Լրահոս
Օրվա լրահոսը

«3-ՐԴ ՈՒԺԻ ԴԱՇՏԸ ՄԻԱՅՆ ՄԱՔՈՒՐ ԵՎ ԱՌՈՂՋ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ Է»

Նոյեմբեր 21,2006 00:00

\"\"Նոյեմբերի 19-ին Հրազդանի «Աղբյուրակ» հանգստյան տանը հյուրընկալվել էին «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության Կանանց միության (ԿՄ) անդրանիկ խորհրդաժողովի շուրջ 300 պատվիրակներ: Նրանց մասնակցությամբ համակողմանիորեն քննարկվեցին ԺԱԿ ԿՄ ընթացիկ աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ գնահատականներ տրվեցին քաղաքական դաշտում տիրող իրավիճակի, նախընտրական զարգացումների եւ գալիք քաղաքական գործընթացներում հայ կանանց ունենալիք հնարավոր մասնակցության վերաբերյալ: \"\"

Իր ողջույնի խոսքում դիմելով հավաքի մասնակիցներին՝ ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանն ասաց.

«Նայելով ձեր գեղեցկատես եւ ստվարազանգված այս բազմությանը, եւս մեկ անգամ համոզվում եմ, որ հանձինս ձեզ, 7000 կանանց միավորող ԺԱԿ կուսակցությունը անպատճառ լուրջ հաջողություններ է արձանագրելու 2007թ. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ»:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրողություններին՝ ԺԱԿ նախագահը միաժամանակ այն հաստատ համոզմունքը հայտնեց, որ կուսակցությունը իր գիտակից, պատրաստված եւ ակտիվ կանանց տեղը տեսնում է ոչ միայն 2007թ. նախընտրական գործընթացների կիզակետում, այլ նաեւ՝ ապագա նորընտիր խորհրդարանում: Իսկ բուն քաղաքական զարգացումների վերաբերյալ Ս. Մելիքյանը տվեց հետեւյալ գնահատականը. «Այսօր էլ ԺԱԿ-ը մնում է իր քաղաքական սկզբունքներին հավատարիմ եւ որպես 3-րդ ուժի դաշտի ամենահնաբնակ կուսակցություն, ամենեւին մտադիր չէ միավորվել կամ դաշինք կազմել օրվա իշխանական եւ կեղծ ընդդիմադիր ուժերի հետ: Իսկ վերջին ամիսներին նրանց կողմից մեզ նման առաջարկություններ են արվել բազմաթիվ անգամ: Սակայն չստանալով մեր համաձայնությունը, հիշյալ անսկզբունքային եւ կլանային ուժերը հիմա էլ փորձում են մի կերպ խցկվել 3-րդ ուժի դաշտ՝ խտրականություն չդնելով միջոցների մեջ: Օրինակ, որքան էլ տարօրինակ, բայց վերջին շրջանում 3-րդ ուժի մասին են սկսել խոսել այնպիսի տխրահռչակ, ինքնասպառված կուսակցություններ եւ քաղաքական դեմքեր, որոնց միայն անունը հիշատակելիս հասարակ քաղաքացու մոտ անմիջապես առաջանում են անսահման հիասթափություն եւ ձանձրույթ:

\"\"Փաստը մնում է փաստ, որ նրանց էժանագին հայտարարություններն ու փորձերը այսօր այլեւս չեն ընկալվում լրջորեն: Եվ այդ խիստ հատկանշական հանգամանքը եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ առաջադեմ 3-րդ ուժի դաշտը 2007 թվականին միայն մատչելի է լինելու մաքուր կենսագրություն եւ ազնիվ, առողջ նպատակներ ունեցող այնպիսի քաղաքական ուժերի համար, ինչպիսին է մասնավորապես ԺԱԿ-ը՝ իր ավելի քան 15-հազարանոց շարքերով:

Սակայն 3-րդ ուժից եւ ժողովրդավարական գաղափարախոսությունից բացի, ԺԱԿ-ը նաեւ կրողն է մի կարեւոր կարգախոսի, որի իրագործման դեպքում Հայաստանը կարող է շատ արագ դուրս գալ սոցիալ-տնտեսական փակուղուց եւ թեւակոխել զարգացման բոլորովին նոր, վերընթաց փուլ: Ավելի պարզ՝ ըստ ԺԱԿ-ի որդեգրած կարգախոսի, ապագա խորհրդարանում մեր ծրագրային թիվ մեկ առաջնահերթությունն է լինելու փոքր ու միջին բիզնեսի համակողմանի զարգացումը Հայաստանում»:

Իր հերթին կարեւորելով այն փաստը, որ հայ կանայք հավասարապես պետք է պատասխանատու լինեն Հայաստանի պետականության եւ հասարակության բարեկեցության ամրապնդման, ինչպես նաեւ ներկա ու գալիք սերունդների արժանավայել ապագայի կերտման խնդիրներում, ԺԱԿ ԿՄ նախագահ Ծ. Գեւորգյանը կուսակցության նախագահին եւ բոլոր ներկաներին հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է «հզոր շարքերով եւ հաղթելու անկոտրում հավատով մասնակցել 2007թ. խորհրդարանական ընտրություններին»:

Կատարված եւ կատարվելիք աշխատանքների մասին խորհրդաժողովում նաեւ իրենց տեսակետներն արտահայտեցին ԺԱԿ փոխնախագահ Բաբկեն Մարգարյանը, ԿՄ փոխնախագահ Լյուբա Ծատուրյանը, Վանաձորի եւ Արտաշատի տարածքային մասնաճյուղերի ԿԽ ղեկավարներ Լեռնուհի Սարգսյանը եւ Անահիտ Մեջլումյանը, միության կին գործարարների հանձնախմբի ղեկավար Անժելա Դալլաքյանը եւ ԺԱԿ վարչության անդամ, կին գործարարների ակումբի նախագահ Երազիկ Ալավերդյանը:

ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանը, ամփոփելով խորհրդաժողովի արդյունքները, իր եզրափակիչ խոսքում ներկաներին դիմեց հետեւյալ լավատեսական կոչով. «Այո՛, մեզ այսօր վիճակված է բավական բարդ եւ դժվարին պայքարի ուղի, սակայն ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այդ ուղու վերջում, ԺԱԿ-ի համար, արդեն իսկ տեսանելի է մոտալուտ հաղթանակի լույսը: Մեր բոլորիս հաղթանակի լույսը»:

Խորհրդաժողովի ավարտին Ս. Մելիքյանը հանդիսավոր պայմաններում եւ պատվիրակների ծափողջույնների ներքո, ԺԱԿ 7-հազարերորդ կին նորագրին՝ Անահիտ Շախկյանին հանձնեց կուսակցական անդամատոմսը: Իսկ միջոցառման եզրափակիչ մասում ներկաների ուշադրությանը ներկայացվեց ԺԱԿ շնորհաշատ անդամների ջանքերով կազմակերպված տոնական համերգը, ապա նաեւ ցուցադրվեցին «Արդինի» նորաձեւության կենտրոնի մշակած նորաձեւ հագուստի նմուշները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել