Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ՞Ց ԵՔ ԽՈՍՈՒՄ

Հոկտեմբեր 16,2006 00:00

Հարցրեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որին խորհրդարանը երեկ համաձայնություն տվեց որպես մեղադրյալ ներգրավելու համար:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նիստի սկզբում ազդարարեց, որ Հակոբ Հակոբյանը նախօրեին իրեն ասել էր, թե նպատակահարմար չի գտնում մասնակցել քննարկմանը: Եվ առաջին նիստին պրն Հակոբյանը հետեւում էր ՀՀԿ խմբակցության քարտուղարի սենյակից: Սակայն երբ սկսեցին ելույթները՝ նա հայտնվեց դահլիճում: Արդեն խմբակցությունների ներկայացուցիչները պիտի ելույթ ունենային՝ պահանջեց ձայն տրամադրել իրեն: Հակոբ Հակոբյանին տրվեց եզրափակիչ ելույթի հնարավորություն, եւ ահա թե ինչ փաստարկներով նա հակադրվեց գլխավոր դատախազի միջնորդությանը, որը վերաբերում էր ոչ միայն զինված խուլիգանությանը, այլ «Քրեական օրենսգրքի» այլ 7 հոդվածների՝ հանցագործության նախապատրաստությանը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն, ապօրինի ձեռնարկատիրությանը, հարկերը վճարելուց խուսափելուն, ապօրինի կերպով զենք ձեռք բերելուն եւ սուտ մատնությանը: Ըստ Աղվան Հովսեփյանի՝ առաջին քրգործը հարուցվել է 2005-ին. «Այս գործերը կուտակվել են մեկը մյուսի ետեւից: Մի գործի քննության ավարտից հետո ծագել է մյուսը, որի նախաքննության արդյունքից անջատվել են Հակոբ Հակոբյանի նկատմամբ քրեական գործի նյութերը, դրանից հետո՝ հաջորդը, հաջորդը եւ այսպես: Իսկ վերջին միջադեպը, որի վերաբերյալ հարուցել ենք քրգործ՝ հանդիսացել է գագաթնակետն այս քրեական գործերի»: ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանն, ի դեպ, այս կապակցությամբ առաջարկեց՝ «Ձեռնարկությունների ցանկ հրապարակեք, որոնց դիպչելը գագաթնակետ կլինի»:

Սակայն մեջբերենք Հակոբ Հակոբյանի որոշ հակափաստարկներ. «Կուզենայի իմ գործընկերներին մի քանի բառով զեկուցեի՝ իրականում ինչ է տեղի ունեցել: Այդ պահակային խմբից 6 կմ հեռավորության վրա են գտնվում մեր գազակայանները, եւ պարբերաբար այնտեղից «զադվիժկաները» փակել են: (Գլխավոր դատախազն իր եզրափակիչ խոսքում նշեց, թե ապացուցված է՝ գազը չեն փակել.- Ա. Ի.): Փակել են, եւ մեր աշխատակիցներից մինչեւ պերերիվ չեն ուզել՝ զադվիժկեքը չեն բացել: Ինձ, որպես սեփականատիրոջ, բողոքել են իմ աշխատողները, որ բազմիցս նման բաներ են եղել, եւ նրանք հաց են տարել, որ թույլ տան աշխատել: Այս անգամ էլ տեղի ունեցավ այդ ծեծկռտուքը: Սկզբից եկել են այդ «ֆուլկանտակտ» են ասում, չգիտեմ ինչ են ասում՝ մարզիկները, ծեծել մեր աշխատակիցներին, հետո լսելով այդ դեպքի մասին, մարդիկ՝ Զվարթնոցի բնակիչները եւ գազալցակայանի աշխատակիցները, ինչպես նաեւ մի հատ չոբան, գնացել եւ պաշտպանել են իրենց համագյուղացիներին կամ իրենց կոլեկտիվի անդամներին:

Որպես պատգամավոր ես այնտեղ եմ եղել այն ժամանակ, երբ արդեն իմ ընտրողներից հավաքվել էին 100-150 մարդ: Այնտեղ կային կանայք՝ 60 տարեկանից բարձր, եւ երեխաներ: Ես չեմ զղջում, որ այնտեղ եմ եղել, շատ ճիշտ եմ արել, որովհետեւ ես եղել եմ իմ ընտրողների կողքին… Իմ միջամտության շնորհիվ տեղի չի ունեցել զենքի գործադրում, չնայած արդեն շատ մոտ էին կանգնած դրան: Չի եղել վիրավորական ինչ-որ մի բան, այլ եղել է տղայական կռիվ. մի կողմից՝ պարապած մարզիկները, մյուս կողմից՝ հասարակ գյուղացիները: Եթե այդ մարզիկները եկել էին կարգ պաշտպանելու՝ չէին բերի իրենց հետ մուչակի եւ փորձեին ժողովրդին դրանով լռեցնել: Ոնց որ Բենդերն էր ասում, որ պետք է շախմատի դպրոց հիմնեմ, որ կոչվի Վասյուկի, ես կարծում եմ, որ Զվարթնոցն այսուհետեւ պետք է կոչվի ֆուլկանտակտի գյուղ, որովհետեւ այնտեղ եկած մարդիկ՝ չոբանը, 60 տարեկան կանայք կարողացել էին այդպիսի մարդկանց ծեծել: Պարոն Հովսեփյանն էլ է շատ մարդու ծեծել, հին բաքսյոր ա եղել, շատ մարդու չանա ա կոտրել, բայց ոչ մեկը նրան դրա համար չի մեղադրել («Ռինգում»,- տեղից նկատեց գլխավոր դատախազը.- Ա. Ի.): Երբ միջանցքներում խոսում ենք պատգամավորներս՝ գլուխ ենք գովում՝ սրան սենց արինք, նրան ընենց արինք… Հիմա էլ ընենց վիդ ենք ընդունել, իբր թե, դարի հանցագործություն է տեղի ունեցել: Մի երկու հատ տղայական կռիվ ա եղել, մեկը ավել ա խփել, մեկը պակաս ա խփել… Էդ եսիմ՝ դարի հանցագործությո՞ւն են բացահայտում: Էդ ո՞նց եղավ, որ սկսեցինք էսօրվանից ստեղ արդարության մասին խոսել, օրենքներից…

Ինչ վերաբերում է հիմնարկ-ձեռնարկություններին: Ես պատգամավոր եմ ընտրվել 1999-ին: 1991-99-ին եղել եմ շարքային քաղաքացի: Եթե իմ ձեռնարկություններում եղել են չարաշահումներ՝ է, թո՛ղ ստուգեին, չհասկացանք: Թո՛ղ ստուգեին, թո՛ղ պատժեին… Բա խի՞ չէին ստուգում: Դատախազը զեկուցում ա, որ 91-99 թվականները չարաշահումներ են եղել: Իսկ ո՞վ էր ասում չստուգեին: Իսկ միգուցե ստուգե՞լ են: Կարող ա ստուգել են, ամեն մեկն էլ իրա փայը տարել ա՝ դրա համա՞ր ձեն չէին հանում: Ուրեմն, ոչինչ չի եղել, եթե ստուգել են: Կամ եթե չեն ստուգել՝ ուրեմն, դրա համար ունեցել են շահագրգռվածություն»:

Հ. Հակոբյանը հայտարարեց, թե իրեն առաջադրված մեղադրանքների 90 տոկոսը փուչիկ է եւ չի վախենում քննությունից: Սակայն նաեւ տեղեկացրեց, որ 72 ժամ ձերբակալության ժամանակ չի ունեցել դատապաշտպան (գլխավոր դատախազն էլի հերքեց՝ պնդելով, թե ունեցել է, եւ 2-րդ պաշտպանն էլ էր ցանկանում ներգրավել), իրավունք ուներ զանգելու, բայց հեռախոս չկար. «Է՞դ ձեւ եք իրականացնելու քննությունը: Եթե էդ ձեւ եք իրականացնելու՝ միանգամից գրեք, ես էլ տակը ստորագրեմ, վերջանա»: Նաեւ նշեց, թե իր կողմնակիցներին ոստիկանությունն օրերով պահում է առանց սանկցիայի. «Ես հիմա այստեղից հայտարարում եմ, որ 35 մարդուց ավելի՝ տարել են ու 4 օրից ավելի է գտնվում են մեկուսարանում, չնայած ընդամենը 4 հոգու դեմ են քրգործ հարուցել, իսկ մնացածը չկան: Ի՞նչ արդարության մասին է խոսքը, երբ դեռ քննությունը չսկսած՝ արդեն խախտումներ են տեղի ունենում: Մտածում եք, որ հետագայում բարի կա՞մք են դրսեւորելու իմ նկատմամբ: Մյուս կողմից ոչ մեկին չեն կալանավորել, ինչի՞: Դուխներդ չի հերիքո՞ւմ… Նրանք իրավունք էլ չունեին գային էնտեղ կռիվ անեին չոբան Վազիլի հետ: Մարդն իրա գառները թողել ա, վազել ա իրա գյուղացուն պաշտպանելու, ասում են՝ նա հանցագործ ա… Գնացել մեղվագործի տնից մեղուների համար հատուկ ծուխը տարել են, ասում են՝ զինամթերք ա… Այ մարդ, էդ գյուղացու գործիքն իրան տվեք, էդ մարդն ի՞նչ մեղք ունի: Մեծ մարդ ա, ամեն օր գալիս ա, ասում՝ իմ գործիքը տվեք ինձ: Է՞դ չի ձեր արածը»:

Հակոբ Հակոբյանը հավելեց, թե հավատում է գլխավոր դատախազին՝ «իբրեւ պրոֆեսիոնալի», ու հորդորեց չքաղաքականացնել կատարվածը: Նաեւ, որ Գրիգորի Սարկիսյանն այս միջադեպի հետ կապ չունի՝ իրենք ընկերներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել