Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԲԻԺՆԻԿՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄՈՎ ԵՆ ՏԱՌԱՊՈՒՄ»

Հունվար 18,2007 00:00

\"\"Իրենց հասցեին արված անառողջ քննադատության հեղինակներին այսպես են որակում EMPYRAY ռոք խմբի անդամները:

Հայաստանի ազգային բանակի 15-ամյակի միջոցառումների առիթով հետաքրքիր նախագիծ է իրականացնում «Շարմ» ընկերությունը, որտեղ տեղ է գտնելու նաեւ EMPYRAY ռոք խմբի՝ բանակին նվիրված երգը: Հիշեցնենք, որ այս խումբը Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել էր հաղթող՝ «Լավագույն ռոք խումբ» անվանակարգում:

Երաժիշտներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է փոխել իրենց կյանքում այդ հաղթանակը: «Առանձնապես ոչինչ: Պարզապես մի քանի օր լավ ուրախացանք: Հաճելի է, որ այդկերպ գնահատվեց մեր մի քանի տարվա ինտենսիվ աշխատանքը»,- նշեց խմբի անդամ Սարգիս Մանուկյանը: Անդրադարձ եղավ վերջին շրջանում հայկական հեռուստաալիքներով պտտվող նրանց 2՝ «Սեւ ու սպիտակ» եւ «Այնտեղ» տեսահոլովակներին ու հատկապես վերջինիս առիթով տարածված տարաբնույթ ասեկոսեներին:

«Այնտեղ» տեսահոլովակը, որտեղ հանդես եմ եկել երգչուհի Աննա Խաչատրյանի հետ, ինքնանպատակ չի արվել, եւ կարծում եմ՝ կատարել է իր դերը: Այնպես որ, այդ մասով չենք փոշմանել: Ճիշտ է, մեր դուետի մասին եղան ինչ-ինչ գնահատականներ: Պատճառն այն է, որ կան աբիժնիկության սինդրոմով տառապող մարդիկ:

Հիշեցնեմ, որ ինչպես այս, այնպես էլ մեր վերջին 2 տարիների շատ երգերի հեղինակը խմբի երաժիշտ Գիսանե Պալյանն է, տեսահոլովակը նկարել է Եղիշե Վերդյանը: Ինչ վերաբերում է «Սեւ ու սպիտակին», այն էլ նկարել է Լուսինե Մարտիրոսյանը»,- նշեց Սարգիսը: Մեր դիտարկմանը, որ ողջ աշխարհում ռոք խմբերը տարբեր ակցիաներ են իրականացնում, օրինակ՝ System of a Down-ը մեծ ներդրում ունի ցեղասպանության ճանաչման գործում եւ իր համերգներին այդ թեմաներով թռուցիկներ ու բուկլետներ է բաժանում, հայաստանցի ռոքերները նման ակցիաներ նախաձեռնո՞ւմ են, EMPYRAY խմբի մյուս անդամ Կարեն Արզումանյանը ժպտալով պատասխանեց. «Հայաստանում ռոք խմբի գոյությունն արդեն իսկ ակցիա է»: Գործընկերոջը շարունակելով՝ Սարգիսն էլ ավելացրեց, որ նման ծրագրեր միայնակ դժվար է իրագործել, եւ իրենք ընդամենը կարող են ապահովել իրենց ներկայությունը նման միջոցառումներին. «Ոչ միայն մեծ ֆինանսներ, այլեւ գաղափար է պետք դրա համար, իսկ Հայաստանում գաղափարները միշտ արժեզրկվում են: Դառնալով ցեղասպանությանը, ասեմ, որ դեռեւս 96-ից մի գործ ունենք այդ թեմայով: Եթե աջակիցներ գտնենք՝ այն տեսահոլովակ կդառնա: Երգը անգլերեն է, որովհետեւ դրսի հետ խոսելու լեզուն հաստատ հայերենը չէ, ոչ էլ զուռնա-դհոլը: Խոսքերը գրել է Գիսանեն, երաժշտությունը՝ Կարենը: Այն հնչել է միայն մեր համերգներին»:

EMPYRAY-ը գոհ է անցյալ տարվա նոյեմբերին կայացած իրենց մենահամերգից, որն անցել է լեփ-լեցուն դահլիճում: «Վերջին 2 տարվա մեր բոլոր քայլերն ուղղված են նրան, որ մենք դահլիճ բերենք այն հանդիսատեսին, որը հաստատ վերջին 10 տարվա ընթացքում ռոք համերգի չի գնում, որովհետեւ չի հավատում, թե կարող է լսել լավ երաժշտություն: Ուրախ էինք, որ մեր համերգին հանդիպեցինք առողջ ու դրական էներգիայով հանդիսատեսի, որոնց մեջ կային ոչ միայն երիտասարդներ, այլեւ 50-ն անց մարդիկ: Թե չէ՝ հաճախ որոշ ռոք համերգների գնում է այնպիսի հանդիսատես, որը երաժշտությունից բան չի հասկանում, ուղղակի ձեւ է իր համար գարեջրով գնալը, գետնին թավալ տալը: Մեր համերգին Սունդուկյան թատրոնի 900 տեղանոց դահլիճում շուրջ 1000 մարդ էր հավաքվել, բայց ոչ մի աթոռ չջարդվեց, մի չոփ չընկավ գետնին: Դա գալիս է նրանից, որ մեր երաժշտությունն էլ է մաքուր»,- նշեց Ս. Մանուկյանը:

Հաճախ ռոքը ասոցացվում է վատ երեւույթների՝ ալկոհոլի, թմրանյութերի, սատանիզմի եւ այլնի հետ: EMPYRAY-ի երաժիշտները դեմ են այս մտայնությանը: Ըստ Գիսանե Պալյանի, պատճառը ձեւավորված ոչ ճիշտ ստերեոտիպերն են. «Եթե մարդիկ ցանկանան՝ անգամ դասական երաժշտության մեջ կգտնեն սատանայական դրսեւորումներ: Իսկ եթե որեւէ մեկը ռոքի միջոցով ուզում է վատ բան պրոպագանդել, մեղավորը ոչ թե ռոքն է, այլ անհատը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել