Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԱՆԴԱԼ՝ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Նոյեմբեր 13,2006 00:00

\"\"Ինչու են գիտնականները լքում հայրենիքը. երիտասարդ գիտնականը ջրի երես է հանում ակադեմիայի կեղտերը

Գիտությունների ազգային ակադեմիայի երեկվա նիստում աննախադեպ սկանդալ բարձրացավ: Նախագահությունը Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն էր ընտրում: Ինչպես հայտնի է, ներկայացված էր 2 թեկնածություն. նախկին տնօրեն Կոնստանտին Ղարագյոզյանի կողմից՝ ինստիտուտի Միջբջջային փոխազդեցությունների լաբորատորիայի վարիչ Աստղիկ Փեփոյանը, որը նաեւ գիտխորհրդի ձայների մեծամասնությունն էր ստացել, եւ ակադեմիկոս Ռաֆայել Ստամբոլցյանի կողմից՝ ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, Մակրոմոլեկուլային համալիրների լաբորատորիայի վարիչ Աննա Բոյաջյանը: Երկու թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրերը, որից հետո կողմերից կարծիքներ հնչեցին: Հիշեցնենք, որ կոլեկտիվում վերջին շրջանում տնօրենի թեկնածուների հետ կապված մեծ լարվածություն էր առաջացել: Բանը հասել էր նրան, որ բաժանմունքի քննարկումների ժամանակ Աննա Բոյաջյանի թիմակիցներից մեկը՝ Ժաննա Կծոյանը, որը մի կարճ ժամանակ եղել է մյուս թեկնածուի՝ Աստղիկ Փեփոյանի գիտական ղեկավարը, ջանք չի խնայել վերջինիս հասցեին կեղտ շպրտելու համար: Երեկ էլ Ժ. Կծոյանը կրկնեց նույնը՝ հիմա էլ նախագահության ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, թե իբր Ա. Փեփոյանը որոշ ծրագրեր է տապալել՝ իր անհավասարակշիռ պահվածքի պատճառով: Տիկին Կծոյանը նույնիսկ դիմեց Կ. Ղարագյոզյանին՝ «Ինչպե՞ս եք մոռանում այդ ամենը…»: Պրն Ղարագյոզյանը, ով մինչ այդ գովեստի խոսքեր չէր խնայում Ա. Փեփոյանի հասցեին, զայրացավ Կծոյանի պահվածքից ու իր հերթին պատասխանեց. «Բայց նա էլ քեզ օգնել է քո ծրագրերում, հիմա դրա տեղն է՞, նադայելի…»: Իսկ նախկին տնօրենն իր հերթին դժգոհություն հայտնեց Ա. Բոյաջյանից՝ իբրեւ փոխտնօրեն. «Տասը տարի առաջ ես ինքս եմ Աննա Բոյաջյանին բերել ինստիտուտ, երբ անարդարացիորեն մի ուրիշ տեղից հանել էին, նա իրեն արդարացրել է որպես լաբորատորիայի վարիչ, բայց ոչ՝ փոխտնօրենի պաշտոնում: Նա այս 10 տարիներին ոչ մի աշխատանք չի տարել որպես գիտական գծով փոխտնօրեն»: Ի հակադրություն այս կարծիքի, մեջբերենք ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հիմնավորումը, թե ինչու նախագահության ընտրությունը կանգ առավ Ա. Բոյաջյանի վրա. «Ընտրվողն իր ելույթում գիտության կազմակերպման վերաբերյալ ավելի ժամանակակից մոտեցումներ դրսեւորեց»: Այսինքն՝ նախագահությունը հավատում է խոսքերին, եւ ոչ՝ արդեն իսկ արված կամ չարված գործերին: Եվ դրա ապացույցն էլ նաեւ այն է, որ բաժանմունքի ղեկավար Վիլեն Հակոբյանը մեզ հետ զրույցում ակնարկեց, որ հնչած կարծիքներն իրենց ազդեցությունն ունեցել են, որքան էլ Ռ. Մարտիրոսյանը հերքում էր դա: «Ընտրությունը ծրագրերի ներկայացմամբ էր պայմանավորված եւ կարծիքներով: Կոլեկտիվում մեծ տարաձայնություններ կան, դա ազդեց ընտրությունների վրա,- ասում է Վ. Հակոբյանը՝ միաժամանակ նշելով, որ հիմքեր չունի հավատալու կամ չհավատալու, որ իսկապես Ա. Փեփոյանը ծրագիր է խափանել:- Հիմքեր չունեմ, չեմ կարող ասել՝ ապացուցված է, թե ոչ, բայց այդ նույն ելույթները եղել են եւ ինստիտուտում, եւ բաժանմունքում»: Աստղիկ Փեփոյանն ընտրություններից հետո արած իր հայտարարության մեջ ասաց հետեւյալը. «Ես հույս ունեի, որ բյուրոյի նիստից մինչեւ այսօր անհարիր ելույթները կպարզաբանվեին»: Նա դիմեց Ռ. Մարտիրոսյանին. «Դուք դիտավորյալ իրեն (Ժ. Կծոյանին- Հ. Բ.) բերեցիք այստեղ: Նրա աշխատակիցները իմ նամակների շնորհիվ հիմա Անգլիայում ու Շոտլանդիայում են, նամակ եմ գրել, խնդրել եմ, որ օգնեն… Գիտություն չկա, կա միայն կոֆե խմել, նրանք բացի կոֆե խմելուց ուրիշ բան չեն անում: Դուք նախընտրում եք կոֆե խմողներին, երիտասարդներին տեղ չեք տալիս»:

Ա. Փեփոյանն իր չընտրվելու մեջ մեղադրում է նաեւ իր քեռուն: Պարզվում է հետեւյալը. «Քեռիս՝ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Ալպիկ Մկրտչյանը ինձ զոհեց, որ իր եղբոր տղան դառնա տնօրեն: Սրանք ակադեմիայի կեղտերն են, եւ բոլորը քեռուս ծանոթներն են, որ ելույթ են ունենում իմ դեմ: Իսկ իմ քեռի Ալպիկ Մկրտչյանը դրա համար պատասխան կտա»: Նշենք, որ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը նշյալ ինստիտուտի նախկին տնօրենն է, ում պաշտոնը հիմա զբաղեցնում է իր եղբորորդին՝ Արտակ Մկրտչյանը:

Ի դեպ, Ա. Բոյաջյանը տնօրեն դարձավ 3 տարի ժամանակով: Ըստ ՊՈԱԿ-ի մասին օրենքի, ՊՈԱԿ ղեկավարը նշանակվում է մինչեւ 5 տարի ժամկետով: Եվ նախագահությունը որոշեց, որ այս դեպքում տնօրենը կաշխատի 3 տարի, որից հետո հաշվի կառնվի կոլեկտիվի եւ բաժանմունքի կարծիքը՝ թողնե՞լ նրան այդ պաշտոնում եւս 2 տարի, թե՞ ոչ: Ըստ Ռ. Մարտիրոսյանի, որոշման համար հիմք են հանդիսացել նաեւ այս վեճերը:

Աստղիկ Փեփոյանը, սակայն, ըստ ամենայնի, չի մասնակցի հաջորդ ընտրություններին. նա երեկ հայտարարեց, որ ինստիտուտում մնալ չի կարող եւ կմեկնի Ճապոնիա, որտեղից աշխատանքի հրավեր ունի. «Մեր հարգարժան ակադեմիկոսները կարծում են, որ մենք պետք է աշխատենք, իրենց կերակրենք՝ սխալվում են: Ես կգնամ Ճապոնիա եւ իմ ծրագրերն ու արտադրությունն այնտեղ կիրականացնեմ: Ես չեմ ուզում գնալ այստեղից, բայց ստիպված եմ»:

Հ. Գ. Երեկ ԳԱԱ նախագահությունը նաեւ հաստատել է Արկադի Կարախանյանի թեկնածությունը՝ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Իսկ նախագահության անդամ Սերգեյ Համբարձումյանը չի մասնակցում նախագահության արդեն 2-րդ նիստին, այն բանից հետո, երբ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում չընտրվեց իր առաջադրած թեկնածուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել