Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՂԾՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆԸ

Սեպտեմբեր 19,2006 00:00

Սեպտեմբերի 15-17-ը Ծաղկաձորում կայացավ Հայաստան-Սփյուռք լրատվամիջոցների երրորդ համաժողովը, որը որեւէ առնչություն չուներ այս օրերին ընթացող Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի հետ: Վերոնշյալ համաժողովի հիմնական նախաձեռնողն ու հովանավորողը Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն էր: Նա իր ելույթում նշեց, որ նեղացած չէ Հայաստանի իշխանություններից, բայց համենայնդեպս ընդգծեց, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը մշտապես օրինակ է բերում «Ռուսաստանի հայերի միությունը» որպես կազմակերպված միություն, իսկ այ, ոչ մի հայ իշխանավորի շուրթերից պրն Աբրահամյանը չի լսել իրենց միության անունը:

Դեռ երեք տարի առաջ 2-րդ համաժողովի ժամանակ խնդիր է դրվել ստեղծել Հայրենիք-Սփյուռք լրատվամիջոցների համախմբման մարմին, սակայն այդպես էլ այն չի կայացել: Հետեւաբար, այս խորհրդաժողովի կազմակերպիչները վճռական էին մարմնի ստեղծման հարցում: Ճիշտ է, այս մասին բացահայտ խոսվեց միայն խորհրդաժողովի վերջին օրը, քանի որ հիմնական ժամանակը, ուժն ու էներգիան զեկուցողներն ու ելույթ ունեցողները նվիրեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին: Բանն անգամ այնտեղ հասավ, որ զեկուցողներից ոմանք առաջարկեցին այդ հարցով դիմել Հաագայի դատարան կամ, ասենք, ստեղծել վտարանդի կառավարություն: Մի ամբողջ աշխատանքային օր՝ ժամը 10-ից 19-ը, բոլոր զեկուցողները բոցաշունչ ելույթ էին ունենում ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորության մասին: Ոչ մի խոսք՝ լրատվամիջոցների մասին: Մասնակիցներից մեկը փորձեց նախագահությունից ճշտել համաժողովի նպատակը: Պարզվեց՝ նպատակը Հայրենիք-Սփյուռք լրատվամիջոցների համախմբումն էր, իսկ թե որ հարցի շուրջ՝ պետք էր հավանաբար հնչող ելույթներից դատել, որ՝ ցեղասպանության հարցի շուրջ: Չնայած մասնակիցներից շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց (կամ լավ էլ հասկացվեց) Հայրենիք-Սփյուռք լրատվամիջոցների ընկերակցության ստեղծման իմաստը, այդուհանդերձ որոշվեց ստեղծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել