Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը փայլուն եզրափակեց տարին

Նոյեմբեր 21,2006 00:00

Հայաստանի անցած տարվա լավագույն մարզիկ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի համար անցնող մրցաշրջանն ավելի բեղմնավոր եղավ, քան նախորդը:

\"\"Նա 2005 թվականի ՖԻԴԵ-ի գավաթակրի, Եվրոպայի ակումբային եւ Ռուսաստանի թիմային չեմպիոնի կոչումներին ավելացրեց շախմատի օլիմպիական չեմպիոնի, Լինարեսի գերմրցաշարի հաղթողի, Միխայիլ Տալի 20-րդ կարգի գերմրցաշարի հաղթողի եւ բլից մրցաշարի երկրորդ մրցանակակրի կոչումները:

Նոյեմբերի 5-19-ը Մոսկվայի շախմատիստի կենտրոնական տանն անցկացված շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարում 5,5-ական միավորով հունգարացի Պետեր Լեկոյի եւ ուկրաինացի աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովի հետ միասին հաղթող դառնալուց ընդամենը մեկ օր անց նա մասնակցեց նույն շրջանակներում կազմակերպված բլից մրցաշարին ու երկօրյա պայքարից հետո եզրագիծը հատեց 2-րդը:

Բլիցին մասնակցում էին հիմնական մրցաշարի տասը մասնակիցներից ինը, բացի Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովից: Նրանց միացել էին հատուկ հրավիրված հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Անատոլի Կարպովը, հունգարուհի Յուդիթ Պոլգարը, ինչպես նաեւ նախապես 40 առաջատար շախմատիստների միջեւ անցկացված ընտրական մրցաշարում առաջին վեց տեղերն զբաղեցրած Բաադուր Ջոբավան (Վրաստան), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան), Վիկտոր Բոլոգանը (Մոլդովա) եւ Արտյոմ Տիմոֆեեւը (Ռուսաստան): Տասնութ գրոսմայստերների մասնակցությամբ երկու շրջանից բաղկացած բլից մրցաշարում, ինչպես եւ սպասվում էր, 34,0 հնարավորից 23,0 միավոր վաստակեց եւ միանձնյա հաղթող դարձավ Վիշվանաթան Անանդը: Նրանից երկու միավոր պակաս վաստակեց ու մրցանակային երկրորդ տեղը գրավեց Լեւոն Արոնյանը՝ 21,0 միավոր: Իսկ լավագույն եռյակը 20,5 միավորով եզրափակեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել