Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՍՏԱՑՈՒՄՆԵՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 20,2006 00:00

\"\"Երեւանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նոր ռեկտոր Գոհար Քյալյանի գալուց հետո, արդեն մոտ 7 ամիս, բուհից հեռացվել է 117 ուսանող:

Կադրային ջարդից հետո տիկին Քյալյանն անցել է ուսանողների համատարած հեռացումներին: Անցյալ ուսումնական տարվա արդյունքում բուհի 117 ուսանող զրկվել է ուսումը շարունակելու իրավունքից: Այս ուսանողների 60-ից ավելին, ըստ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի, հայեր են, 25-ը՝ հնդիկներ, 21-ը՝ իրանցիներ, կան նաեւ արաբներ եւ այլն (թվերը դեռեւս ճշգրտվում են): Ճիշտ է, այս ուսանողներին առաջարկվել է կրկնել կուրսը, սակայն նրանց մեծ մասը դեռեւս կողմնորոշված չէ, եւ հիմնականում թողնում է բուհը: Ե. Սահակյանի եւ ուսումնական գծով պրոռեկտոր Արմենակ Շեկոյանի հավաստիացմամբ, այս ուսանողները «դուրս են մնացել» զուտ առաջադիմության հետ կապված խնդիրների պատճառով, եւ որեւէ անձնական հաշվեհարդար այս հարցում չկա: Երվանդ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բնական է՝ հնդիկներն այս հեռացումները շահարկում են, որովհետեւ խնդիրներ են ունեցել բուհի ռեկտորի հետ, եւ հիմա կհայտարարեն, թե ռեկտորն այդ կոնֆլիկտի արդյունքում է իրենց հեռացնում. «ստացվում է՝ հնդիկները չեն կարող հեռացվել վատ առաջադիմության համար, որովհետեւ ռեկտորի հետ կոնֆլիկտ են ունեցել. դա տրամաբանական չէ: Եվ հետո հեռացված ուսանողների կեսից ավելին հայազգի են»: Հիշեցնենք, որ անցյալ գարնանը հնդիկ ուսանողներն ընդհարվեցին ռեկտոր Քյալյանի հետ՝ այն բանից հետո, երբ իրենց համերկրացին հանրակացարանի իր սենյակի պատշգամբից վայր էր ընկել, իսկ բժշկական օգնությունը, ըստ իրենց՝ ուշ էր տեղ հասել: Բողոքի ակցիայի դուրս եկած ուսանողներին բուհի բակում հանդիպել էր ռեկտորը, եւ աղմուկ-աղաղակից հետո փոխադարձ հայհոյական ժեստեր էին ցուցադրվել: Բուհի ղեկավարությունն այն ժամանակ պնդում էր, որ հնդիկները միշտ կարգապահական խնդիրներ են ունեցել, այդ oրերին մի քանիսի հեռացման հարցն է դրված եղել, եւ նրանք այդ ողբերգությունն ուզում էին օգտագործել՝ իրենց հարցերը լուծելու համար՝ ուլտիմատում ներկայացնելով ռեկտորին: Հիմա պրն Սահակյանն ասում է, որ բոլորը հասկացել են, որ թե՛ հանրակացարանում, թե՛ բուհում պետք է պահպանեն կարգուկանոն եւ ենթարկվեն օրենքներին՝ լինեն հայազգի, թե օտարազգի ուսանողներ:

Երկու պրոռեկտորներն էլ ասում են, որ նախկինում ուսանողների հանդեպ, այսպես ասած, փափուկ վերաբերմունք է եղել, նրանց թույլատրվել է 4-5 անգամ միեւնույն քննությունը հանձնել, իսկ այսուհետեւ բուհը կշարժվի՝ համապատասխան կարգի՝ 1 քննություն+ 2 լիկվիդ. 3 անգամ միեւնույն առարկան չհանձնելուց հետո ուսանողը կմնա նույն կուրսում կամ կհեռացվի: Այսինքն՝ այնպես, ինչպես բոլոր բուհերում: Երվանդ Սահակյանն ասում է, որ նախկինում էլ են ամեն տարի մեծ թվով հեռացումներ եղել, սակայն, միեւնույն ժամանակ, ուսանողները մինչեւ դեկտեմբեր դեռեւս նախորդ տարվա քննությունների պարտքերն էին մարում, ինչը «բերում էր ընդհանուր անկարգապահության եւ բարդացնում էր վիճակը, կողքիններն էլ տեսնում էին, որ իրենց ընկերը այդքան շատ հնարավորություն է ունենում քննություն հանձնելու, իրենք էլ չէին պարապում, մտածում էին՝ հետո կհանձնեն: Նախկինում ուսանողների հնարավորություններն ուռճացված են եղել, ինչը վատ հետեւանքների է բերել»: Հետաքրքիր էր Ա. Շեկոյանի մեկնաբանությունն այս առիթով. «Ամեն ինչ ոչ թե խստացվել է, այլ հիմա կարգուկանոնով ենք գործում, եւ դա կապված է ոչ թե ռեկտորի անձի հետ, այլ Եվրոինտեգրացիայի»:

Հեռացված 117 ուսանողները տարբեր կուրսերի տարբեր ֆակուլտետներից են: Հայտնի է, որ արտասահմանցի ուսանողներն ավելի շատ վարձավճար են մուծում, քան հայազգի ուսանողները: Օրինակ, եթե այս տարի ստոմատոլոգիայի ֆակուլտետում հայերի համար սահմանված է 1 մլն դրամ, ապա արտասահմանցիների համար՝ 1 մլն 400 հազար դրամ, ընդհանուր բժշկության ֆակուլտետում՝ 1 մլն-ի դիմաց՝ 1 մլն 225 հազար: (Իհարկե, բարձր կուրսերի դեպքում գումարն աստիճանաբար նվազում է): Եվ այսքան հեռացումներից հետո, եթե որեւէ մեկը չկրկնի կուրսը, բուհը կկորցնի մոտավոր հաշվարկներով 100 մլն դրամ: Սակայն սա չի խանգարում բուհի ղեկավարությանը՝ կիրառել բոլոր խստացումներն ու կարգուկանոն սահմանել:

Հ. Գ. Եթե խոսքը վերաբերում է ուսման հարցում կիրառվող խստություններին, դա հասկանալի է, բայց ռեկտորն այսքանով չի սահմանափակվում: Վերջին շրջանում հսկողության տակ են բուհի բոլոր հեռախոսները. արդեն քանի ամիս է՝ ներքին բոլոր խոսակցությունները ֆիքսվում են:Պարզաբանումներ խնդրեցինք նաեւ նախկին ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանից, որը, սակայն, ձեռնպահ մնաց որեւէ մեկնաբանությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել