Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դեկտեմբերին մեքենաները կհասնեն Արաբկիր

Նոյեմբեր 27,2006 00:00

\"\"2006թ. ապրիլի 26-ին Ֆրանսիայի Պլեսի-Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկը եւ Երեւանի Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը վաղօրոք կնքած հուշագրի հիման վրա (Արաբկիրն ու Պլեսի-Ռոբինսոնը «քույր» համայնքներ են) Երեւանում գործնական պայմանագիր են ստորագրել՝ դրանով սկիզբ դնելով երկու համայնքների տնտեսական, մշակութային, կրթական, տեխնիկական համագործակցությանը:

Շուրջ 22.000 բնակչություն ունեցող ֆրանսիական այս փոքր քաղաքի հետ Արաբկիր համայնքի բարեկամությունը սկսվել է դեռեւս 2004 թվականից, երբ Պլեսի-Ռոբինսոնի պուրակներից մեկում կանգնեցվել է Զորավար Անդրանիկի կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը: Պլեսի-Ռոբինսոնում ապրում է 50 հայ ընտանիք՝ մոտ 220 հայ, եւ Զորավարի հուշարձանի տեղադրման նպատակն էր՝ ամրապնդել տեղի հայ համայնքի հետ կապերը:

2006թ. ապրիլին Արաբկիր էր ժամանել Ֆիլիպ Պեմեզեկի գլխավորած պատվիրակությունը՝ ծանոթանալու համայնքին, նրա առանձնահատկություններին ու խնդիրներին: Ֆ. Պեմեզեկի հրավերով հոկտեմբերին Պլեսի-Ռոբինսոն մեկնեց Արաբկիրի թաղապետարանի պատվիրակությունը՝ Հովհաննես Շահինյանի գլխավորությամբ: Ծանոթանալով երկու համայնքներին՝ համայնքի ղեկավարները հստակեցրին առաջիկա համագործակցության եզրերը: Պլեսի-Ռոբինսոնը կանաչապատման առումով, արդեն մի քանի տարի է՝ համարվում է Ֆրանսիայի ամենագեղեցիկ քաղաքը: Չնայած Պլեսի-Ռոբինսոնում ակտիվ բնակարանաշինություն է ընթանում, Ֆ. Պեմեզեկը հետամուտ է իր ղեկավարած քաղաքի՝ ֆրանսիական յուրօրինակ միջնադարյան ճարտարապետական ոճի պահպանմանը: Համայնքների ղեկավարներն արդեն պայմանավորվել են կանաչապատման, սանմաքրման բնագավառներում մասնագետների փոխանակում իրականացնել եւ համապատասխան մասնագետների միջոցով դասընթացներ կազմակերպել: Քննարկվել է նաեւ Արաբկիր համայնքի մարզադպրոցների աջակցության եւ սպորտային անհրաժեշտ պարագաների ձեռքբերման հարցը:

Ֆրանսիական եւ հայկական այս համայնքների առաջին գործնական համագործակցությունը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին: Ֆ. Պեմեզեկի եւ Հ. Շահինյանի մասնակցությամբ Պլեսի-Ռոբինսոնում տեղի է ունեցել մի միջոցառում, որով ֆրանսիական համայնքը աղբատար եւ ձնահավաք երկու մեքենաներ է նվիրել Արաբկիր համայնքին: Միջոցառմանը մասնակցել է նաեւ մեքենաների տեղափոխումն ապահովող «SEGEX» ընկերության տեխնիկական տնօրենը, որը ժամանել է Բելգիայից: Այս տարվա վերջին մեքենաները կհասնեն Արաբկիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել