Լրահոս
Օրվա լրահոսը

Մի թեկնածու արդեն «առաջադրվեց»

Հունվար 12,2007 00:00

ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի «ՆԺ»-ում «գործակալի» համբավ ձեռք բերած երիտասարդը:

ՀՀԱԺ առաջիկա ընտրություններին, պարզվում է, արդեն սկսել են նախապատրաստվել ոչ միայն կուսակցությունները, այլեւ անհատ անձինք, ովքեր մտադիր են պատգամավորի իրենց թեկնածությունն առաջադրել մեծամասնական ընտրակարգով: Երեկ մեզ հետ զրույցում պատգամավոր դառնալու իր մտադրության մասին տեղեկացրեց դեռ անցյալ տարվա մայիսին «Նոր ժամանակներ» կուսակցությունը լքած Արսեն Ամիրխանյանը: Հիշեցնենք, որ նա մինչեւ մայիսի 13-ը այս կուսակցության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի ղեկավարն էր, որին «ՆԺ»-ից հեռացնելը դարձավ ներկուսակցական սկանդալային պատմություն: Կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարեց, որ Ա. Ամիրխանյանը կուսակցությունից հեռացվել է այն բանից հետո, երբ պարզվել է նրա գործակալ լինելը: Սակայն նա դեռ մեկ տարի առաջ էլ համաձայն չէր իր՝ կուսակցությունից հեռացված լինելու գնահատականին: Նրա վարկածով, այդ ի՛նքն է ժամանակին հրաժարվել «ՆԺ» տարածքային կառույցի ղեկավարը լինելուց, որովհետեւ դժգոհ է եղել կուսակցությունում տիրող անարդարությունից եւ «ՆԺ» վարած մարտավարությունից՝ շատ խոսել, հոխորտալ, բայց ոչինչ չանել: Այդուհանդերձ, նա կուսակցական ընկերների հորդորով շարունակել էր մնալ «ՆԺ» շարքային անդամ՝ հայտնի սկանդալային պատմությամբ, իսկ հիմա արդեն անկուսակցականի կարգավիճակով մտադիր է պատգամավորի թեկնածու առաջադրվել նույն համայնքի թիվ 7 ընտրատարածքում:

Մեր այն հարցադրմանն ի պատասխան, թե՝ արդյոք շուտ չէ՞ հայտարարել թեկնածություն առաջադրելու մասին, երբ տակավին հայտնի չէ ընտրությունների կոնկրետ օրը, Ա. Ամիրխանյանն ասաց. «Ինձ թվում է՝ շուտ չէ, որովհետեւ իմ այս հայտարարությունը նպատակ ունի տեղեկացնել համայնքի բնակիչներին ու նրանց զգուշացնել, որ հանկարծ ընտրակաշառքներին ու սուտ խոստումներին չտրվեն, որովհետեւ այդ համայնքում առաջադրվելու է ազնիվ մարդ՝ ես»:

Այս «ազնիվ» երիտասարդի հետ զրույցից պարզվեց, որ թեեւ առայժմ հայտնի չէ, թե այդ ընտրատարածքում ովքեր կառաջադրվեն, բայց նա համոզված է իր հաղթանակում, մանավանդ որ՝ իր ասելով, լավ թիմ ունի: «Համայնքը մեծ է, մեծ խնդիրներ ունի, ու համոզված եմ, որ շատ թեկնածուներ կառաջադրվեն՝ իշխանական ու ընդդիմադիր դաշտից: Բայց ես նրանց հետ մրցակցելու խնդիր չունեմ: Ով էլ որ առաջադրվի, իմ առաջարկը նրանց բոլորին լինելու է մեկը՝ բանավեճ հեռուստատեսության ուղիղ եթերում»,- հայտարարեց Ա. Ամիրխանյանը՝ հավելելով, որ իր հավանական բոլոր մրցակիցներին առաջարկելու է նաեւ քարոզարշավի միասին գնալ ու միասին հանդիպել բնակիչների հետ:

Հիշեցնենք, որ 2003-ին այս ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունները բավականին թեժ ու իշխանական թեկնածուների հետ լարված մրցակցության պայմաններում էին անցել ու հակառակ ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերին՝ ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել