Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը նոր աթոռի հույս ունի

Սեպտեմբեր 22,2006 00:00

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրի քաղաքի օրը «օծվեց»՝ դառնալով հանրապետական:

Արդեն չորրորդ տարին է՝ գյումրեցիները նշում են քաղաքի օրը: Այն, որ Գյումրվա տոնին պաշտպանության նախարարին շնորհվելու էր Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում, գյումրեցիների համար անակնկալ չէր, բայց որ այդ օրը նաեւ Գյումրիի քաղաքապետը կդառնար հանրապետական եւ նրան անդամագրության տոմսը կհանձներ Սերժ Սարգսյանը, սա թերեւս անակնկալ էր բոլորի համար: Գուցե եւ այն պատճառով, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը միշտ հպարտանում էր իր անկուսակցական, անկախ քաղաքապետ լինելով, հարկ եղած դեպքում էլ քննադատում էր Շիրակի դաշնակցական մարզպետին՝ խորհուրդ տալով իր հետ «կուսակցական խաղեր չտալ»: Բացի այդ, հանրապետականների հետ էլ քաղաքապետի ջրերը նույն առվով չէին հոսում, նա հակասություն ուներ հատկապես հանրապետական Աշոտ Աղաբաբյանի հետ: Հավանաբար քաղաքապետը, մտնելով կուսակցական խաղերի մեջ, փորձեց ամրապնդել իր դիրքերը՝ հետագայում ավելի բարձր աթոռ զբաղեցնելու ակնկալիքով:

Քաղաքապետն առիթը բաց չթողեց տարածքային կառավարման եւ պաշտպանության նախարարների ներկայությամբ իրեն գովաբանելու, ճիշտ այնպես, ինչպես արել էր փետրվարի 3-ին՝ քաղաքի բյուջեն հաստատող ավագանու նիստի ժամանակ. «Այստեղ են մեր մեծերը ու գալիս են տեսնելու, թե ինչ են արել փոքրերն իրենց հարգարժան քաղաքին, ես կփորձեմ ներկայացնել իմ արածը: Յոթ տարիների ընթացքում հարյուր միլիոնանոց բյուջեն սեփական եկամուտների հաշվին 1 միլիարդից անցավ, 5 անգամ բարձրացվել է մշակույթի, սպորտի ոլորտի աշխատակիցների աշխատավարձը, այսօր նրանք ստանում են 30-45 հազար դրամ աշխատավարձ: Երեւանը չհաշված՝ մասնավորի կողմից ներդրումների առումով հանրապետության մյուս բոլոր քաղաքները միասին վերցրած Գյումրիի չափ ներդրում չունեն, չկա մի փողոց, որ չվերականգնվի»:

Այս անգամ Գյումրիի տոնը սկսվեց տնտեսական միջոցառումով՝ «Շիրակ Էքսպո 2006» ցուցահանդես-վաճառքով, որին մասնակցում էր գյումրեցի, արթիկցի եւ մարալիկցի 45 ձեռներեց: Ցուցահանդեսում հիմնականում ներկայացված էին սննդամթերք, տրիկոտաժ, բնական քարերի տեսականի եւ խմիչքներ: Չնայած նրան, որ տեղական արտադրողները ջանք չէին խնայում իրենց արտադրանքը սփյուռքից եկած հյուրերի մոտ գովելու, գովազդելու, որպեսզի գոնե մի հաջող գործարք «կպցնեն», վերջիններս անտարբեր էին հայրենական ապրանքների նկատմամբ, ավելին՝ նրանցից ոմանք անկեղծանալով նշում էին, որ նմանատիպ արտադրանքը համաշխարհային շուկա հանելու բան չէ եւ դրա պահանջարկն ավելի շատ կա հայկական շուկայում: Եթե սփյուռքահայերը քաղաքավարությունից դրդված գոնե շրջում ու մանր ու միջին գործարարներին խոսեցնում էին, ապա մայրաքաղաքից ժամանած նախարարներին եւ այլ բարձրաստիճան հյուրերին Շիրակի արտադրանքը ակնհայտորեն չէր հետաքրքրում: Տպավորությունն այնպիսին էր, որ վերջիններս Գյումրի են ժամանել միայն ժապավեններ կտրելու եւ մեդալներ հանձնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել