Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ՀԻՄՆԱԴՐԱՄ, ԱՅԼ՝ ՀԱՏՈ՛ՒԿ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նոյեմբեր 08,2006 00:00

\"\"Այդպիսին ապագայում կարող է լինել Գիտությունների ազգային ակադեմիան

ԳԱԱ նախագահությունը երեկ քվեարկության արդյունքում հաստատեց ակադեմիական 3 ինստիտուտների տնօրենների թեկնածությունները: Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն դարձավ միակ թեկնածուն՝ Բագրատ Բատիկյանը, ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում՝ Վլադիմիր Սահակյանը։ Այս երկու տնօրենների հարցում տարակարծություններ գրեթե չկային: Իրավիճակն ավելի հետաքրքիր էր մեխանիկայի ինստիտուտի դեպքում: Այստեղ, ինչպես նշել ենք, գիտխորհուրդն առաջադրել էր Վահրամ Հակոբյանի, ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը՝ Ավետիք Սահակյանի, իսկ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը՝ Կարեն Ղազարյանի թեկնածությունները: Վերջին շրջանում ինստիտուտում ընտրությունների հետ կապված լարված իրավիճակ էր, գիտխորհրդի անդամների գրեթե կեսը նույնիսկ բոյկոտել էր կազմակերպված ռեյտինգային քվեարկությունը. 48 հոգուց մասնակցել էր միայն 28-ը, եւ արդյունքում առաջին տեղում հայտնվել էր Ա. Սահակյանը, 2-րդում՝ Վ. Հակոբյանը եւ 3-րդում՝ Կ. Ղազարյանը: Երեկվա նախագահության նիստում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հաշվի առնելով ինստիտուտում ստեղծված բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը, հարց ուղղեց 3 թեկնածուներին էլ՝ արդյոք պատրա՞ստ են նրանք թիմով, համերաշխ աշխատել: Կարեն Ղազարյանը գրեթե երդվելու նման խոստացավ ընտրվելու դեպքում Ա. Սահակյանին թողնել գիտքարտուղարի պաշտոնում, իսկ Վ. Հակոբյանին փոխտնօրեն նշանակել: Վ. Հակոբյանը նույնպես համերաշխության խոստում տվեց: Իսկ Ա. Սահակյանը ասաց, որ ինքը երկար տարիներ գիտքարտուղար է եղել, գիտի, թե ինչ աշխատանք է դա, եւ եթե տնօրեն ընտրվի, կդժվարանա մյուս երկուսից որեւէ մեկին գիտքարտուղար ընտրել: Ինստիտուտի 3 թեկնածուների մասին ելույթ ունենալով, նախկին տնօրեն Լենսեր Աղալովյանն առանց վարանելու առաջնայնությունը տվեց իր եւ գիտխորհրդի առաջադրած թեկնածուներին: «Բոլոր լարվածությունները ինստիտուտում կապված են Ղազարյանի հետ, դեռ 80-ականներից փոխանակ ինձ հետ համագործակցելու, ինստիտուտը կարգի բերելու, իմ դեմ առաջին պայքարողներից մեկն էր: Ճիշտ է, նա ոչ մի արդյունքի չհասավ, բայց այսպիսի մարդուն հո չի՞ կարելի բերել, հիմա էլ դարձնել ինստիտուտի տնօրեն»:

Քվեարկության առաջին փուլում Ա. Սահակյանը ստացավ 1 կողմ ձայն, իսկ մյուս 2 թեկնածուները՝ 3-ական: 2-րդ փուլից առաջ, երբ նախագահության անդամները քննարկեցին, եւ նախապես պարզ դարձավ, որ տնօրեն է դառնալու ոչ թե Լ. Աղալովյանի կամ Ս. Համբարձումյանի թեկնածուն, այլ գիտխորհրդի առաջադրածը, Սերգեյ Համբարձումյանը նեղացած հեռացավ՝ չմասնակցելով 2-րդ փուլին: Հետո էլ պրն Մարտիրոսյանն ասում է, թե քվեարկությունը փակ, գաղտնի է, եւ ոչ ոք չգիտի, թե ով կընտրվի:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ՊՈԱԿ-ի մասին օրենքը պահանջում է, որ պետական լիազորված մարմինը, տվյալ դեպքում ԳԱԱ նախագահությունը՝ ի դեմս նախագահի, իր հրամանով տնօրենին նշանակի եւ ազատի: «Բայց ասացինք՝ ոչ, կնշանակենք, բայց այս պրոցեդուրայով,- ասում է պրն Մարտիրոսյանը՝ նկատի ունենալով գիտխորհուրդների եւ բաժանմունքների քննարկումները, ապա՝ նախագահության քվեարկությունը:- Ուզեցինք, որ հին ավանդույթները ինչ-որ չափով պահպանեինք»: «Բայց, փաստորեն, մասամբ պահպանեցիք, որովհետեւ նախկինում գոնե բաժանմունքներն իրենց որոշիչ խոսքն ունենում էին ընտրություններում: Հիմա ոչ ՊՈԱԿ-ի մասին օրենքի պահանջն է ամբողջությամբ կատարվել, ոչ էլ նախկին մոտեցումը»,- մեր հարցին պրն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Մասամբ է ստացվում, օրենքն է այդպես պահանջում: Այն ժամանակ էլ բաժանմունքը որոշում, միայն մեկին ուղարկում էր այստեղ, այստեղ էլ կարող էին հաստատել, կարող էին՝ չհաստատել: Իսկ հիմա՝ մի քանի հոգու են ուղարկում: Մենք հիմա օրենքից հետ ենք կանգնել դեպի դեմոկրատացում»: «Բայց նախագահությունն ի վերջո կարող է հաշվի չառնել ոչ գիտխորհրդի, ոչ բաժանմունքի կարծիքը եւ ինքնուրույն որոշում կայացնել»՝ հարցի պատասխանն էլ այս էր. «Ո՞նց կարող է հաշվի չառնի…», հետո թե՝ «դե, փակ-գաղտնի քվեարկության արդյունքում ամեն ինչ հնարավոր է»:

Իսկ ինչ վերաբերում է ակադեմիայի՝ հիմնադրամի վերածվելու մասին խոսակցություններին, ապա, ըստ պրն Մարտիրոսյանի, դա քննարկվող տարբերակներից միայն մեկն է: Իսկ եթե ի վերջո հիմնադրամ դառնա, պրն Մարտիրոսյանի կարծիքով, հնարավոր է, այդ հիմնադրամն էլ ունենա հատուկ կարգավիճակ, ինչպես հիմա ԳԱԱ-ն՝ իբրեւ ՊՈԱԿ, ունի հատուկ՝ նախարարության կարգավիճակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել