Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը բավարար ուժեր ունի»

Հունվար 09,2007 00:00

Տարեվերջին վստահեցնում էր «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

– Վերջին շրջանում տարածված է այն կարծիքը, որ որոշ ընդդիմադիր ուժերի ձեռնտու է ընդդիմադիրի կարգավիճակը, եւ նրանք ունեն որոշակի գաղտնի պայմանավորվածություններ իշխանությունների հետ ու ընդդիմադիրի կերպարով հանդես կգան այնքան, որքան իրենց ձեռնտու կլինի: Դուք կիսո՞ւմ եք այս գնահատականը, կա՞ն այդպիսի պայմանավորվածություններ:

– Իմ այն գործընկերներին, որոնց հետ շփվում եմ, նրանց ես չեմ կասկածում եւ կարծում եմ՝ նրանք անկեղծ են եւ ռեժիմի հետ շուկայական հարաբերությունների մեջ չեն: Միանշանակ եմ ասում, ես չեմ կարող իմ գործընկերներին՝ Արամ Կարապետյան, Արամ Զավենի Սարգսյան եւ այլն, հանկարծ մտքովս անցկացնել, որ նրանք ռեժիմի հետ ինչ-որ գործարքների մեջ են: Բայց չեմ բացառում այդպիսի առանձին էպիզոդներ, եւ քանի դեռ չունեմ փաստեր, այդ մասին չեմ ուզում խոսել: Դա նույնպես հնարավոր է. թույլի, միջակի կարգավիճակը միշտ այդպիսին է եղել, մարդկության պատմությունը դա միշտ ապացուցել է:

– Հնարավո՞ր է, որ մեր հասարակությունը հասնի այնպիսի գիտակցության, որ ընդդիմության կողմից հնչող քաղաքացիական անհնազանդության կոչով դուրս գա փողոց եւ պահանջի իր իրավունքների վերականգնում: Չե՞ք գտնում, որ հասարակությունը հոգնած եւ հիասթափված է եւ ոչ մի կոչի էլ չի հավատում:

– Դա իշխանության տրիբունայից արտահայտված գնահատական է, որը հարիր չէ մեր ժողովրդին, մեր բնակչությանը: Ես ամեն օր շփվում եմ մեծ կամ փոքր խմբերի, մասսաների հետ, ես տեսնում եմ, իմ աչքերով, երբ հանրաքվեի ժամանակ մարդիկ բոյկոտեցին, ժողովուրդը պատրաստ էր բոյկոտելու, պատրաստ էր իր ձայներին տեր կանգնելու, բայց մենք թույլ տվեցինք սխալներ, մենք անվճռական եղանք, եւ բերեք մեր սխալները չբարդենք ժողովրդի վրա: Ժողովուրդը հանդուգն է, սթափ է եւ վճռական: Ժողովուրդը կաշկանդված չէ եւ նրան հնարավոր չէ բռնություններով կաշկանդել: Սա է այն բազան, որը մեզ թույլ է տալիս շարունակել գործել: Այ, տեսեք, Վարդան Մալխասյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին կալանավորելուց հետո Արագածոտնի մարզում ձեւավորվել է, բացի նրանից, որ «Հակակրիմինալում» ձեւավորվում է, լրջագույն կառույց՝ քաղբանտարկյալների պաշտպանության կառույց: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ ժողովուրդը կաշկանդվա՞ծ է կամ նրան հնարավոր է կաշկանդե՞լ, ո՛չ:

– Բայց իշխանությունները բավականին ակտիվորեն նախապատրաստվում են ընտրությունների, նույնիսկ կոնկրետ կուսակցություններ են մատնանշվում ՀՀ նախագահի կողմից, որոնք մտնելու են խորհրդարան՝ ՀՀԿ-ն, ԲՀ-ն, ՀՅԴ-ն եւ ՄԱԿ-ը, այսինքն՝ հետագա զարգացումները իշխանությունների համար կարծես պարզ են։ Այս իրավիճակում ընդդիմությունը բավարար լծակներ, ուժ եւ համառություն ունի՞ այդ զարգացումների դեմն առնելու:

– Ձեր թվարկած կուսակցությունների անունները Ռոբերտ Քոչարյանը հնչեցրեց, եւ նրա ասածը կրիմինալ հեղաշրջումն է, որը իրենք են պլանավորում, իսկ մենք պլանավորում ենք ամեն ինչ անել, որ այդ ուժերը չգնան խորհրդարան, եւ չլինի այս ռեժիմը: Եվ ընդդիմությունը բավարար ուժեր ունի, իսկ բավարար նախապայմանը ժողովուրդն է: Ժողովրդին պետք է ասել ճշմարիտ խոսք եւ ժողովրդի առաջ պետք է կանգնեն ճշմարիտ մարդիկ:

– Իսկ մեր ընդդիմության մեջ կա՞ն այդպիսիք, եւ ձեր նշած քայլերի ժամկետներն արդեն հստա՞կ են:

– Այո, ես արդեն ասացի, ժամկետների մասով, կարծում եմ՝ անգամ նոր տարվա շեմին մեզ ոչինչ չի խանգարելու ակտիվանալ, աշխատել եւ համախմբել ուժերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել