Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 20,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք երրորդ

Գլուխ քսանվեցերորդ

ԹԱՑ ՕԳՈՍՏՈՍ

– Քրոջս համար իզուր ես էդքան անհանգստանում,- ասաց Լիզան հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի լույս ութի գիշերը՝ Չարենցի ու Սայաթ-Նովայի հատման կետում գտնվող էդ շենքի դալանում:

– Ոչ թե քրոջդ համար եմ անհանգստանում, այլ՝ քո,- ասացի ես՝ շուրթերս իր շուրթերին հպելով:

– Երեւի մտածում ես, որ կյանքում հազար հոգու հետ համբուրվել եմ,- նորից ասաց Լիզան եւ ըստ երեւույթին կարմրեց, բայց ես իր կարմրելը չէի կարող տեսնել, որովհետեւ էդ գիշեր էդ դալանում ահավոր մութ էր:

– Ճիշտ հակառակն եմ մտածում,- կրկնեցի ես:

– Իզուր հովանոցս չվերցրի:

– Ի՞նչ իմանայիր, որ էս ճռճռան օգոստոսին անձրեւ ա գալու:

– Մարդ պիտի ամեն ինչ նախապես նկատի ունենա: Ռեստորանից ուղիղ տուն պիտի եկած լինեինք:

Ականջներիս մեջ Նորոյի ձայնն էր դժժում, բայց ո՛չ թե «Երեքնուկն» էր, այլ՝ ռաբիս ու գողական մի երգ, որ «Երեքնուկների» արանքում Նորոն էն չաղ ու քաչալի պատվերով հաջողացրեց կլկլացնել. «Ա՜խ, մայրիկ ջան, մայրիկ, ինչո՞ւ ես լալիս. չէ՞ որ քո որդին բերդից տուն է գալիս»:

– Վարիանտ չունեինք,- Նորոյի կլկլոցն ականջներիցս թոթափելով՝ ասացի ես.- Թամրազյանը շատ փիս կնեղանար:

– Փաստորեն, քաղաքավարության զոհ դարձանք,- ասաց Լիզան:

– Ես էսօրվա ոչ մի բանի համար չեմ ափսոսում:

– Քե՞զ ինչ կա. երեւի սա քո հերթական օրերից մեկն է՝ հերթական ու սովորական մի օր:

– Էս իմ կյանքի ամենահետաքրքիր օրերից մեկն ա, ավելի ճիշտ՝ իմ կյանքի ամենահետաքրքիր օրն ա:

– Եթե հետաքրքրությունդ բավարարված է՝ կարող ենք տուն գնալ:

– Էս սելավին ո՞նց ենք տուն գնալու:

– Քե՞զ ինչ կա. հիմա ձերոնք հանգիստ քնած են:

– Մինչեւ տուն չհասնեմ՝ մերոնք չեն քնի:

– Քույրս երեւի արդեն խելագարված լինի:

– Ժամը քանի՞սն ա:

Լիզան կտրուկ ազատվեց գրկիցս, դալանից դուրս եկավ, էլեկտրասյան լույսի տակ ժամացույցին նայեց եւ սարսափահար ճչաց.

– Արդեն երեքն անց կես է:

– Ի՞նչ անենք,- հարցրի ես:

– Վազեցի՛նք,- գոռաց Լիզան եւ առանց ինձ սպասելու՝ մայթով դեպի Ռադիոյի տան կողմ վազեց:

Ես վազելով հասա իրեն, եւ Ռադիոյի տան մոտից փողոցն անցնելով՝ մեզ գցեցինք «Եթեր» սրճարանի շենքի դալանը եւ դալանում կանգ առանք, չնայած արդեն ոտից գլուխ ջուր էինք, եւ արդեն մեր պատսպարվելն անիմաստ էր:

– Ոտից գլուխ ջուր դառանք,- ասաց Լիզան:

– Քե՞զ ինչ կա. արդեն համարյա տուն ես հասել:

– Քեզ է թվում. էս փողոցով մինչեւ վերջ պիտի գնամ, հետո պիտի աջ թեքվեմ, հետո ձախ ու էլի ահագին պիտի գնամ:

– Հո մենակ չե՞ս գնալու:

– Էստեղից արդեն կարող եմ մենակ գնալ:

– Ձեռ ե՞ս առնում:

– Լրիվ լուրջ եմ ասում. իզուր պիտի ավելի թրջվես:

– Իմ համար իզուր ես դարդ անում:

– Ասենք, քեզ ի՞նչ կա. հիմա կգնաս տուն ու անձրեւի մասին բանաստեղծություն կգրես:

– Ի՞նչ բանաստեղծություն:

– Անձրեւի ու սիրող սրտերի մասին:

– Ի՞նչ սիրող սրտեր:

– Մեր մասին բան չես գրելո՞ւ,- ծիծաղեց Լիզան:

– Ինչի՞ պիտի մեր մասին բան գրեմ:

– Պիտի գրես, որ ձեռքդ հետ չվարժվի:

– Ի՞նչ ձեռք:

– Էդ ամսագիրը ես էլ եմ կարդացել:

– Ի՞նչ ամսագիր,- ցնցվեցի ես:

– Էդ «Գարունի» գրածներդ: Քեզ էլ լուսանկարիցդ ճանաչեցի: Կինոյի տան մոտ քեզ որ տեսա, մտածեցի՝ ի՞նքն է, թե՝ չէ: Հետո որ անունդ ասացիր, արդեն հարյուր տոկոսով համոզվեցի, որ դու ես:

– Կարդացել ե՞ս,- կմկմացի ես:

– Ոչ միայն կարդացել եմ, այլեւ շատ եմ հավանել:

– Ո՞րն ես հավանել:

– Հատկապես վերջինը:

– Ինձ էլ թվում էր՝ ինձ ես հավանել:

– Քո մասին շատ մեծ կարծիքի ես: Էդ վերջինի վերջին չորս տողերը նույնիսկ անգիր եմ հիշում. ուզո՞ւմ ես՝ ասեմ:

– Ասա:

– Լիզան տեղում ձգվեց, արհեստականորեն հազաց եւ հանդիսավոր արտասանեց.

– Լուսաբացից պահել եմ մի քիչ արեւ,

Նստել՝ չորացնում եմ երգերս թաց:

Արդեն վառվածի հոտ է գալիս:

Սե՜ր իմ, բա՛ց աչքերդ, բա՛ց:

– Էդ հիմարությունը ես ե՞մ գրել,- շիվարեցի ես:

– Չէ. ընկեր պետն է գրել,- ծիծաղեց Լիզան.- գրածդ էլ չես հիշո՞ւմ:

– Ծերից ծեր ապուշություն ա:

– Հեչ էլ ապուշություն չի: Ես երեւի վատ արտասանեցի:

– Արտասանելը կապ չունի. գրածս ա տխմարություն:

– Եթե տխմարություն է՝ ինչո՞ւ ես տպագրել:

– Հիմի եմ հասկանում, որ տխմարություն ա. որ արտասանեցիր՝ նոր հասկացա, որ լրիվ էշություն ա:

– Արդեն ուշ է. նախքան տպագրելը պիտի էդ մասին մտածեիր:

– Սրանից հետո կմտածեմ:

– Համենայն դեպս, ես էդ բանաստեղծություններդ շատ եմ հավանել, մանավանդ՝ վերջինը:

– Ինձ էլ թվում էր՝ ինձ ես հավանել:

– Լուսանկարիդ էնքան էլ նման չես, բայց միանգամից ճանաչեցի: Ինչ վերաբերում է բանաստեղծություններիդ, իսկապես շատ եմ հավանել: Էդ վերջինի վրա նույնիսկ փշաքաղվեցի:

– Պատկերացնում եմ:

– Իսկապես հավանել եմ:

– Ինձ էլ թվում էր՝ ինձ ես հավանել:

– Քե՞զ ինչու պիտի հավանեի. սիրուն աչքերիդ համա՞ր:

– Չգիտեմ ինչի համար, բայց ինձ թվում էր՝ ինձ ես հավանել ու ինձ ես ժպտացել:

– Բա ո՞ւմ եմ ժպտացել:

– Փաստորեն, ֆոտոյիս ես ժպտացել. ֆոտոյիս ու էդ անհամ ոտանավորներիս ես ժպտացել:

– Հետաքրքիր է,- ծիծաղեց Լիզան:

– Ի՞նչն ա հետաքրքիր:

– Դու հիմա լուսանկարիդ ու բանաստեղծություններիդ խանդում ես,- շարունակեց ծիծաղել Լիզան:

– Փաստորեն, ըտենց ա ստացվում,- համաձայնվեցի ես:- Խանդում եմ, որովհետեւ էդ բանաստեղծությունների հետ ոչ մի կապ չունեմ, ավելի ճիշտ՝ էդ ոտանավորներն իմ հետ ոչ մի կապ չունեն:

– Էդ բանը նոր հասկացա՞ր:

– Հա. հենց արտասանեցիր պրծար՝ հասկացա:

– Ես շատ վատ եմ արտասանում:

– Արտասանելը ոչ մի կապ չունի. իմ գրածն էիր արտասանում:

– Ես մեղավոր չեմ:

– Չեմ ասում՝ մեղավոր ես: Հիմի նոր եմ հասկանում, որ Սեւակի էդ «Երեքնուկը» շատ կարգին գործ ա:

– Շատ հացուպանիր պիտի ուտես, որ Սեւակին հասնես:

– Ինձ թվում էր՝ արդեն կերել եմ:

– Եթե Վաչե Հովսեփյանը քո էդ խոսքերի վրա էլ երգ գրի՝ վատ չի ստացվի,- ասաց Լիզան եւ սկսեց երգել.- լուսաբացից պահե՜լ եմ մի քիչ արեւ, նստել՝ չորացնո՜ւմ եմ երգերս թա՜ց…

– Վերջացրո՛ւ,- գոռացի ես.- ձեռ ե՞ս առնում:

– Իզուր էլ ասացի,- երգը դադարեցնելով՝ ասաց Լիզան:

– Ի՞նչը իզուր ասեցիր:

– Երեւի չպիտի ասեի, որ գրածներդ «Գարունում» կարդացել եմ:

– Արդեն ասել ես:

– Որ չասեի, կմտածեիր՝ անձամբ քեզ եմ հավանել ու անձամբ քեզ եմ ժպտացել:

– Արդեն ուշ ա. ասել՝ պրծել ես:

– Մտածեցի՝ ասեմ, քեզ լավ զգաս: Մտածեցի՝ կարող է այլեւս առիթ չլինի:

– Ի՞նչ առիթ:

– Մտածեցի՝ մարդ ես, կարող է այլեւս իրար չտեսնենք:

– Ինչի՞ ես վատ բաներ մտածում:

– Լավն ու վատը միայն Աստծուն է հայտնի,- մտահոգ ասաց Լիզան ու ավելացրեց.- որը որ բարին է՝ թող այն էլ կատարվի:

– Պառավական բաներ ես ասում: Բարին ու չարը մեզնից ա կախված:

– Տրամադրությունդ ընկա՞վ:

– Հատուկ ես ըտենց բաներ ասում, որ տրամադրությունս ընկնի՞:

– Ի՞նչն եմ հատուկ ասում:

– Ասում ես՝ կարող ա էլ իրար չտենանք:

– Ուզում եմ ասել՝ մեկս մյուսիս հանդեպ պարտավորվածություն չունենք:

– Չեմ հասկանում՝ ինչ ես ուզում ասես:

– Ասում եմ՝ միանգամայն ազատ մարդիկ ենք:

– Կեցցե՜ ազատությունը:

– Ես լրիվ լուրջ եմ ասում:

– Բանաստեղծությունս էլ շատ լուրջ արտասանեցիր:

– Բանաստեղծությունդ որ արտասանեցի՝ տրամադրությունդ միանգամից ընկավ:

– Որովհետեւ շատ անհամ բանաստեղծություն էր:

– Ոչինչ. ավելի համովները կգրես: Բայց ինչո՞ւ էիր թաքցնում, որ բանաստեղծություն ես գրում:

– Դու էլ թաքցնում էիր, որ գրածներս կարդացել ես:

– Դու որ չէիր ասում՝ ես ի՞նչ ասեի:

– Քեզ լավ էլ զսպում էիր:

– Եթե իմանայի՝ տրամադրությունդ կընկնի, էլի՛ կզսպեի:

– Ոնց որ՝ գողության վրա բռնված ըլնեմ:

– Իզուր էլ ասացի:

– Որ չասեիր՝ ավելի վատ: Փաստորեն, էն գլխից գիտեիր, որ էդ հիմարությունները ես եմ գրել:

– Բոլոր դեպքերում, լավ է, որ գրածներիդ քննադատաբար ես վերաբերվում:

– Քո արտասանելուց հետո գլխի ընկա, որ հիմարություն եմ գրել:

– Իզուր էլ արտասանեցի:

– Կապ չունի. շուտ թե ուշ գլխի էի ընկնելու:

– Ավելի լավերը կգրես:

– Էլ դժվար թե գրեմ: Բանաստեղծությունն ի՞նչ տղամարդու զբաղմունք ա:

– Բա ի՞նչն է տղամարդու զբաղմունք:

– Չգիտեմ: Համենայն դեպս, տղամարդուն սազական զբաղմունք չի: Երեւի դրա համար էլ ամաչում էի ու չէի ասում:

– Ամաչելու բան չի:

– Վատ գրելն ամաչելո՛ւ բան ա:

– Բանաստեղծություններդ շատ էի հավանել, դրա համար էլ մեջս ցանկություն առաջացավ հետդ ծանոթանալ:

– Որ իմանայի կարդալու ես՝ ավելի լավ կգրեի,- ծիծաղեցի ես:

– Հիմա որ էսքան բան տեսար՝ ավելի լավ կգրես:

– Ի՞նչ տեսա:

– Ի՛նձ տեսար,- ծիծաղեց Լիզան.- իմ մասին չես գրելո՞ւ:

– Որ գրելը չթարգեմ՝ կգրեմ:

– Չես թարգի: Մինչեւ հիմա ո՞վ է թարգել, որ դու թարգես: Գրելը երեւի անբուժելի հիվանդության պես բան է:

– Ես պարապությունից եմ գրում. որ աշխատանք ունենայի՝ դժվար թե գրեի:

– Թամրազյանի մոտ իզուր էլ աշխատանքիդ հարցով խոսք չբացեցինք:

– Շատ դարդ մի արա. սաղ աշխարհը որ աշխատանք ունի, ես է՛լ մի օր կունենամ:

– Ինքնուրույն շատ դժվար է. Թամրազյանին պիտի ասած լինեինք:

– Հո չէի՞ խնդրի:

– Ե՛ս կխնդրեի:

– Ամոթ էր:

– Էդպես ամաչելով՝ դժվար թե աշխատանք ճարես:

– Կճարեմ:

– Մինչեւ ճարես՝ էդ ընթացքում լիքը բանաստեղծություններ գրած կլինես,- ծիծաղեց Լիզան:

– Էլ դժվար թե գրեմ:

– Մեր մասին էլ կգրես՝ հետո նոր կթարգես,- շարունակեց ծիծաղել Լիզան:

– Էսօրվա մասին արժի գրել:

– Բայց էսօրվա մասին բանաստեղծությամբ դժվար կլինի գրել:

– Մանավանդ՝ էդ տեսակ հորթային բանաստեղծությամբ:

– Էսօրվա մասին երեւի արձակ պիտի գրես:

– Բանաստեղծությունը դորդուբեշ արեցի:

– Էսօրվա օրը ծայրեծայր որ նկարագրես, հետաքրքիր պատմվածք կստացվի:

– Դո՛ւ գրի:

– Կգրեմ,- ասաց Լիզան.- տառերը գիտեմ, երեւակայությունս էլ տեղն է:

– Երեւակայություն պետք չի,- ասացի ես.- էս ամեն ինչը երեւակայությունից մի բան էլ ավել էր:

– Տե՜ր Աստված,- հանկարծակի ճչաց Լիզան:

– Քեզ ի՞նչ պատահեց,- վախեցած հարցրի ես:

– Փաստորեն, գուշակությունս կատարվեց:

– Ի՞նչ գուշակություն:

– Սուրճի բաժա՜կը,- բացականչեց Լիզան.- չես հիշո՞ւմ:

– Հիշեցի,- ասացի ես:

– Համատարած գիշեր էր,- ասաց Լիզան:

– Հիշում եմ,- ասացի ես:

– Փաստորեն, գուշակությունս կատարվեց,- կրկնեց Լիզան:

– Հա,- ասացի ես.- ճիշտ էիր ասում, որ գուշակություններդ կատարվում են:

– Ե՛ս չեմ ասում. ընկերուհիներս են ասում:

– Ասում էիր՝ անծայրածիր գիշեր ա: Գուշակությունդ, փաստորեն, մեկին մեկ տեղի ունեցավ ու կատարվեց:

– Սա դեռ վերջը չի,- մտահոգ ասաց Լիզան.- դեռ պարզ չի, թե քույրս ինչ լափ կթափի գլխիս:

– Հիմա մերոնք էլ իրար խառնված կըլնեն:

– Հետաքրքիր է, չէ՞:

– Ի՞նչը:

– Փոխանակ վազենք մեր տները, որ քույրս ու ձեր տնեցիք հանգիստ շունչ քաշեն, էս սելավին կանգնել՝ պոեզիայից ենք խոսում:

– Պոեզիայից դո՛ւ սկսեցիր խոսալ:

– Եթե «Գարունում» էդ բաները տպագրած չլինեիր՝ չէի խոսի:

– Էլ ըտենց ղալաթ չեմ անի:

– Փոշմանե՞լ ես:

– Ինչի՞ համար:

– Ուրախ չե՞ս, որ ծանոթացանք:

– Էդ ի՞նչ ասելու բան ա. ո՞նց ուրախ չեմ:

– Փաստորեն, քո պոեզիայի շնորհիվ ծանոթացանք:

– Պոե՜զիա,- քմծիծաղ տվի ես:

– Հա,- ասաց Լիզան.- եթե լուսանկարդ ամսագրի մեջ տեսած չլինեի՝ չէինք ծանոթանա:

– Էդ ֆոտոս ինձ հեչ նման չի. ո՞նց ճանաչեցիր:

– Լուսանկարում, իհարկե, շատ ավելի տպավորիչ ես, բայց, այնուամենայնիվ, որոշ նմանություն կա:

– Ինչքան չըլնի՝ ես եմ: Երեւի էդ ֆոտոս շատ երկար ես ուսումնասիրել, որ միանգամից ճանաչեցիր:

– Էդ «Գարունը» Ղափանի կայարանից գնեցի. ամբողջ ճանապարհին լուսանկարիդ էի նայում ու բանաստեղծություններդ էի վերընթերցում:

– Ծերից ծեր հիմարություն են:

– Իզուր ես էդպես ասում. եթե հիմարություն լիներ, անգիր չէի հիշի:

– Տափակություններն ավելի հեշտ են հիշվում, համ էլ՝ Ղափանից Երեւան երեւի հազար անգամ կարդացել ես:

– Լուսաբացից պահել եմ մի քիչ արեւ, նստել՝ չորացնում եմ երգերս թաց…

Ես ափովս Լիզայի բերանը փակեցի, որովհետեւ էդ առանց այդ էլ անհեթեթ տողերս էդ խորհրդավոր գիշերվա ու տեղատարափի մեջ ավելի՛ անհեթեթ էին հնչում, եւ երբ Լիզան ափս բերանից պոկեց եւ արդեն ուզում էր շարունակել կիսատ թողած բանաստեղծությունս, ես անմիջապես բերանովս փակեցի իր բերանը, ու չնայած մեր էդ ամենավերջին համբույրն իր էդ ասմունքի հանգամանքով էր թելադրված, այնուամենայնիվ, ահագին երկար տեւեց ու էլի կտեւեր, եթե Լիզան ինձ հրելով՝ ինձանից մի կերպ պոկ չգար, եւ երբ ինձանից պոկ եկավ, հասկացա, որ ինքը ֆիզիկապես լավ էլ ուժեղ է:

– Գնացի՛նք,- հրամայեց Լիզան:

– Էս հեղեղին ո՞նց գնանք:

– Էս հեղեղը վերջ չունի,- ասաց Լիզան եւ կոշիկները հանելով՝ տեղատարափի միջով ոտաբոբիկ առաջացավ:

Ինձ մնում էր հետեւել իրեն ու ես սուսուփուս վազեցի իր հետեւից եւ երբ արդեն հասել էի իրեն, ինքը ձեռքս բռնելով ասաց՝ «ձեռքդ տուր՝ չկորես»:

Աջով ձեռքս էր բռնել ու ձախով՝ կոշիկները, ու էդպես ջրափոսերի միջով ուղիղ գնացինք, հետո աջ թեքվեցինք, հետո էլի ձախ, ու հիմա որ էսպես հետին թվով ու մանրամասն Լիզայի էդ վարձով տան տեղը նկարագրեցի, նոր միայն գլխի ընկա, որ իրենց էդ վարձով տունը Սադոյան Արշակենց տների դեմդիմաց էր, ու էս բանը բնականաբար յոթանասունվեցին չէի կարող գլխի ընկնել, որովհետեւ էն թվերին Սադոյան Արշակին ո՛չ միայն ես չէի ճանաչում, այլեւ՝ ողջ Հայաստանը, ու Արշակի մասին էս միտքը գրելով ու օրվա պլանս կատարելով՝ հիմա հիշեցի, որ էս վեպիս երկրորդ հատորի ձեւավորման հարցով Սերվետի հետ պայմանավորված եմ, եւ էդ պայմանավորվածությունս հիշելով ու տնից դուրս գալով՝ նստեցի թիվ 17 երթուղայինը, որ ուղիղ Սերվետի արվեստանոցի դիմաց է կանգնում, բայց մի կանգառ շուտ՝ Մանկավարժականի մեր կորպուսի մոտ իջա, որովհետեւ մտքովս անցավ՝ էս նկարագրածս տեղերը երեսուն տարի անց տեսնել, ու չնայած երեսուն տարի առաջվա էն գիշերը շատ մութ էր, բայց Արշակենց տների դեմդիմաց գտնվող Լիզայի էդ վարձով տունն անմիջապես ճանաչեցի, ու էդ տան դարպասին կավիճով գրված էր՝ «տրվում է վարձով», եւ մտածեցի ու գլխի ընկա, որ էդ տան առաջին հարկում էլի ուսանողներ են վարձով ապրում ու ապրելու, եւ քանի որ հիմա հունիսի վերջն է, մտածեցի, որ ապրողներն արդեն ավարտել ու գնացել են, եւ տեղը նորերն են սպասվում:

– Վերջապես հասանք,- իրենց էդ վարձով տանը հասնելով՝ ասաց Լիզան:

– Դու հասար, մնաց՝ ես հասնեմ,- ասացի ես:

– Ներս գնանք,- առաջարկեց Լիզան.- մեր տանը կմնաս՝ մինչեւ անձրեւը կտրվի:

– Անհարմար ա. շատ ուշ ա,- ասացի ես:

– Անհարմարն էն կլինի, որ էս հեղեղին գնաս,- ասաց Լիզան:- Անձրեւը կկտրվի՝ կգնաս:

– Էս անձրեւը դժվար թե կտրվի,- ասացի ես:

– Համ էլ՝ մի քիչ կչորանաս,- ասաց Լիզան:

Մենք արդեն ընդհուպ մոտեցել էինք իրենց էդ վարձով տան դարպասին, որի վրա կավիճով ու շատ խոշոր տառերով հենց էս պահին գրված է՝ «տրվում է վարձով», եւ երբ Լիզան ասաց՝ «համ էլ մի քիչ կչորանաս», հենց էդ պահին ներսից ոտնաձայներ լսվեցին, եւ երբ մեծ դարպասին առընթեր փոքր դուռը բացվեց, ես անմիջապես հասկացա, որ դռնից մի կերպ դուրս եկած էդ հսկայական զանգվածը Լիզայի հարազատ քույրն է, եւ երբ հսկան Լիզայի թեւից բռնելով ու դռնից բակ քարշ տալով գոռաց՝ «էդ ո՞ւմ ես տուն հրավիրում, ա՛յ լիրբ», ես տեղումս մեխված մնացի ու չգիտեի՝ հետեւներից ներս գնամ ու միջամտե՞մ, տեղս կանգնա՞ծ մնամ, թե՞ շրջվեմ ու մեր տուն գնամ, ու մինչ երկընտրանքի մեջ շիվարած կանգնած էի, Լիզան քրոջից եւս մի քանի հարված կերավ, եւ երբ սրտապնդվելով բակ մտա ու քրոջն ասացի՝ «Թամրազյանենց տանն էինք», հաղթանդամը ձեռքը գցեց պատի տակ ընկած ցախավելին, բարձրացրեց, ու հաստատ էդ ցախավելի թաց կոթն իջնելու էր գլխիս, բայց Լիզան հասցրեց քրոջ ձեռքն օդում բռնել, եւ երբ քրոջ աջն օդում Լիզայի աջով բռնված էր, հաղթանդամը ձախով Լիզային ապտակեց ու ճչաց՝ «էդ արդեն իրար պաշտպանում ե՞ք», եւ երբ էդ հսկայական զանգվածի դեմ ցցվելով՝ Լիզային ասացի՝ «թող խփի՝ հանգստանա», հաղթանդամն էդ մթի ու անձրեւի միջով ատելությամբ ինձ նայեց ու աղաղակեց՝ «ռա՛դ էղի, խուժա՛ն», ու Լիզայի գլխին նորանոր հարվածներ տեղալով՝ քարշ տվեց տուն:

Ես, փաստորեն, Լիզային նույնիսկ բարի գիշեր չասացի եւ իրենց էդ վարձով տան բակից դուրս գալով՝ որոշ ժամանակ անիմաստ կանգնել մնացել էի էդ դարպասի դեմդիմաց, հետո սթափվեցի եւ մերոնց ու հատկապես մորս հիշելով՝ ջրերի միջով սլացա դեպի մեր տուն, եւ ջրերի միջով վազելով ու մորս մասին մտածելով՝ նաեւ մտածում էի, որ մեր տանն առավել սարսափելի տեսարաններ են սպասվում:

Ոտից գլուխ ջուր էի, ու սիրտս էլ, հիշում եմ, շատ արագ էր խփում, եւ երբ Կարոյենց շենքն անցա ու աչքս գցեցի մեր պատշգամբին, տեսա, որ մեր ե՛ւ ճաշասենյակի, ե՛ւ խոհանոցի լույսերը վառ են, ու հենց էդ պահին մտքովս շատ վատ բան անցավ, որովհետեւ հատկապես էդ օրերին մորս ճնշումը շատ էր բարձրանում, եւ երբ շնչակտուր մեր տուն հասա ու մեր շեմքին մորս ողջառողջ տեսա, ուրախությունս չկարողացա թաքցնել ու չափազանց ուրախ բացականչեցի. «Ա՛յ մամ, էս չես քնե՞լ»:

Մայրս ուզում էր ինչ-որ բան ասել, բայց երեւի բառեր չգտնելով՝ գլուխը դրեց ուսիս ու սկսեց հեկեկալ, ու էդ պահին մեր պատի ժամացույցին նայեցի ու տեսա, որ չորսն ահագին անց է, եւ մինչ մայրս հեկեկոցը զսպելով՝ բառեր էր փնտրում, ես իրեն կանխելով՝ ասացի.

– Բան չխոսա՛ս, մա՛մ. էս վերջին ուշանալս կըլնի:

– Բառ չեմ գտնում, որ ասեմ,- շարունակեց հեկեկալ մայրս:

– Ոչ մի բան էլ մի՛ ասա. ամեն ինչ պարզ ա,- ասացի ես:

– Ի՞նչն ա պարզ,- արցունքները սրբելով՝ ասաց մայրս:

– Մեղավոր եմ,- ասացի ես:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել