Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդել՝ Հայաստանի ապագայի մասին

Նոյեմբեր 28,2006 00:00

Ըստ Նիկոլ Փաշինյանի, նման մոդելի մշակումը պետք է լինի քաղաքական գործունեության հիմքում:

Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ն. Փաշինյանը հայտարարեց, որ իրենց վերկուսակցական նախաձեռնությունն այլընտրանք է փորձում դառնալ ներկայիս գործող քաղաքական համակարգին՝ նրան բաղադրիչ մաս կազմող բոլոր հնարավոր ուժերին՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ: «Մենք այսօր աշխատում ենք քաղաքական գործունեություն սկսել՝ հիմքում դնելով ապագայի որոշակի մոդել: Որոշակի համախոհների դաշտ ձեւավորելուց հետո փորձելու ենք քաղաքական գործունեություն իրականացնել այդ մոդելը իրագործելու ուղղությամբ: Այսօր Հայաստանում գործող ընտրական համակարգը ՀՀ քաղաքացիներին առաջարկում է հետեւյալ ընտրությունը՝ դուք ո՞ւմ ստրուկն եք ուզում լինել՝ Հանրապետական կուսակցությա՞ն, թե՞ «Բարգավաճ Հայաստանի», այսինքն՝ Սերժի՞, թե՞ Գագոյի: Մենք մերժում ենք այս ընտրական համակարգը: ՀՀ քաղաքացիներով պետք է կարողանանք մերժել այս ընտրությունը եւ ասել, որ մենք չենք ուզում լինել ստրուկ եւ ուզում ենք լինել ազատ քաղաքացի, իսկ ազատության ընտրությունը պետք է տեղի ունենա Ազատության հրապարակում»,- ասաց «ՀԺ»-ի խմբագիրը:

Իշխանափոխությունը «Այլընտրանքի» համար նպատակ չէ, այլ միջոց է, որով գծվելու է Հայաստանի ապագայի մոդելը. «Իշխանափոխությունը մեզ համար անհրաժեշտ քայլ է Հայաստանի հետագա զարգացումը ապահովելու համար, բայց իշխանափոխության հաջորդ օրը պետք է լինի հստակ անելիք, եւ այդ անելիքը իրագործվի: Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերները այնպիսին են, որ Ուկրաինայի պես երկար մտածելու ժամանակ չկա, քաղաքական համակարգի փոփոխությունը պետք է անել հնարավորինս արագ: Այսօր մենք մեր գործունեության նախնական փուլում ենք: Պլանավորում ենք մինչեւ հունվարի վերջը հստակեցնել մեր համախոհների շրջանակը եւ փետրվարից սկսել հրապարակային գործողություններ»,- ասաց պրն Փաշինյանը: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, ապա՝ «Այլընտրանքը» չի մասնակցելու, քանի որ, ըստ բանախոսի, իրենց նպատակը մեկ-երկու հոգու մանդատի խնդիրը լուծելը չէ:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին «Առավոտի» հարցին Ն. Փաշինյանը պատասխանեց՝ «Մենք այնուամենայնիվ կարծում ենք, որ երբ որեւէ մեկը սկսում է քաղաքական գործունեություն, նա նկատի է ունենում, որ լրացնելու տեղ կա: Տվյալ պարագայում՝ բացը, որ մենք լրացնում ենք, ոչ թե անձի բաց է, ոչ թե մի քանի անձի բաց է, ոչ թե թիմի բաց է, այլ երկրի ապագայի մասին ունեցած պատկերացումների բաց է: Մենք ոչ թե անձեր ենք առաջարկում, ոչ թե այլընտրանքային կառավարություն ենք առաջարկում, մենք առաջարկում ենք երկրի ապագայի վերաբերյալ մոդել»:

Ասուլիսին ներկա «Այլընտրանքի» մեկ այլ նախաձեռնող՝ Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, գնահատելով մեկ տարի առաջ տեղի ունեցած հանրաքվեն, ասաց. «Հայաստանում որեւէ ձեւով իշխանափոխություն, որը տեղի կունենա ընտրական համակարգերի միջոցով, հնարավոր չէ: Նոյեմբերի 27-ը վերջն էր այդ ամեն ինչի՝ որպես սահմանադրական հանրաքվեի չկայացման օր: Այսօր մենք հասել ենք մի այնպիսի աստիճանի, որ այսպես շարունակելը բերում է պետության կործանմանը»: Լրագրողներից մեկի խնդրանքով անդրադառնալով այսօր Քոչարյան-Ալիեւ հանդիպմանը՝ Վ. Խաչատրյանն ասաց. «Այսօրվա իշխանությունները շարունակելու են այն քաղաքականությունը, որ Ղարաբաղի հարցի ոչ մի լուծում չիրականացվի: Համոզված եմ, որ էական ոչ մի որոշում այդ հանդիպման ժամանակ չի կայացվի, որովհետեւ հայկական կողմից որեւէ պատրաստակամություն ես չեմ տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել