսքերով՝ «առնվազն 30-40 հազար դրամի հաղորդագրություն եմ գրել, միայն 150 հատ «go» բառն եմ ուղարկել»: Ի դեպ, խաղարկության ընթացքում, երբ մասնակիցն արդեն բավականաչափ միավորներ է ունեցել, ընկերությունից նրան ավելի ոգեւորելու համար գրել են. «Ձեր շանսերն ավելանում են, այսուհետեւ 1 sms-ի համար 3 անգամ ավելի միավորներ կստանաք»: Չի բացառվում, որ «ԱրմենՏելը» հենց այդ արտոնությունն էլ «համակարգչի սխալ» է համարում, մինչդեռ բաժանորդի ներկայացմամբ՝ «եթե ինձ այդպես չոգեւորեին, ես էլ չէի խաղա»:

Որպեսզի պարզի, թե «Ֆորդի» համար կարո՞ղ է հույս ունենալ եւ ի՞նչ թյուրիմացություն է կատարվել՝ բաժանորդը գրավոր դիմել է «ԱրմենՏելի» տնօրինությանը, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: Հիմա, երբ «Ֆորդի» երջանիկ տերն արդեն հայտնի է՝ բաժանորդին Վասիլիս Ֆետսիսի բացատրություններն այնքան էլ անհրաժեշտ չեն, որովհետեւ, եթե նույնիսկ պարզվի, որ շփոթվել են, ոչ ոք Գեորգի Սանոյանին մեծ շուքով ու ներկայացումներով հանձնված մեքենան չի կարողանա հետ վերցնել:

«Go» քարտերի խաղարկությունը, ինչ խոսք, «ԱրմենՏելին» բավականին մեծ եկամուտ բերեց, բայց, ըստ բաժանորդների՝ «ոչ արդար ճանապարհով»: Տուժած բաժանորդներից մի քանիսը պատրաստվում են դիմել դատարան ու sms-ներով դատարանին մեկ առ մեկ ապացուցել, որ ընկերությունը «գրպանել» է իրենց փողերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել