Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԼԻՈՆԸ» ՏԱՐԱՆ

Նոյեմբեր 21,2006 00:00

«Ֆորդ Ֆիեստան» շահեց «Արմեն ալկոն»

Ուրբաթ օրը ավարտվեց Velti միջազգային կազմակերպության եւ «ԱրմենՏելի» կազմակերպած «Գանձերի կղզի» ինտերակտիվ զվարճալի խաղի առաջին փուլը: 45 օր տեւած փուլին մասնակցել է 33798 մարդ, որոնք պատասխանելով իրենց ուղղված հարցերին, հավաքել են միավորներ: Velti-ի տեխնիկական գծով տնօրեն Վանգելիս Ստամատուկուսը նշեց, որ խաղը դեռ շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 31-ը եւ առավելագույն միավորներ հավաքած մասնակիցներին սպասվում են անակնկալ նվերներ: Իսկ մինչ այդ, խաղի 50 մասնակից գտել է իր «գանձը»՝ «Նոկիա» հեռախոս, «ԱրմենՏելի» կանխավճարային, «իզի» քարտեր եւ այլն: Խաղարկության մասնակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ հարցերը հիմնականում արկածային գրականությունից էին կամ ֆիլմերից: «Պատասխանել եմ ինձ ուղարկված գրեթե բոլոր հարցերին: Դրանք դժվար չէին եւ հիմնականում «Հարրի Պոթերից» էին: Չեմ հիշում, թե քանի հաղորդագրություն եմ ուղարկել, բայց պատասխանել եմ բոլոր հարցերին»,- ասաց «Նոկիա» հեռախոս շահած Լիլյա Շաքարյանը:

Հեռախոս շահած մյուս մասնակիցը մեզ ներկայացրեց իրեն ուղղված վերջին հարցը՝ «Որտեղ են գտնվում գանձերը. սնդուկո՞ւմ, պահածոյո՞ւմ, թե՞ գլխարկում»: Արարատի մարզի բնակիչ Տաթեւիկ Բավեյանը ընդամենը 10-15 SMS էր ուղարկել եւ կրկին արժանացել «Նոկիա» հեռախոսի: Նշենք, որ շահումային միավորներ կարելի էր ձեռք բերել նաեւ հարցերին չպատասխանելով, ուղղակի պետք էր ուղարկել «գանձ» բառը 2007 համարին: «ԱրմենՏելի» հավելավճարով ծառայությունների բաժնի պետ Աննա Սողոմոնյանը նշեց, որ «գանձ» բառը ուղարկելիս միավորների թիվը ավելանում է. «Միավորների մեծ քանակն էլ նվերներ շահելու հավանականությունն է մեծացնում, այդ թվում՝ նաեւ ավտոմեքենա: Մեխանիզմը նման է խաղատներում հայտնի «Ռուլետկա» խաղին: Ինչքան շատ գումար դնես՝ այնքան մեծանում է շահելու հավանականությունը»:

Ուրբաթ օրը «ԱրմենՏելի» խանութներից մեկում խաղարկվեց նաեւ նախատեսված «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենան: Համակարգչային ծրագրի միջոցով, պատահական թվերի ընտրության մեթոդով ընտրվեց հաղթողը: Ավելորդ չէ ասել, որ խաղարկության ընթացքում մի քանի անգամ փորձարկվեց վերոնշյալ մեթոդը, համոզելու համար, որ այն «կողմնապահություն չի անում»: Նշենք, որ ընտրելու պատիվը վերապահվեց «Առավոտի» թղթակցին: Քանի որ խաղարկությանը կարող էին մասնակցել բջջային բաժանորդային կապի բոլոր մասնակիցները, պարզվեց, որ խաղին մասնակցել էին նաեւ առեւտրային ընկերությունների ներկայացուցիչներ: Խաղարկության արդյունքում հաղթող ճանաչվեց «Արմեն ալկո» ՍՊԸ-ին պատկանող 091-43-29-80 հեռախոսահամարը, որը ծառայողական օգտագործման էր տրամադրվել նույն ընկերության աշխատակից Արմեն Թովմասյանին: Վերջինս 482 հաղորդագրությամբ պատասխանելով իրեն ուղղված հարցերին, հավաքել էր 20220 միավոր: Այսպիսով, խաղի հաղթող ճանաչվեց «Արմեն ալկո» ընկերությունը, հետեւաբար մրցանակը հանձնվեց նրան:

Հիշեցնենք, որ «Գանձերի կղզի» խաղը դեռ շարունակվում է եւ հունվարի 13-ին կխաղարկվի «Նիսան Պադֆայնդեր» մակնիշի ավտոմեքենա: Վանգելիս Ստամատուկուսը «ԱրմենՏելի» բաժանորդներին հիշեցրեց, որ շահելու շանսերը մեծանում են՝ կախված ուղարկվող պատասխան հաղորդագրությունների քանակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել