Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎԱՏԵՍ Է

Սեպտեմբեր 20,2006 00:00

\"\"Եվ վստահ է, որ ՍԴ-ն չի մերժի «Ընտրական օրենսգրքի» հետ կապված ընդդիմության դիմումը

– Պարոն Քոչարյան, փաստորեն, ընդդիմադիր պատգամավորները եւ մի շարք անկախներ միասնական հանդես գալով՝ հավաքեցին 27 ստորագրություն եւ դիմեցին ՍԴ՝ «Ընտրական օրենսգրքի» որոշ հարցերի սահմանադրականությունը պարզելու համար: Հատկապես ո՞ր կետերին եք ուշադրություն հրավիրում եւ ի՞նչ եք ակնկալում ՍԴ-ից:

– Մեր հարցադրումը վերաբերում է մեկ խնդրի՝ դատավորների ներգրավմանը ընտրական հանձնաժողովների կազմում: Մեր գնահատականն այն է, որ դատավորների ընդգրկումը հակասում է Սահմանադրությանը: Ի դեպ, այդ հակասությունը գոյություն ուներ նաեւ նախորդ Սահմանադրության պարագայում, իսկ փոփոխություններից հետո դրանք շատ ավելի հստակ եւ ճչացող դարձան: Մենք կարծում ենք, որ, վերջիվերջո, Հայաստանը պետք է կայանա որպես իրավական երկիր, եւ չի կարող լինել որեւէ ակտ, որը հակասի Սահմանադրությանը: Դա մեր հիմնական խնդիրն է: Հաջորդը կապված է հանձնաժողովների կազմի հետ: Մեզանում այդ կազմն անհավասարակշիռ է, որը հնարավորություն է ստեղծում կիրառել այն կեղծիքները, որոնց ականատես ենք եղել բազմիցս եւ որոնց մասին զգուշացրել են միջազգային կազմակերպությունները: Ակնհայտ է, որ եթե ընտրատարածքային եւ կենտրոնական հանձնաժողովներում ընդգրկված են դատավորներ, իրենք են նշանակում մոտ չորս հազար հանձնաժողովականների (եթե երկու դատավոր է), ակնհայտ է նաեւ, որ դատական համակարգն այդպիսի թվով չի կարող բավարարել, եւ պարզ է, թե ովքեր են իրականում լինելու հանձնաժողովների այդ մարդիկ: Եվ եթե մեր ներկայացրած դիմումը ՍԴ-ն քննի եւ հակասահմանադրական ճանաչի այն կետերը, որոնք մենք ենք հակասահմանադրական ճանաչում, ապա մենք հնարավորություն կունենանք անդրադառնալ նաեւ հանձնաժողովների կազմին:

– Սակայն ձեր լավատեսությունը պարզապես զարմացնում է. եթե խորհրդարանական մեծամասնությունը այս ամենը շատ լավ գիտի եւ ստորագրել է «ԸՕ»-ի այնպիսի նախագծի տակ, որում դատավորները պետք է ընդգրկված լինեն հանձնաժողովներում, ուրեմն ինչո՞ւ եք սպասում, որ մեկ այլ իշխանական կառույց, այս դեպքում ՍԴ-ն, կանի հակառակը:

– Խնդիրը ոչ թե ընդդիմության առաջարկներն են, այլ, իմ գնահատականով, այս հարցում առաջինը պետք է շահագրգիռ լինեն իշխանական ուժերը, չէ՞ որ ոչ լեգիտիմության խարանը հիմիկվանից կպչում է ապագա ընտրություններին: Ես, անկեղծ ասած, հիմքեր չեմ տեսնում, որ ՍԴ-ն կմերժի մեր դիմումը:

– Այդ դեպքում եթե ձեր դիմումը դրական պատասխան ստացավ, ինչպե՞ս է լուծվելու հանձնաժողովներում այդ երկու տեղերի հարցը, ո՞ւմ են տրվելու դրանք:

– Իհարկե, այստեղ հարց կա: Ընդամենը ուզում եմ նշել, որ խնդիրն այն չէ, թե այդ տեղերը ընդդիմությանն են եւ մենք վիճարկում ենք, այսինքն՝ մենք որեւէ բան չենք կորցնում, կարող ենք շահել, բայց չենք կորցնում, իսկ շահելու համար մեր տիպի երկրներում հարկավոր է միասնական պայքար:

– Այնուամենայնիվ, «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկումների ընթացքում դուք եւ ձեր գործընկերները հնարավորություն ունեիք առաջարկություններ անել նույն այդ հարցերի վերաբերյալ, արել եք եւ ձեր առաջարկները մերժե՞լ են, եթե չեք արել՝ ինչո՞ւ:

– Մենք ներկայացրել էինք մեր այլընտրանքային նախագիծը:

– Կոնկրետ ձեր ԱԺԿ-ի մասով խնդիրը հասկանալի է, բայց խոսքը ամբողջությամբ ընդդիմությանն է վերաբերում:

– Գտնում եմ, ավելի ճիշտ կլինի, որ ընդդիմությունը միավորվի հենց այդ նախագծի շուրջ: Առաջարկություններ կարելի է անել, բայց դու պետք է ունենաս ամբողջական, հայեցակարգային մոտեցումներ ընտրական համակարգին: Իսկ հատվածական մոտեցումը, համենայնդեպս, այն քաղաքական ուժերի համար, որոնք հավակնություն ունեն այլընտրանք լինել ներկա իշխանություններին, բավարար չէ:

– Ձեր նախկին գործընկերներից Վիկտոր Դալլաքյանը եւ Թաթուլ Մանասերյանը մամուլում առանձնապես հիացած չէին ձեր ՍԴ դիմելու նախաձեռնությամբ եւ նույնիսկ փաստարկներ էին ներկայացրել:

– Այն, ինչ մամուլից գիտեմ, դրանք փաստարկներ չեն, այսինքն՝ իրենք ելնում են ոչ թե փաստաթղթից կամ խնդրից, այլ անձից՝ եթե նախաձեռնողը այս անձն է, ես դեմ եմ: Պարզ ասեմ, եթե քվեարկության դրվի Վիկտոր Դալլաքյանի առաջարկությունը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ, ես, բնական է, կողմ կքվեարկեմ, բայց դա որեւէ կերպ չի փոխի իմ գնահատականը Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործչի մասին: Այնպես որ, իրենց կողմից այդ անձնավորումը միայն մեկ բան է նշանակում, որ բացակայում է ձողը, բացակայում է հստակ նպատակը եւ առաջնայինը դառնում են անձերը եւ ոչ թե այն նպատակը, որ դու հետապնդում ես:

Շավարշ Քոչարյանը նաեւ գնահատականներ հնչեցրեց «Արդարությունից» դուրս եկած Վիկտոր Դալլաքյանի եւ Թաթուլ Մանասերյանի հասցեին: Այդ մեկնաբանությունները կներկայացնենք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել